ԱՄՆ-ն աջակցում է հայերի ու ադրբեջանցիների միջև «ժողովրդական դիվանագիտությանը». Մորնինգսթար

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Մորնինգսթարը Վաշինգտոնում մասնակցել է «ԱՄՆ-Ադրբեջան. հայացք ապագային» կոնֆերանսին: Իր ելույթում Մորնինգսթարը կարևորել է ԱՄՆ-ի ու Ադրբեջանի հարաբերությունները, որոնք նրա կարծիքով՝ թեև գտնվում են լավ մակարդակի վրա, սակայն զերծ չեն խնդիրներից:

Դեսպանն ընդգծել է, որ Ուկրաինայի դեպքերն ի ցույց դրեցին ԱՄՆ-ի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների ու դրանց ամրապնդման կարևորությունը. «Ուկրաինայում տիրող իրավիճակն ի ցույց դրեց Ղարաբաղյան հակամարտության կարգավորման կարևորությունը:

Տվյալ հակամարտությունն անկայունություն է ստեղծում տարածաշրջանում, ինչն առավելություններ չի տալիս կողմերից ոչ մեկին: Հայաստանի ու Ադրբեջանի նախագահները պետք է համատեղ աշխատեն, որպեսզի կոնկրետ քայլեր ձեռնարկեն հակամարտության կարգավորման ուղղությամբ: Դա չափազանց բարդ կլինի առանց Ռուսաստանի հետ համագործակցության:

Մենք նաև աջակցում ենք «ժողովրդական դիվանագիտության» (Track II) նախագծով հայերի ու ադրբեջանցիների միջև շփումներին: Դա երկու ժողովուրդներին ու պետություններին կպատրաստի խաղաղության»:

Մորնինգսթարն անհանգստություն է հայտնել լրագրող Ռաուֆ Միրկադիրովի կալանավորման և Լեյլա Յունուսի ու նրա ամուսնու նկատմամբ հետաքննության կապակցությամբ:

Տեսանյութեր

Լրահոս