Բաժիններ՝

«Մեզ դուր չի գալիս, որ մեզ բոշա են ասում». Բոշի մայլի բնակիչներին համախմբում է դժվար ապրուստը. medialab.am

medialab.am-ը գրում է. Բոշի մայլա կոչվող նեղ, ծուռումուռ փողոցը հեռվից ուշադրություն է գրավում երեխաների բարձր ճիչերով, տների պատշգամբների ու պատերի մոտ կախված լվացքի պարաններով ու արևի տակ փռված երկար գորգերով: Երևանի Քանաքեռ թաղամասում գտնվող այս փողոցը 90 տարվա պատմություն ունի: 1918-1920 թվականներին այստեղ ապրել են 1915-ի ցեղասպանության ժամանակ Արևմտյան Հայաստանից գաղթած ու Երևանում ապաստան գտած այն հայերը, որոնց անվանել են բոշա՝ սարի գյուղերում մաղ, սալա (կողով), ռաֆադա (լավաշ թխելու հարմարանք) վաճառելու համար:

64-ամյա Մնացական Սարգսյանը, ում ծնողները գաղթել են Արևմտյան Հայաստանի Բասեն գավառից, արդեն 60 տարի` ապրում է բոշաների փողոցում: Ունի 5 երեխա, հարսներ ու թոռներ:

«Երբ մարդիկ եկել են այստեղ, միայն գոմեր ու հողից սարքած տներ են եղել, հետագայում սկսել են կառուցել քարե տներ,- ասում է Սարգսյանը: – Մենք ընդհանրապես շատ ավանդապաշտ ենք, ավելի, քան մյուս հայերը: Մեծ տեղ ենք տալիս կարմիր խնձորի ավանդույթին: Նոր տարին, Զատիկը, հարսանիքն ու թաղումն անում ենք հայերի նման, ոչ մի առանձնացող ավանդույթ չունենք և հաճախ ենք գնում նաև հայկական եկեղեցի»:

Սարգսյանը 13 տարի պահակ է աշխատում Քանաքեռի մանրանկարչության դպրոցում, ու իր ստացած 26 հազար դրամ աշխատավարձով գոյատևում են կնոջ, տղայի, հարսի ու թոռների հետ: Տղան պատվերով վարորդ է աշխատում, բայց բավարար գումար չի վաստակում տան ապրուստը լիարժեք հոգալու համար:

Կարդացեք նաև

Բոշաների թաղի բնակիչներին, կարծես, համախմբում է դժվար ապրուստը:

Սարգսյանի հարևանությամբ բնակվող 65-ամյա Վարդիշաղ Դանիելյանն ապրում է աղջկա ու թոռների հետ, միայն ինքն է աշխատում՝ ստանալով 30 հազար դրամ աշխատավարձ:

«Ես այս փողոցում եմ ծնվել-մեծացել, պապերս ղարսեցի են եղել: Մենք բոլորս ունենք հայի անուն-ազգանուն, ավանդույթներով էլ հայերի նման ենք, ուղղակի մեր պապերը մաղագործ են եղել, սարերում մաղ են վաճառել, դրա համար նրանց անվանել են բոշա»,- ասում է Դանիելյանը՝ հենվելով տան դարպասներին ու բղավելով փողոցում վազվզող երեխաների վրա:

Դանիելյանն ասում է՝ հարևաններով շատ մտերիմ են, միասին հարսանիք են անում, միասին ծնունդ նշում, միասին էլ թաղում անում: Ազգային ուտեստները նույն հայերի ուտեստներն են, պատրաստում են քուֆթա, խաշլամա, խաշ, ավելուկ և այլն:

Ամենօրյա հաց վաստակելու համար բոշաների փողոցում ապրող տղամարդիկ հիմնականում շինարարությամբ են զբաղվում կամ ինչ-որ արհեստով: Իսկ կանայք, եթե չեն աշխատում, զբաղվում են հիմնականում տնային գործերով կամ երեխաներով:

Լիլիթ Առաքելյան
Լուսանկարը՝ Կարապետ Սահակյանի
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս