«Սա սխալ քաղաքականության առաջին ձնծաղիկներն են, չկարգավորվեց՝ որպես նախկին պաշտոնյա՝ ահազանգում եմ. հետևանքները շատ ծանր են լինելու». Աշոտ Հարությունյան

Հայաստանում ծաղկագործները, մասնավորապես՝ փոքր և միջին, վաղվանից կրկին կանգնելու են խնդրի առաջ, քանի որ ՌԴ-ն՝ «Ռոսսելխոզնադզորը» սահմանափակում է Հայաստանից ծաղիկների ներմուծումը՝ մայիսի 22-ից սկսած։

«Չնայած ՀՀ ՍԱՏՄ-ի ներկայացրած երաշխիքներին,  շարունակում են հայտնաբերվել ԵԱՏՄ-ի համար կարանտինային բույսեր։ 96,2 միլիոն ծաղիկների ու բույսերի  ներմուծման ժամանակ այդպիսի 135 դեպք է արձանագրվել, ինչը կազմում է ամբողջ 2025 թվականին հայտնաբերված ընդհանուր դեպքերի 77 տոկոսը»,- նշել է «Ռոսսելխոզնադզորը»։

Գյուղատնտեսության նախկին փոխնախարար Աշոտ Հարությունյանը խոսելով այս խնդրի մասին, նշեց, որ բոլորն էլ գիտեն, թե այս խնդիրը որտեղից է գալիս, այսինքն՝ «փափուկ ուժի» կիրառում է՝ ոչ ճիշտ քաղաքականության հետևանք։

«Լավ, ընդունենք՝ նման խնդիր կա, նշանակում է՝ զուտ մասնագիտական առումով, համակարգված ձևով պետք է գերատեսչական մարմիններով զբաղվեին, հատկապես, որ այս խնդիրը ժամանակ առ ժամանակ կրկնվում է։ Իսկ եթե խնդիրը ժամանակ առ ժամանակ կրկնվում է, նշանակում է գլոբալ մասնագիտական թերացում կա՝ սկսած մասնագիտական միջոցառումներից, որոնք պետք է վերաբերեն բույսերի պաշտպանությանը, վերջացրած առանձին կանոնները պահպանելու առումով։

Կարդացեք նաև

Կրկնում եմ՝ գերատեսչական մարմինները թերացել են, պարտադիր չէ, որ բոլոր ֆերմերները, ծաղկագործները տիրապետեն մասնագիտական նրբություններին, առավել ևս՝ օրենսդրությունից համապատասխան բխող։ Այս մարդկանց պետք է տրվի մասնագիտական խորհրդատվություն, աջակցություն, պետությունը պետք է կանգնի ու աջակցի այդ մարդկանց»,- 168.am-ի հետ զրույցում նշեց Աշոտ Հարությունյանը։

Ըստ նրա, անհատները մեծ ներդրումներ են անում, բայց նման կարգի հարցերը բերելու են մեծ խնդիրների, և մարդիկ կանգնելով փաստի առաջ, կգնան ոչ միայն սնանկացման, այլև տնտեսապես կործանման։

«Բացարձակ թերացում է, անկախ նրանից, թե գերատեսչական մարմնի ղեկավարն ինչ կմեկնաբանի կամ ինչ կասի, սա մասնագիտական բարձր որակի աշխատանք կատարելու մասին է, որն այս պահին բացակայում է, գործառույթները թերի են կատարվում։ Պետությունը պետք է իր ֆերմերի կողքին կանգնած լինի բոլոր առումներով։

Օրենսդրական, մասնագիտական բաց կա, զուգահեռ՝ Կառավարության կողմից համապատասխան աջակցություն  չկա, ֆինանսները ճիշտ ուղղությամբ չեն գնացել։ Սա նշանակում է, որ պետական խնայած միջոցները՝ թոշակառուներից ու մյուսներից ստացած հարկերը, վատնվել են անտեղի, օգուտ տալու փոխարեն՝ վնաս են տվել»,- շեշտեց Աշոտ Հարությունյանը։

Մեր զրուցակցի կարծիքով՝ խնդիրը կապված է նաև  միջպետական հարաբերությունների հետ՝ «դու՝ ինձ, ես՝ քեզ» սկզբունքով։

«Պարզ է, որ տարբեր տոնայնությամբ, տարբեր տեղերում հնչում են հայտարարոթյուններ՝ Հայաստանից ու Ռուսաստանից, չգնահատելով հետևանքները։ Եթե դիտավորյալ է նման բան արվում, ուրեմն՝ դրա հետևանքները կրելու են սովորական մարդիկ՝ ջերմոցատերերը, ֆերմերները։ Սա ոչ ճիշտ քաղաքականության, «փափուկ ուժի» կիրառման առաջին ձնծաղիկներն են։ Եթե մինչև մայիսի 28-ը խնդիրները չկարգավորվեն, տոնայնությունը չփոխվի, ԵԱՏՄ-ի կանոնակարգի հարցերը չկարգավորվեն, ինչպես կուլիսային, այնպես էլ համապատասխան ժողովներում, այս պահին որպես նախկին պաշտոնյա ահազանգում եմ՝ հետևանքները շատ ավելի ծանր են լինելու։ Իսկ ֆերմերների ու ջերմոցատերերի համար նույնիսկ կործանարար է լինելու»,- ընդգծեց Աշոտ Հարությունյանը։

Հիշեցնենք, որ այսօր Կառավարության նիստից հետո Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին՝ ասել էր, որ Հայաստանում «Ռոսսելխոզնադզոր»-ից մասնագետներ կան՝ կոնկրետ ընկերություններում ուսումնասիրություններ են անցկացնում։

«Դրանք ընկերություններ են, որոնց դեպքում փակ էր, եթե դրական եզրակացություն լինի, արտահանման հնարավորությունը կբացվի։ Կարծում եմ՝ ընթացիկ աշխատանքային իրավիճակներ են, իհարկե, չեմ բացառում, որ կան հայաստանյան որոշակի ուժեր, որոնք փորձում են որոշակի այնպիսի իրավիճակ ստեղծել, որպեսզի հայ արտադրողները ՌԴ-ում կանգնեն խնդիրների առաջ։ Նման տեղեկատվություն պարբերաբար ստանում ենք, բայց նաև կարողանում ենք նման խնդիրներ զուգահեռաբար լուծել»,- նշել էր նա։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ    
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031