Նոր Սահմանադրությունը ժառանգության փոխանցման թավշյա ճանապարհ է. 1in.am
«Առաջին լրատվական»-ը զրուցել է նախկին դատավոր, իրավագիտության թեկնածու Պարգև Օհանյանի հետ
– Պարոն Օհանյան, սահմանադրական փոփոխությունների աշխատանքային հայեցակարգի նախագիծը մի քանի շաբաթ առաջ ներկայացվեց հանրությանը: Ըստ Ձեզ՝ արդյոք մեր երկրում կա՞ սահմանադրական բարեփոխումների անհրաժեշտություն:
– Միշտ էլ կա բարեփոխման անհրաժեշտություն բոլոր հարթություններում, մասնավորապես՝ իրավական: Հայաստանի պարագայում վստահ չեմ, որ նման անհրաժեշտություն կա, քանի որ չեմ կարծում, թե Սահմանադրությունն է մեղավոր այն բոլոր բացասական երևույթների համար, որոնք առկա են: Հայեցակարգին ծանոթացել եմ ամբողջությամբ, առաջին հայացքից շատ լավն է, բայց… Հովհան Ոսկեբերանը մի հետաքրքիր համեմատություն ունի. ասում է՝ նման է մի քաղաքի, որ հեռվից փայլում է իր գեղեցիկ կղմինդրե կարմիր տանիքներով, փողոցներով, ծառուղիներով, բայց երբ մտնում ես ներս, դատարկ է, մարդ չկա:
– Այսինքն ՝ մենք սահմանադրական փոփոխություններով որակական փոփոխություն չե՞նք ունենա: Մեզ անհրաժեշտ է համակարգափոխությո՞ւն:
– Միանշանակ: Ծայրահեղությունների մեջ չընկնելու համար չպետք է ասել՝ եթե այդպես է, ուրեմն ընդհանրապես որևէ բան չարժե անել, ոչ մի օրենք պետք չէ բարեփոխել: Սա կլինի ծուղակ, բայց մյուս կողմից՝ պակաս ծուղակ չէ նաև այն, որ կոսմետիկ կամ տյունինգային բարեփոխումներով ուզում ենք (կամ գուցե չենք էլ ուզում) իրականում էություն փոխել: Շերլոկհոլմսյան՝ ինդուկտիվ (ոչ դեդուկտիվ) եղանակով նայենք, թե ինչն է, որ վատ է ու պատճառը Սահմանադրությունն է. Սահմանադրության երկրորդ հոդվածը ՀՀ-ն հռչակում է որպես ժողովրդավարական, սոցիալական, իրավական, ինքնիշխան պետություն:
Օրինակ՝ սոցիալականը կփոխվի՞ դրանից, կարծում եմ՝ ոչ, իրավականը կփոխվի՞ դրանից, համոզված եմ՝ ոչ, նույն անարդարությունները կմնան: Ինչ վերաբերում է դեմոկրատիային, վստահ չեմ՝ դրա արմատը դեմո՞սն է, թե՞ դեմոնը, այսինքն՝ ժողովրդի՞ իշխանություն, թե՞ դեմոն՝ սատանայի իշխանություն: Խորհրդարանական համակարգը, իմ խորին համոզմամբ, չի նպաստելու մեր պետության ինքնիշխանությանը, ընդհակառակը՝ որքան էլ տարօրինակ թվա, կարծում եմ, որ յուրաքանչյուր պետություն առավել ինքնիշխան է նախագահական, անգամ՝ միապետական (պառլամենտական) համակարգի պարագայում, որովհետև ինչքան ուժեղ է նախագահը, այնքան ուժեղ է պետությունը: Եվ ընդհակառակը՝ որքան թույլ է նախագահը, այնքան թույլ՝ պետությունը, որովհետև վերջին հաշվով վարչապետը պետության գլուխը չէ, այլ գործադիրի գլուխն է, ով չի կարող պետության ղեկ ստանձնել : Փոխադարձ հակակշիռների և զսպումների, այսպես կոչված, մեխանիզմը վերջին հաշվով բերելու է քաոսի, ոչ թե արդարության, ինչպես առաջին հայացքից կարող է թվալ, քանզի որքան մարդ, այնքան կարծիք: Եվ պետք է լինի մեկը՝ ի դեմս պետության ուժեղ ու արդար գլխի, ում խոսքը պետք է վճռորոշ լինի:
– Իսկ այդ դեպքում ինչո՞ւ առաջացավ այս բարեփոխումների անհրաժեշտությունը, իսկապես երկու նախագահների միջև առկա կոնֆլի՞կտն է պատճառը. Սերժ Սարգսյանը կողմ է իրականացնել սահմանադրական փոփոխություններ, երկրորդ նախագահը արտահայտվեց դրանց դեմ՝ ասելով, թե այդ փոփոխությունների անհրաժեշտությունը չկա:
– Իմ կարծիքով՝ սա ժառանգության փոխանցման թավշյա ճանապարհ է, ընդ որում՝ երկու նապաստակ միաժամանակ որսալով՝ հաճոյանալով և՛ Արևմուտքին, որը ջանք չի խնայում նման պետություններին դնել խորհրդարանական կառավարման համակարգի վրա՝ թուլացնելով դրանց, ինչը նրանց ձեռնտու է, և՛ նախապատրաստելով ապագա վարչապետի ճանապարհը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: