Մարդը մեռավ: Կեցցե հերոսը…
Ավանդաբար՝ մայիսի 9-րդ օրը եթերը չափազանց միլիտարիզացված է: Հեռուստատեսությունը հիշեցնում է մարտի դաշտ. բոլորը կրակում են, ինչ-որ տեղ ականներ են պայթում, տանկեր: Քեզ թվում է՝ շրջափակման մեջ ես: Ու ամենասարսափելին զինվորների մահն է՝ պայթյուն, ու կանգնած զինվորների ոտքերը ծալվում են, նրանք ընկնում են: Հենց նոր կար մարդը, վայրկյան անց մարդը չկա…
Բոլոր ալիքներով ֆիլմեր են, ու բոլորը՝ հերոսների ու հերոսությունների մասին. Հայրենական պատերազմի հերոսներն են՝ ֆաշիզմ հաղթած, և մեր տղաները՝ Շուշին վերցրած: Առհասարակ արժե արձանագրել, որ պատերազմի մասին բոլոր հրաշալի ֆիլմերն ամենևին պատերազմի մասին չեն, այլ մեկ այլ, ուրիշ բանի: Պատերազմը անհրաժեշտ է՝ ավելի լավ հասկանալու Մարդուն:
Մեր ազատամարտիկների մասին վավերագրական ֆիլմերում պատերազմի մասնակիցները գրեթե հարազատացված են Օլիմպոսին բազմած աստվածներին: Ֆիլմերի սյուժեները չափազանցված են, գրեթե առասպելական: Այդ ֆիլմերում, ինչպես անմահ աստվածները, այնպես էլ պատերազմի հերոսները, տարիք չունեն, նրանց համար խորթ է սերունդը շարունակելու անամոթ ձևը: Ֆիլմերում գործողությունները չեն զարգանում. այնտեղ անվերջ, պերմանենտ հերոսություն է: «Տղաները կռվել են՝ հանուն հայրենիքի, հանուն իրենց վաղվա օրվա, հանուն մեզ ու ձեզ»,- ասում է հանդիսավոր ու ամեն բառը շեշտող ձայնը:
Ազատամարտիկներն են՝ բոլորը չսափրված, տխուր հայացքներով, մի տեսակ՝ մոլորված (կադրից դուրս ձայնն այդ հայացքներում հերոսականություն է տեսնում, թշնամուն հաղթելու վճռականություն): Ծխում են (կադրից դուրս ձայնը վստահ է՝ ծխախոտի ծուխը հասնելու է երկինք՝ հայտնելու , որ հանուն ազատության ու հանուն վաղվա օրվա ՝մենք հաղթելու ենք):
Երկրի նախագահն իր ուղերձում ևս Արցախյան ազատամարտին մասնակցած տղաների քայլը գնահատում է՝ որպես պայքար՝ «ընդդեմ եղեռնագործության, ընդդեմ ազգային խտրականության»: Այս և նման գնահատականները մեծ չափազանցություն են: Անգամ փոքր-ինչ նվաստացուցիչ:
Մեծ Հայրենականին զինվորները մարտի ընթացքում բացականչում էին՝ «հանուն հայրենիքի», «հանուն Ստալինի», ու գնում զոհվելու: Շուշիի ազատագրման և, առհասարակ, Ղարաբաղի ազատագրական պայքարի ժամանակ ևս կար «հանուն»՝ «հանուն հայրենիքի», «հանուն ապագայի»:
Եվ, թվում է, ոչինչ չկա անտրամաբանական: Իրո՛ք, էլ ուրիշ ինչի՞ համար կարելի է գնալ, կռվել ու, նույնիսկ, մեռնել, եթե ոչ՝ հանուն…
Բայց կա նաև մեկ այլ՝ ավելի ազնիվ, արժանապատիվ ու հումանիստական հիմնավորում՝ դիցուք, հանուն սիրո: Կամ, ուղղակի, հանուն չմեռնելու: Կամ, ինչը ևս շա՜տ հասկանալի է ու հատուկ մարդուն՝ գնալ կռվելու՝ վախից…
Անվերջ հերոսներ, կիսաստվածներ փնտրելու ցանկությունը թույլ չի տալիս զինվորի հագուստի տակ տեսնել մարդուն՝ վախեցած, մոլորված, իրեն կորցրած, մահից մահու չափ վախեցող: Մարդուն, որն այդ պահին մտածում է ոչ թե հայրենիքի, այլ մեկ գավաթ սուրճի մասին ու սուրճ խմելու և ծխախոտ քաշելու ցանկությունից առաջինն է գրոհում: Իսկ հարևանները դա վերագրում են «ընդդեմ եղեռնագործության»:
Դաստին Հոֆմանի հերոսը՝ «Հերոսը» ֆիլմում, մանր գրպանահատ է, իրենից ոչինչ չներկայացնող, փոքր մի մարդ:
Պատահաբար հայտնվելով վթարված ինքնաթիռի մոտ, նա փրկում է բազմաթիվ ուղևորների կյանքը: Դա անում է անգամ անգիտակցաբար, բնազդով, առանց իր արածի մեջ հերոսություն տեսնելու: Ու աննկատ հեռանում, ինչպես հեռանում էր իր հերթական գողությունից հետո: Բոլորը փնտրում են նրան, խոստանում մեկ միլիոն դոլար պարգև այդ հերոսին, ով, հերոսության կանոններով, պետք է լիներ հաղթանդամ, ունենար Շվարցենեգերի մկաններից , պերճախոս ներկայացներ, թե ինչը ստիպեց իրեն՝ փրկել բազմաթիվ կյանքեր: Եվ այդպիսին գտնվում է՝ մեկը, ով հանուն այդ գումարի՝ պատրաստ է ձևանալ հերոս:
Այդպես, այդ գիտակցությամբ էլ, կարծում եմ, երիտասարդ ազատամարտիկներն են գնացել ռազմաճակատ՝ լինի Երկրորդ համաշխարհայինին, դրանից առաջ՝ 1914-ին, կամ 1992-ին՝ Շուշիի ազատագրմանը:
Նրանց հերոսի կոչումները կամ հերոսացման դափնիներն ամենևին հարկավոր չեն: Նրանք ավելին են, քան հերոսները, նրանք սովորական մարդիկ են՝ սովորական էմոցիաներով, անհանգստություններով, վախերով: Բայց այդպիսիք մեզ հարկավոր չեն, մեզ անհրաժեշտ են հերոսներ: Ընդ որում, մեր հերոսները պետք է ունենան չափազանց կարևոր արժանիք՝ լինեն զոհված:
Ինչպես Մոնթե Մելքոնյանը, Լեոնիդ Ազգալդյանը, Մովսես Գեորգիսյանը…
Մնում է միայն հասկանանք՝ ի՞նչ ենք ակնկալում հերոսներից: Շուշիի ազատագրումից 22 տարի անց հասկացանք, որ ողջ հերոսներ մեզ պետք չեն: Հակառակ դեպքում ինչ-որ մեկը կարո՞ղ է ասել՝ Շուշիի առանձնակի գումարտակի հրամանատար Ժիրայր Սէֆիլյանը հիմա հերո՞ս է, թե՞ ոչ: Եթե այո, ապա ինչո՞ւ հերոսը քաղաքացիություն չունի ո՛չ Արցախում, ո՛չ Հայաստանում: Եթե հերոս չէ, ապա ի՞նչ էր անում նա Ղարաբաղյան պատերազմում:
Կամ հերո՞ս է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը, թե՞ խարդախ մեկը: Եթե խարդախ է, ուրեմն պիտի չմասնակցեր նաև պատերազմին, ուր սպանվելու հավանականությունը չափազանց մեծ է, եթե հերոս է, ինչո՞ւ է ազատազրկված…
Ո՞րն է ավելի բարդ՝ մա՞րդ լինել, թե՞ հերոս:
Ինձ թվում է՝ ամենամեծ հերոսությունը՝ թե՛ պատերազմի ժամանակ և թե՛ խաղաղ կյանքում, մարդ մնալն է: Իսկ դա չափազանց դժվար է: Դրա համար առնվազն պետք է հերոս լինել: