ՄԱՐԴԸ ԿՅԱՆՔԻՑ ԶՐԿՎԵՑ ՔՊ ՊԱՍՏԱՌԸ ՊՈԿԵԼՈՒ ՀԱՄԱ՞Ր. ԺԱՆՆԱ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
168 TV-ի «Զառան հարց ունի» հաղորդաշարի հյուրը «Լրագրողներ հանուն մարդու իրավունքների» հասարակական կազմակերպության նախագահ, իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանն է։
Հարցազրույցի ընթացքում Ժաննա Ալեքսանյանի մի քանի շեշտադրումները՝ ստորև․
- Այդ անձը՝ մեր երկիրը ղեկավարողը, այսպես ասած, այլևս ոչ օրենքի, Սահմանադրության կարիք չունի, քանի որ ամբողջ իրավապահ համակարգն է ենթարկեցրել իրեն, և նրանք պատրաստակամ ենթարկվել են։ Սրա համար իրավապահները չեն կարող ոչինչ անել․ այսինքն՝ կարող են, բայց չեն անում:

- Բարոյական կողմն իսպառ բացակայում է ՔՊ թիմի մոտ ամբողջությամբ, իրենք կոտրեցին այդ սահմանները․․․ Օրինակ, երբ տեսանք, թե «Եռաբլուրում» ինչպես վարվեցին սևազգեստ մայրերի հետ, զոհերի հարազատների հետ, այդ գիծը, որը երբեք չէր խախտվել, խախտվեց, որ անհետ կորածի, զոհվածի մոր հետ այդպես կարելի է վարվել, կարելի է քաշքշել, կարելի է բռնության ենթարկել, գործեր հարուցել։
- Որ ասում են՝ իշխանությունն այլասերություն է, իսկ բացարձակ իշխանությունը՝ բացարձակ այլասերություն․ սա հենց այդ դեպքն է․ Նիկոլ Փաշինյանն ինքն է ամբողջովին որոշում։ Իրավապահ համակարգ ասածը գոյություն չունի, նսեմացված վիճակում է՝ չնայած, օրինակ, Գլխավոր դատախազը երևի իրեն շոյված է զգում, որ ինքը նսեմանում է, իսկ ես տեսնում եմ, որ ինքը նսեմացվում է շարունակ։ Օրինակ, եթե Արթուր Օսիպյանին կալանավորում ես, դա ի՞նչ է։ Անմեղ մարդուն՝ բացահայտ․․․ որևէ բան չկա, և մեղադրանքի հիմքում դրել են հենց այդ բանավեճը։ Կամ՝ Նարեկ Կարապետյանի դեպքը։ Անմեղության կանխավարկածը ջնջել է Նիկոլ Փաշինյանը։
- Ես չեմ տեսնում, որ կա այդպիսի հիբրիդային իրավիճակ։ Ռուսաստանից ազատվելու խնդիր, եթե ձեր ղեկավարությունը, ասենք, բազա ունի Գյումրիում, ռուսական սահմանապահ զորքեր ունի, ինչի՞ համար եք պայքարում։ Այսինքն՝ իրենք ինչո՞ւ չեն հանում այդ զորքերը, ինչո՞ւ դուրս չեն գալիս ԵԱՏՄ-ից․․․ Նիկոլ Փաշինյանը նախօրեին ասում էր, որ Պուտինի հետ ընկերական հարաբերություններ ունի, իրեն կոմպլիմենտ էր անում։ Փաշինյանն ամենանվիրյալն է եղել ռուսական քաղաքականությանը, ռուս-թուրքական քաղաքականությանը, անպես որ, Փաշինյանն ինքը հենց ռուսների համար է աշխատում, և հիմա տեսնում եք՝ Հայաստանի ամենաշատ կախվածությունը, բոլոր փորձագետներն են արձանագրում, Ռուսաստանից է։
- Նախընտրական շրջանում այսպիսի մահվան դեպքը շատ մեծ ներգործություն կարող է ունենալ նախընտրական շրջանի և ընտրության ընթացքի վրա, և այս լռությունը, ես կարծում եմ, որ դիտավորյալ էր, նույնիսկ կարծիքներ եմ լսել, որ այն ատելության խոսքը, որ ասում էր Փաշինյանը, մահվան դեպքի հաջորդ օրն էր․ Նիկոլ Փաշինյանը, կարծեք, աղմուկ էր սարքում, որ մոռացության մատնվի այդ դեպքը։ Ես կարծում եմ, որ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններն անպայման հերթով անդրադառնալու են այս դեպքին։ Մարդը կյանքից զրկվեց մի հատ պաստառ պոկելո՞ւ համար։ Ասում է՝ ագրեսիվ էր, դո՞ւ ես որոշում իր ագրեսիվությունը․ ագրեսիվ էր՝ շտապօգնություն զանգեիր, և ինչպես է ոստիկանությունը տարել:

- Ես հունիսի 7-ից հետո ուզում եմ արթնանալ մի Հայաստանում, որտեղ արդարության համար են պայքարելու, բայց առանց արյունի։
Մանրամասները՝ տեսանյութում



