ԼՂՀ ԱԳՆ հայտարարությունը հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակի կապակցությամբ
Այսօր լրանում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ ստորագրված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին համաձայնագրի 20-ամյակը։ Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացում միակ իրական ձեռքբերումը հանդիսացող սույն համաձայնագիրը վերջ դրեց լայնածավալ ռազմական գործողություններին՝ դրանով իսկ հիմք դնելով խաղաղ բանակցությունների համար և հակամարտության արդար ու վերջնական լուծման ուղղությամբ պայմաններ ստեղծելով միջնորդների գործունեության համար։
Միևնույն ժամանակ, ստիպված ենք արձանագրել, որ չնայած միջնորդների բոլոր ջանքերին և հետևողական աշխատանքին՝ ուղղված կողմերի դիրքորոշումների մերձեցմանն ու փոխընդունելի լուծման մշակմանը, դեռևս չի հաջողվել հրադադարը փոխակերպել վերջնական և կայուն խաղաղության։
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում պարբերաբար տեղի են ունենում միջադեպեր, որոնք հղի են լարվածության լուրջ խորացմամբ և խաթարում են համանախագահների ջանքերը՝ ուղղված խաղաղ կարգավորմանը։ Միայն 2014 թվականի սկզբից արձանագրվել է ադրբեջանական կողմից հրադադարի ռեժիմի խախտման շուրջ յոթ հազար դեպք։ Հակամարտության ռազմական փուլին վերջ դրած հրադադարի մասին համաձայնագրի ստորագրումից 20 տարի անց դեռևս զոհվում են զինծառայողներ և խաղաղ բնակիչներ։ Մեր խորին համոզմամբ նման գործողությունները պայմանավորված չեն ռազմական անհրաժեշտությամբ և, ըստ էության, կանխամտածված սպանություն և ոչնչով չարդարացված ահաբեկչական գործողություններ են։
Շփման գծում մշտապես տեղի ունեցող սադրանքները և նոր պատերազմ սկսելու Ադրբեջանի անդադար սպառնալիքները լոկ բարդացնում են հակամարտության կարգավորման գործընթացը և հեռացնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության վերջնական կարգավորման հեռանկարները: Մենք խորապես համոզված ենք, որ միայն ռազմական գործողությունների վերսկսման հնարավորության լիովին բացառումը կարող է օգնել դուրս գալ հակամարտության կարգավորման գործընթացում ստեղծված իրավիճակից և ամուր հիմք կծառայի կայուն և վերջնական խաղաղության հաստատման համար։
Ընդունելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև վստահության և անվտանգության ամրապնդման կարևորությունը հրադադարի ռեժիմի ամրապնդման և նոր ռազմական լարվածության բացառման համար, ղարաբաղյան կողմը բազմիցս հանդես է եկել ԼՂՀ և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծում լարվածության թուլացման և կայունության ու կանխատեսելիության ապահովմանն ուղղված նախաձեռնություններով։
Մասնավորապես, 2001 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջոցով ադրբեջանական կողմին են փոխանցել վստահության ամրապնդման միջոցների փաթեթ, որը ներառում է հակամարտության կողմերի միջև համագործակցություն բոլոր՝ այդ թվում ռազմական անվտանգության ուղղություններով։ Միջոցների շարքում առաջարկվել էր կողմերի բարձրագույն իշխանությունների մակարդակով հաստատել հրադադարի գործող ռեժիմը պահպանելու և հակամարտությունը ԵԱՀԿ հովանու ներքո բացառապես խաղաղ ճանապարհով լուծելու իրենց հավատարմությունը, ինչպես նաև կողմերի և/կամ նրանց օպերատիվ շտաբերի միջև ուղիղ հաղորդակցման կապի ստեղծումը, այդ թվում տեղական մակարդակով։
2004 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է հրադադարի ռեժիմի մշտական դիտարկում սահմանել ԵԱՀԿ Գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի անձնակազմի ընդլայնման միջոցով։
2006 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը հանդես է եկել ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև ձեռք բերված և 1995 թ. փետրվարի 6-ին ուժի մեջ մտած համաձայնագրում ամրագրված հրադադարի ռեժիմի ամրապնդման պարտավորությունները երեք կողմերից փոխադարձաբար հաստատելու վերաբերյալ առաջարկով:
2012 թ. Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն առաջարկել է որպես առաջին քայլ կրոնական տոների ընթացքում (ինչպիսինն է Զատիկը և Նովրուզը) շփման գծից հետ քաշել դիպուկահարներին և ձեռնպահ մնալ ցանկացած սադրիչ գործողություններից։
Դժբախտաբար, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության նախաձեռնություններից ոչ մեկը, չնայած դրանց նկատմամբ միջնորդների աջակցությանը և միջազգային հանրության կոչերին, չի ընդունվել ադրբեջանական կողմից:
Այնուհանդերձ, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը, հավատարիմ մնալով Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի միջև հակամարտության բանակցությունների միջոցով բացառապես խաղաղ կարգավորմանը, ինչպես նաև Հարավային Կովկասում կայունության և անվտանգության ամրապնդմանը, վերահաստատում է իր առաջարկները վստահության և անվտանգության ամրապնդման միջոցների փաթեթն ուսումնասիրելու վերաբերյալ:
Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գոտում հրադադարի մասին պայմանագրի ուժի մեջ մտնելու 20-ամյակը լավ հնարավորություն է ընձեռում կողմերին վերահաստատել հակամարտության բացառապես խաղաղ կարգավորման նկատմամբ իրենց հավատարմությունը և կրկին ներկայացնել խաղաղ գործընթացի անշրջելիության ու վերջնական և կայուն խաղաղության հաստատման ուղղությամբ առաջարկություններ և նախաձեռնություններ:
ԼՂՀ ԱԳՆ
Մայիսի 12, 2014 թ․
Ստեփանակերտ