Ռուսները, չկարողանալով Ավակովին հաղթել՝ անցել են ազգային պատկանելության խաղաքարտին. «Հրապարակ»
«Երեկ ռուսական լրատվամիջոցներում հայտնվել էր Պետդումայի հանձնաժողովներից մեկի նախագահի նամակը՝ ուղղված Ամենայն հայոց կաթողիկոսին, Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդին և Արա Աբրահամյանին:
Պատգամավորը հիշյալ անձանց գեղարվեստական զեղումներով կոչ էր անում հրապարակավ հորդորել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովին դադարեցնել Ուկրաինայի իշխանությունների Հակաահաբեկչական գործողությունը երկրի հարավում»,- գրում է «Հրապարակ»-ը՝ ավելացնելով. «Հաճելի է, եթե ռուսներն այնպիսի ուժ են տեսնում Արսեն Ավակովի մեջ, որ կարծում են, թե նրա կամքից է կախված Հակաահաբեկչական գործողության ճակատագիրը:
Այդ դեպքում, հիմար նամակներ գրելու փոխարեն, թող հետևեն Ավակովի հորդորին և դադարեցնեն պրոռուս վարձկանների և հանցագործների ֆինանսավորումը, որոնք Ուկրաինայում պետական շինությունների վրա են հարձակվում, հրթիռային համակարգերով են մարտնչում, մարդկանց կենդանի վահանի են վերածում, առևանգում են, սպանում:
Ավակովն ասում է, որ Ուկրաինայի պետության պատասխանը զինված ահաբեկիչներին լինելու է ոչնչացումը:
ՆԳ նախարարն ուրիշ ի՞նչ պետք է ասեր կամ աներ: Ուղղակի ռուսները, չկարողանալով Ավակովին հաղթել ոչ տեղեկատվական պատերազմում, ոչ պարտիզանական, հիմա էլ անցել են ազգային պատկանելության խաղաքարտին: Ավակովն ասում է, որ ինքը հայ է՝ գրում են ռուսները»:
Ամբողջությամբ կարդացեք «Հրապարակ»-ի այսօրվա համարում։