Հայ-չինական հարաբերություններն ակտիվանում են
«Չինաստանի հետ Հայաստանի հարաբերությունների ներուժն օգտագործված չէ մինչև վերջ և շարունակում է ակտիվանալ: Ներկայումս բանակցային փուլում է գտնվում մեզ համար կարևոր ենթակառուցվածքների շինարարություններում չինական ընկերությունների մասնակցությունը: Բացի դա, լուրջ ծրագիր է ուրվագծվել, որը նախատեսում է Հայաստանի ազգային հեռուստատեսության ամբողջովին վերազինում: Դա ահռելի է ծրագիր է»,- այսօր ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2013թ. բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ տեղեկացրեց ՀՀ ԱԳ փոխնախարար Սերգեյ Մանասարյանը:
Ըստ նրա՝ չինական կողմը մեծ հետաքրքրություն ունի ՏՏ ոլորտում, մի մեծ նախագիծ էլ կա, որի համար սպասում են չինական կողմի վերջնական արձագանքին՝ տարածաշրջանային նշանակության չինական դպրոց, որ պետք է կառուցվի ՀՀ-ում:
«Բանակցություններ են սկսվել սահմանային մաքսային անցակետերի վերազինման վերաբերյալ: Բանակցություններ են սկսվել արտոնյալ վարկ ստանալու վերաբերյալ՝ սահմանային զննման սկաներների ձեռքբերման շուրջ: Չինական կողմը ցանկություն է հայտնել աշխատանքը դնել երկարաժամկետ և միջնաժամկետ ծրագրերի տակ»,- թվարկեց փոխնախարարը՝ հավելելով, որ հաշվի առնելով այն փորձը, որ կա չինական գործընկերների հետ, նախաձեռնությունները հաջողությամբ ավարտին կհասցվեն: