6-ակնանի «Գելենդեվագենը» ստացել է 840 ձիաուժ հզորություն
Mercedes-Benz G63 AMG 6×6-ը այն մոդելներից է, որոնց ինքնատիպությունը միանգամից աչքի է զարնում։ Սակայն կան մարդիկ, որոնց համար 6 անիվների առկայությունը լրացուցիչ խթան է՝ մեքենան բարելավելու և ավելի բացառիկ դարձնելու համար։ Նրանց թվին են պատկանում գերմանական Mansory թյունինգային ընկերության մասնագետները, որոնք առաջարկում են G63 AMG 6×6-ի իրենց սեփական տեսալականը։
Մեքենայի արտաքինը մեծ փոփոխությունների չի ենթարկվել։ Ավելացել են որոշ կարբոնային դետալներ, թեթևակի ձևափոխվել են բամպերները և ռադիատորի պաշտպանիչ ցանցը։ Mansory-ն խոստանում է նաև պատվերի դեպքում որոշ փոփոխություններ կատարել սրահում։
Գլխավոր փոփոխությունները կատարվել են շարժիչի հետ։ Mansory-ի մասնագետների ջանքերով՝ մեքենայի 5.5լ աշխատանքային ծավալ ունեցող շարժիչն ապահովում է 840 ձիաուժ հզորություն և 1000Նմ պտտող մոմենտ՝ ստանդարտ 544 ձիաուժի և 758Նմ-ի փոխարեն։ Ընդ որում, այդ նպատակին հասնելու համար փոխվել են մի շարք կարևորագույն դետալներ, ինչպես օրինակ՝ ցիլինդրերի բլոկի կափարիչը։
Թե որքան կարժենա Mansory-ի տարբերակը, չի հաղորդվում։ Սակայն հաշվի առնելով, որ Mercedes-Benz G63 AMG 6×6-ը առանց այն էլ արժե 379 հազար եվրո (առանց հարկերի), ապա կարելի է ենթադրել, որ փոփոխված տարբերակը շատ ավելի թանկ է արժենալու։