Հովիկ Աբրահամյանի նկատմամբ տածած սիրո գաղտնիքը

Հայաստանի խորհրդարանում կարծես թե բոլորը համերաշխ են նոր վարչապետ Հովիկ Աբրահամյանի հետ. նույնիսկ նրանք ովքեր իրենց ընդդիմություն են համարում և հայտարարում են, որ չեն պատրաստվում համագործակցել կառավարության հետ: Նույնիսկ թվացյալ արմատական ընդդիմադիր դիրքերից հանդես եկող ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը, ով հայտարարում է, որ իրենք չեն կարող համագործակցել մի մարդու ղեկավարած կառավարության հետ, ով զբաղեցրել է կեղծված ընտրություններով նախագահի պաշտոնը զբաղեցրած Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը, իրականում գովում է Հովիկ Աբրահամյանին:

Գովում է, որովհետև Արամ Մանուկյանի խոսքի ենթատեքստն այն է, որ Հովիկ Աբրահամյանի միակ թերությունն այն է, որ նա զբաղեցրել է Սերժ Սարգսյանի նախընտրական շտաբի պետի պաշտոնը: Ստացվում է, որ եթե այդ հանգամանքը չլիներ, ՀԱԿ-ը պատրաստ էր կողմ քվեարկել Աբրահամյանի ներկայացրած նախագծին:

Բացառությունը միայն ֆորմալ առումով ՀԱԿ խմբակցության անդամ Նիկոլ Փաշինյանն էր, ով խոսեց ոչ թե կառավարության ներկայացրած ծրագրի առանձին դրույթների, դրանց իրականացման իրատեսականության կամ դրանում նոր կետեր ամրագրելու անհրաժեշտության մասին, այլ այդ ծրագիրը ներկայացնողների մասին, այն մասին, թե՞ արդյոք վարչապետ Հովիկ Աբրահամյանը և նրա ղեկավարած կառավարության անդամներն այն անձինք են, ովքեր ի վիճակի են իրականացնելու ծրագիրը:
Նիկոլ Փաշինյանն իր ելութը սկսեց` հիշեցնելով նախագահ Սերժ Սարգսյանի 2001թ. նոյեմբերի 9-ի ելույթը, մեջբերելով նախագահի այն խոսքերը, որ գործարարությունը պետք է տարանջատվի պետական համակարգից և իշխանությունից:«Այս հայտարարությունից ընդամենը երկու տարի անց, մի քիչ ավել ձևավորվում է մի կառավարություն, որի անդամներից առնվազն հինգը կարող են հավակնել Հայաստանի ամենահարուստ 20 մարդկանց ցուցակում տեղ զբաղեցնելու համար:

Իսկ Հովիկ Աբրահամյանը և Գագիկ Խաչատրյանը` ընդհանրապես եռյակի հավակնորդներ են»: Ըստ Փաշինյանի` Հայաստանի անկախության տարիներից ի վեր պետական պաշտոններ զբաղեցրած Հովիկ Աբրահամյանը վերածվել է Հայաստանի ամենախոշոր սեփականատերերից մեկը` հազարավոր հեկտարներով հողեր, գազալցակայաններ, բենզալցակայններ, գործարաններ, հանգստյան տներ, առանձնատներ: Խոսելով նոր կառավարության կազմում աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանի մասին` Փաշինյանն ասում է. «Դավիթ Հարությունյանն այնքան անշարժ գույք է հայտարարագրել, որ տպավորություն է, որ ինքը վերջին 20-25 տարում ոչ թե պետական պաշտոնյա է եղել, այլ անշարժ գույքի գործակալ»:

Կարդացեք նաև

Փաշինյանը հիշելով Տիգրան Սարգսյանի հետ կապված օֆշորային սկանդալը, ասում է, որ նման օֆշորային սկանդալ ունի նաև այս կառավարությունը: Պատգամավորը հիշեցրեց, որ ժամանակին Կարեն Ճշմարիտյանն օֆշորային գոտում ընկերություն էր գրանցել, որը հետո «Հաղթանակ» զբոսայգում կառուցեց այն ժամանակներում բավական աղմուկ հանած «Գոլդեն փելես» հյուրանոցը»: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ ինքն այս ամենի մասին խոսում է միայն այն պատճառով, որ անընդհատ խոսում են կոռուպցիայի մասին, մինչդեռ կոռուպցիան պոզով-պոչով կենդանի չի: «Էս ա կոռուպցիան»,- ասում է նա հայցքով ու ձեռքերով ցույց տալով կառավարության անդամներին:

Անդրադառնալով կառավարության ծրագրին` Փաշինյանը նշում է, որ կառավարությունն իր ծրագրում գրել է, որ պետք է ազգային բրենդի ծրագիր մշակի: «Ոչ մի բան մշակելու կարիք չկա. քանի դեռ այս կառավարությունը կա, այս իշխանությունը կա, Սերժ Սարգսյանի գլխավորությամբ Հայաստանի Հանրապետությունն ունի մեկ ազգային բրենդ. դա կոռուպցիան է»:

ՀՀԿ-ականները փորձեցին հակադարձել Փաշինյանին. նրա ելույթի ժամանակ ռեպլիկներով հանդես էր գալիս Առաքել Մովսիսյանը` Շմայս, ելույթից հետո արտահերթ կարգով ելույթ ունեցավ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը, հետո Փաշինյանի ելույթին անդրադարձան ԱԺ Պետաիրավական հարցերի հանձնաժողովի նոր նախագահ Հովհաննես Սահակյանը, Գիտության և կրթության նախարար Արմեն Աշոտյանը: Բայց նրանցից, որևէ մեկը այդպես էլ չկարողացավ հերքել Փաշինյանի մեղադրանքներից և ոչ մեկը: Չկարողացան հերքել այն պարզ մեղադրանքը, որ կառավարության անդամները միլիոնատերեր են դարձել ոչ ամենևին` պետական աշխատավարձը հավաքելով և խնայելով, այլ գործարարությամբ զբաղվելով, և գործարարության մեջ հաջողության են հասել իրենց զբաղեցրած պետական լծակները հօգուտ սեփական բիզնես շահերի օգտագործելու շնորհիվ:

Հիմա նայենք, թե ինչ են ասում մյուս խմբակցությունների պատգամավորները, այն պատգամավորները, ովքեր իրենց հայտարարում են ընդդիմադիր կամ այլընտրանք:
ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ, ԲՀԿ խմբակցության անդամ Միքայել Մելքումյանն իր ելույթը սկսեց նրանից, որ Հովիկ Աբրահամյանին ցավակցեց շատ ծանր ժառանգություն ստանալու համար, միաժամանակ հույս հայտնելով, որ կառարությունը կկարողանա իրականացնել իր ներկայացրած ծրագիրը:

Մելքումյանին գոհացնում է այն, որ կառավարությունը հիմնականում ընդունել է ԲՀԿ-ի ներկայացրած առաջարկներ մեծ մասը, և իր համար ողջունելի են կառավարության ծրագրում այնպիսի կետերի առկայությունը, ինչպիսին, օրինակ, սահմանի վրա ավելացված արժեքի հարկի գանձումից աստիճանաբար հրաժարումն է կամ մարզերում արդյունաբերական գոտիների ստեղծումը: Իհարկե, Մելքումյանը դիտողություններ էլ ունի. օրինակ` նրան չի բավարարում 3 տարում նվազագույն աշխատավարձը 65 հազար դրամի հասցնելու` կառավարության խոստումը, քանի որ այսօր արդեն համակողմանի նվազագույն սպառողական զամբյուղը 75 հազար է: Կամ Մելքումյանը հրատապ է համարում պղնձաձուլարանի կառուցումը` նկատի ունենալով, որ եթե ԽՍՀՄ-ի ժամանակ հանքաքարի տարեկան արդյունահանումը կազմում էր 8 միլիոն տոննա, իսկ այսօր այն 27 միլիոն տոննա է, և այդ ծավալը թույլ է տալիս ունենալ պղնձաձուլարան:

Մելքումյանն ասում է, որ պղնձաձուլարանի կառուցումը թույլ կտա կառուցել երկու կաբելի գործարան և էլի ինչ-որ գործարաններ:

ՕԵԿ խմբակցության անդամ Իշխան Խաչատրյանը, ով ընդամենը 40 օր է, որ ընդդիմադիր է դարձել, խոսում է գյուղական համայնքներում, հատկապես` սահմանամերձ տարածքներում խմելու ջրի խնդիրը լուծելու անհրաժեշտության մասին, գյուղամիջյան ճանապարհների անբարեկարգ լինելու, այն դրամավարկային քաղաքականության մասին, որը չարիք է դարձել բազմաթիվ գյուղացիական տնտեսությունների համար, և առաջարկում է կառուցել ջրամբարներ, որպեսզի ոռոգման ջուրը դառնա ինքնահոս, և գյուղացիները չբողոքեն ոռոգման ջրի բարձր գնից:

Մեկ այլ ընդդիմադիր պատգամավոր`ՀԱԿ խմբակցության անդամ, բայց այդ խմբակցության հետ իր կապերը խզած պատգամավոր Հրանտ Բագրատյանն ասում է, որ առաջին անգամ էր, որ կառավարության ծրագրից «ծրագրի հոտ է գալիս»: Բագրատյանն իր ելույթն ավելի շատ նվիրել էր նախորդ կառավարության գործունեության քննադատությանը` ասելով, որ այդ կառավարությունը երկիրը հետ էր տանում, որ դրա գործունեության 6 տարիների ընթացքում Հայաստանն Ադրբեջանից հետ ընկավ 1,5 անգամ, իսկ Վրաստանից` 1,7 անգամ:

Բագրատյանին, ինչպես ԲՀԿ-ական Միքայել Մելքումյանին, ոգևորել է սահմանի վրա ԱԱՀ չգանձելու` կառավարության մտադրությունը: Բայց ինչպես Մելքումյանը, Բագրատյանը ևս որոշ առաջարկներ ունի, որոնք կարող են ավելի լավացնել կառավարության ծրագիրը: Մասնավորապես, զբոսաշրջությունն ակտիվացնելու համար նա կարևոր է համարում ավիակերոսինի շուկայի ազատականացումը և «Թաքս ֆրիի» համակարգի ամբողջական ներդրումը: Առաջարկում է, որ կառավարությունը սուբսիդավորի ոչ թե գյուղացիներին վաճառվող դիզվառելիքը կամ պարարտանյութերը, այլ գյուղարտադրանքը:

Բագրատյանը չարտահայտվեց ամենակարևոր հարցերից մեկի՝ պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ: Հովիկ Աբրահամյանը հայտարարում է, որ իր ղեկավարած կառավարությունը չի հրաժարվելու պարտադիր բաղադիչից, ուղղակի դա անելու է մի քիչ քողարկված: Հրանտ Բագրատյանն այդ համակարգի անզիջում քննադատներից մեկն էր, բայց երեկ հայտարարեց, որ դրա մասին կխոսի այլ առիթով:

Թվում է, թե այս չափազանց ջերմ մթնոլորտը պետք է ապահովի կառավարության ծրագրի հեշտ անցկացումը, և քվեարկության արդյունքը չպետք է կասկածի տակ դրվի: Բայց ամեն ինչ այդքան միանշանակ չէ: Չնայած պատգամավորներն անհատապես ուզում են լավամարդ երևալ ու ցույց տալ, որ իրենք կողմ են կառավարության հետ համագործակցությանը, սակայն խորհրդարանական խմբակցություններին պետք է, որ իրենք պահեն իրենց դեմքը:

Երեկ տեղի է ունեցել քառյակի նիստը, որի ժամանակ քննարկվել է կառավարության ծրագրի նկատմամբ միասնական դիրքորոշում ներկայացնելու հարցը: ՀԱԿ-ը, «Ժառանգությունը» և ՀՅԴ-ն կողմ են «դեմ» քվեարկելու տարբերակին, որպեսզի ցուց տան, թե որքան արմատական ընդդիմություն են իրենք: ԲՀԿ-ն երկընտրանքի մեջ է, որովհետև ԲՀԿ-ականներն այնքան գորովանքով ու քնքշանքով են խոսում ծրագրի մասին, այն մասին, որ իրենց առաջարկները կառավարությունն ընդունել է, որ «դեմ» քվեարկությունն ուղղակի անհեթեթ կլինի: Բացի այդ, շատ ԲՀԿ-ականներ կարող է չկարողանան դեմ քվեարկել կառավարությանը, եթե նույնիսկ նրանց բացատրեն, որ «այդպես պետք է»:

Եթե ԲՀԿ-ն ևս քառյակի միասնության ծրագրի շրջանակներում որոշի դեմ քվեարկել կառավարության ծրագրին, ավելի հավանական է, որ ԲՀԿ խմբակցության պատգամավորների մեծ մասն ուղղակի չներկայանա նիստին:
Ինչո՞ւմ է Հովիկ Աբրահամյանի նկատմամբ պատգամավորների տածած սիրո գաղտնիքը, ի՞նչն է պատճառը, որ նրան սիրում են ոչ միայն կուսակիցները, այլ նաև ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները, այն դեպքում, երբ Տիգրան Սարգսյանին չէր ընդունում նույնիսկ ՀՀԿ խմբակցության պատգամավորների մի զգալի հատված:

Պատճառն ամենևին էլ նրանց ներկայացրած ծրագրերի տարբերությունը չէ, կամ այդ ծրագրերում այս կամ այն կուսակցության կամ գործչի առաջարկների ընդգրկումը կամ մերժումը: Հովիկ Աբրահամյանը հայտնի է նրանով, որ անկախ իր զբաղեցրած պաշտոնից` մշտապես ընդառաջել է պատգամավորների անձնական խնդրանքներին, թեկուզ` օրենքը շրջանցելու ճանապարհով, մինչդեռ նույնիսկ ՀՀԿ-ական պատգամավորների զգալի մասն ասում էր, որ Տիգրան Սարգսյանին որևէ հարցով դիմելը ժամանակի անիմաստ վատնում է: Ահա և մեր պատգամավորների կողմնորոշման հիմնական շարժառիթը:

 

Տեսանյութեր

Լրահոս