Փաշինյանը սկսում է զգալ, որ իրավիճակը ծանր է. կատաստրոֆիկ արդյունքներ կարող են լինել. Վիգեն Հակոբյան

Հունիսի 7-ին կայանալիք ՀՀ Ազգային ժողովի ընտրությունների նախընտրական քարոզարշավը մտել է ակտիվ փուլ։ Ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 19 քաղաքական դաշինք և կուսակցություն, սակայն ըստ կանխատեսումների՝ հիմնական պայքարն այս ընտրություններում ընթանալու է Նիկոլ Փաշինյանի գլխավորած կուսակցության՝ գործող իշխանությունը կազմող ՔՊ-ի, և ընդդիմադիր երեք կամ չորս ուժերի միջև։ 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում խոսելով նախընտրական քարոզարշավի ընթացքի մասին՝ քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանն ընդգծում է, որ այս ընտրություններում ընդդիմության գլխավոր խնդիրն ընտրողների մասնակցության բարձր տոկոս ապահովելն է։

Քաղտեխնոլոգը նաև հավելեց, որ, եթե քվեարկությանը մասնակցի ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիների 55-60 տոկոսը, այդ դեպքում իշխանության վերարտադրվելու շանսերն էապես նվազում են։

«Սա տարրական թվաբանություն է։ Ընդհանրապես, ի՞նչ է իրենից ներկայացնում իշխանությունը, մանավանդ՝ այս իշխանությունը, որն արդեն օբյեկտիվորեն հոգնեցրել է հասարակությանը։

Կարդացեք նաև

Ցանկացած իշխանություն մի երկու ժամկետից հետո հոգնեցնում է հասարակության մի զգալի հատվածին։ Պատահական չէ, որ գրեթե բոլոր երկրներում, որտեղ ընտրական գործընթացներով են իշխանություն ձևավորում, երկու ժամկետից ավելի սովորաբար չեն ընտրում նույն անձին, որովհետև դա օբյեկտիվորեն նաև հոգեբանական խնդիր է։

Այս առումով, եթե նույնիսկ համարեինք, որ Նիկոլ Փաշինյանը և իր թիմակիցներն «իդեալական» իշխանություն են, որոնք իրենց գործը 100 տոկոս արդյունավետությամբ են անում, միևնույն է, հասարակության մի զգալի մաս արդեն փոփոխություններ է ուզելու, բայց քանի որ այս իշխանությունը տրամագծորեն հակառակ գնահատականի կարող է արժանանալ՝ ոչ արդյունավետ է աշխատում, և իր վարչախմբի գործունեությունը կործանարար հետևանքներ է ունեցել, հետևաբար՝ սրան գումարվում են նաև օբյեկտիվ գնահատականները և փոփոխությունների ակնկալիքը»,- մեկնաբանեց Վիգեն Հակոբյանը։

Նրա խոսքով՝ ԱԺ ընտրություններին մոտ 1,5 մլն մարդու մասնակցության դեպքում Նիկոլ Փաշինյանի ունեցած ընտրազանգվածը բավարար չէ վերընտրվելու համար։

«Եթե այս ընտրություններում 55 տոկոսից բարձր մասնակցություն լինի, Նիկոլ Փաշինյանի իշխանությունը լրջագույն վտանգի տակ է։ Ինչքան բարձր լինի մասնակցությունը, այնքան ավելի կատաստրոֆիկ արդյունքներ կարող են լինել իշխանության համար»,- կարծում է Վիգեն Հակոբյանը։

Քաղաքագետը շարունակում է. «Դրա համար էլ Փաշինյանն ընտրությունները վերածում է խեղկատակության, լեզվակռվի և փորձում է իր վարքագծով, ատելության խոսքով, հայհոյախառն ելույթներով ու սպառնալիքներով հնարավորինս «զզվացնել» ընտրողներին և անլրջացնել ընտրական գործընթացը, որ մարդիկ չգնան ընտրության։

Ահա այս լույսի ներքո քաղտեխնոլոգը գնահատում է Նիկոլ Փաշինյանի, մեղմ ասած՝ ջղաձիգ պահվածքը վերջին օրերին։ Հակոբյանի բացատրությամբ՝ դա պայմանավորված է այն հանգամանքով, որ Նիկոլ Փաշինյանը պարզապես առերեսվել է իրականությանը՝ քարոզարշավի ընթացքում տեսնելով մարդկանց վերաբերմունքը։ Քաղտեխնոլոգի խոսքով՝ Փաշինյանը սկսում է զգալ, որ իրավիճակը ծանր է։

«Դրանով է պայմանավորված Նիկոլ Փաշինյանի բառապաշարը, այս հիստերիկան, և այլն, և այլն։ Ջղաձիգ պահվածքը շատ մեղմ է ասված։ Ընդհանրապես, այդ բառապաշարը, վարքագիծը, կանանց քաշքշելը, իմ կարծիքով, քաղաքակրթական պրոբլեմ է։ Սրան ավելանում է նաև առերեսումն իրականության հետ, հատկապես մեծ քաղաքներում՝ Երևան, Գյումրի, Վանաձոր։

Դրա կուլմինացիան, իհարկե, Արաբկիրի օրն էր։ Բառացիորեն սթրեսային էր այդ օրը Նիկոլ Փաշինյանի համար։ Նա սկսում է զգալ, որ իրավիճակը բավականին ծանր է, ավելի ծանր է, քան իրենք պատկերացնում էին, և այստեղից գալիս է այս ջղաձիգ պահվածքը, ինքնատիրապետումից դուրս գալը, կարծում եմ՝ ինքնաբուխ հայտարարությունները՝ «սատկացնելու եմ», «բռնելու եմ», «կզացնելու եմ», բոլորին «պետական դավաճանության» և «օտարերկրյա գործակալ» լինելու մեջ մեղադրելը»,- մեկնաբանեց քաղտեխնոլոգը։

Վիգեն Հակոբյանի կարծիքով՝ Նիկոլ Փաշինյանը կոպիտ սխալ է գործել՝ նույնիսկ ստրատեգիական նշանակության սխալ՝ դուրս գալով ինքնատիրապետումից.

«Ամեն դեպքում, նա իսկապես շանս է տվել ընդդիմությանը, և ընդդիմությունը պետք է այդ սխալներից օգտվի։ Միայն վիզուալ ցուցադրումն այդ ամենի կարող է նույն ապատիայի մեջ գտնվող «սուրճ խմողների» մոտ բողոքական տրամադրություններ առաջացնել, որովհետև այստեղ առաջանում է քաղաքակրթական պրոտեստ։ Օրինակ՝ այն, ինչ տեղի ունեցավ Արաբկիրում, քաղաքակրթական պրոտեստ էր»։

Վիգեն Հակոբյանը նաև խոսեց Միացյալ Նահանգների, Չինաստանի և Ռուսաստանի միջև բանակցությունների ու նոր աշխարհակարգի ձևավորման թեմայի շուրջ՝ անդրադառնալով ինչպես նախորդ շաբաթ Պեկինում տեղի ունեցած Թրամփ-Սի Ծինփին բանակցություններին, այնպես էլ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի պաշտոնական այցին Չինաստան և Պեկինում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի միջև «բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին հռչակագրի» ստորագրմանը։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031