Սև ամպեր` Հայաստանի ՄՄ անդամակցության գլխին. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է. «Կառավարության ծրագրում մի քանի տեղ հիշատակվում է Մաքսային միությանը Հայաստանի անդամակցության մասին, ճիշտ այնպես, ինչպես ընդամենը մեկ տարի առաջ (2013թ.) ներկայացված ծրագրում հիշատակվում էր Արևելյան գործընկերությունն ու Ասոցացման համաձայնագիրը:
Սակայն Մաքսային միության հարցը կարծես թե նույն ճակատագիրն է ունենալու, ինչ նախորդ ծրագրում պաթոսով ներկայացված ԵՄ հետ Ասոցացման համաձայնագիրն ունեցավ: Մաքսային միության` որպես կառույցի գլխին սև ամպեր են կուտակվում, էլ չասած Հայաստանի անդամակցության մասին: Այսպես, լուրջ տնտեսական խնդիր է ծագել Բելառուսի և Ռուսաստանի միջև: Մաքսային միության շրջանակում Բելառուսին տրամադրվում էր չափազանց էժան նավթամթերք, որի հիման վրա էլ այս երկիրը կարող էր քիչ թե շատ մրցունակ արտադրանք թողարկել:
Սակայն Եվրասիական տնտեսական միության ստեղծումը և գործարկումը (նախատեսված 2015-ի հունվարի 1-ից) տրամաբանորեն ենթադրում է նույն խաղի կանոնները ամբողջ միության կազմում: Այդ միության հեղինակները փորձում են նմանակել Եվրամիությանը, և եթե նույն խաղի կանոնները չլինեն ամբողջ տարածքով մեկ, այդ միությունը կլինի բացառապես թղթի վրա:
Ղազախստանն ու Բելառուսը շատ կարևոր պատճառ ունեն` ընդդիմանալու Հայաստանի ու Ղրղզստանի անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Բանն այն է, որ որոշումների հիմնական մասը քվեարկությամբ է ընդունվելու: Իսկ այդ որոշումների կայացման ժամանակ Հայաստանն ու Ղրղզստանը ակնհայտորեն Ռուսաստանի կողմն են բռնելու, և այդ կերպ Ղազախստանն ու Բելառուսը փոքրամասնություն են կազմելու: Սա ևս մի խոչընդոտ է` Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցության ճանապարհին:
Այսպիսով, Մաքսային միության ու հատկապես դեռևս չստեղծված Եվրասիական տնտեսական միության կայացումը չափազանց լուրջ խնդիրների լուծման հետ է կապված: Այդ պատճառով էլ եկող տարվանից դրանց Հայաստանի անդամակցումը այս պահի դրությամբ քիչ հավանական է»:
Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։