Ոչ իշխանական քառյակը կախվել է. «Ժամանակ»

«Ժամանակ»-ը գրում է. «Ոչ իշխանական քառյակում տևական ճգնաժամ է: Նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից ու այդ պաշտոնին Հովիկ Աբրահամյանի նշանակվելուց հետո քառյակը չի կարողանում օրակարգ ձևավորել:

Քառյակն առայժմ նույն էնտուզիազմով չի կարողանում քննադատել Հ. Աբրահամյանին, քանի որ Տ. Սարգսյանի հրաժարականին հասնելու համար համագործակցել են նրա հետ: Բացի այդ, քառյակից «Բարգավաճ Հայաստան» և ՀՅԴ կուսակցությունները երբևէ չեն պայքարի նրա դեմ, քանի որ դրանցից առաջինի նախագահ Գագիկ Ծառուկյանը Հ. Աբրահամյանի խնամին է, իսկ ՀՅԴ-ն ընդդիմադիր եղած ժամանակ շատ է օգտվել ԱԺ նախկին նախագահի հնարավորություններից: Բացի այդ, երկուսն էլ ոչ թե ընդդիմադիր, այլ ոչ իշխանական ուժեր են և օգտվում են իշխանության հնարավորություններից:

Այս հարաբերություններում բավականին անհարմար վիճակում են հայտնվել ՀԱԿ և «Ժառանգություն» կուսակցությունները, որոնք ճիշտ է, ԲՀԿ-ի ու ՀՅԴ-ի հետ միավորվել էին Տ. Սարգսյանին պաշտոնից հեռացնելու համար, բայց դրան հասնելուց հետո արդեն հասկացել են, որ այդ փոփոխությունը գոնե իրենց ոչինչ չտվեց, հակառակը` վնասեց` առժամանակ դանդաղեցնելով իրենց պայքարը, և լուծեց միայն Հ. Աբրահամյանի ու ԲՀԿ-ի ցանկությունները:

Փաստորեն, քառյակի պայքարի միակ զենքը մնացել է պարտադիր կուտակային կենսաթոշակային համակարգի դեմ պայքարը, որն արդեն շատ թուլ գործիք է: Հատկապես, երբ իշխանությունները, կարելի ասել, ընդառաջ գնացին հասարակության դժգոհությանը, քաղաքացիական ակտիվիստներին ու նրանց պայքարին և Ազգային ժողով փոփոխությունների օրինագիծ ներկայացրեցին:

Արդեն երեկ ԱԺ-ում «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին կառավարության նախագծի քվեարկությունը ցույց տվեց, թե որքան խարխուլ է ոչ իշխանական քառյակի միասնությունը: Իրականում ԲՀԿ-ն ու ՀՅԴ-ն իշխանական, խնամիաբարեկամական ու քավոր-սանիկային իրենց կապերով չեն կարող Հ. Աբրահամյանի ներկայացրած առաջարկներին «դեմ» քվեարկել:

Լավագույն դեպքում նրանք «ձեռնպահ» կքվեարկեն: Կամ էլ իրենց կուսակիցներին ազատ կթողնեն, ովքեր բնազդաբար կամ հրահանգված կերպով «կողմ» կքվեարկեն նորանշանակ վարչապետի ծրագրերին, ինչպես դա արեցին ԱԺ նախագահի պաշտոնում Գալուստ Սահակյանի ընտրության ժամանակ: Չէ՞ որ դա էլ Հ. Աբրահամյանի ծրագրերից էր»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս