«Այս պաին կարող ենք խոսել միայն այն մասին, ինչ համաձայնեցրել ենք Վիլնյուսում». ՀՀ-ում ԵՄ դեսպան. «Ժամանակ»

«Ժամանակը» գրում է. «Հայաստանը դեռ կարող է Եվրոպական միության հետ ասոցացման համաձայնագրի քաղաքական մասը կնքել նույնիսկ ապրիլի 29-ին Մաքսային միություն մուտք գործելուց հետո», – օրերս նման կարծիք էր հայտնել Հայաստանում Գերմանիայի արտակարգ ու լիազոր դեսպան Ռայներ Մորելը՝ հավելելով, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև ստորագրվելիք փաստաթուղթն ամենայն հավանականությամբ այլ անուն կունենա, քանի որ «Ասոցացման համաձայնագիրը» համագործակցության այլ շրջանակների է վերաբերում։

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության դեսպան Տրայան Հրիսթեայից «Ժամանակը» երեկ փորձեց պարզել, թե ի՞նչ է նշանակում Գերմանիայի դեսպանի այդ հայտարարությունը, և արդյո՞ք իրականում առկա է նման հնարավորություն։

– Պետք է խոստովանեմ, որ դեռևս ամբողջությամբ չեմ կարդացել իմ գործընկերոջ հայտարարությունը։ Բայց պետք է ասեմ այն, ինչ ասել եմ նախկինում ևս, որ համագործակցության այն փաթեթը, որը մենք համաձայնեցրել ենք Վիլնյուսյան գագաթնաժողովի ընթացքում, մեր աշխատանքի ապագա մանդատն է։ Ասոցացման համաձայնագիրը մի փաթեթ է, որը բաղկացած է թե՛ քաղաքական, թե՛ ոլորտային և թե՛ տեղաշարժայրն բաղադրիչներից, ինչպես նաև խորը և համապարփակ ազատ առևտրի գոտու համաձայնագրից։

Մենք հանձնառություն ունեինք նախաստորագրելու այդ համաձայնագիրը՝ որպես մեկ միասնական փաթեթ, Վիլնյուսյան գագաթնաժողովում, և մենք չենք կարող բաժանել ԽՀԱԱԳ հատվածը փաթեթի մյուս հատվածից։

ԵՄ բոլոր երկրները հայաստանյան պաշտոնյաների հետ պետք է որ համաձայնության գան, կողմերը պետք է վերականգնեն ապագա հարաբերությունների իրավական հիմքը, և մենք այլ հանձնառության պետք է պատրաստ լինենք։ Դա դեռ պետք է ապագայում տեսնենք։ Այս պահի դրությամբ, ամենակարևորն այն է, թե մենք ինչ ենք միասնաբար համաձայնեցրել Վիլնյուսում, այսինքն՝ շարունակել համագործակցությունն այն ոլորտներում, որոնք համատեղելի են ՄՄ-ին միանալու հայաստանյան կողմի որոշման հետ, որպեսզի իրականացնենք Վիլնյուսյան գագաթնաժողովի հայտարարությունները և միասնաբար ընդունված հայտարարությունը՝ միևնույն ժամանակ գործի դնելով այն համաձայնագիրը, որը կնքվել է Նալբանդյանի և էշթընի միջև։

Սա նշանակում է, որ Հայաստանը ներգրավվում է ոլորտային համագործակցության մեջ, Հայաստանին աջակցություն կցուցաբերվի բարեփոխումների հար ցում՝ Հայաստանի կողմից կարևորված օրենքի իշխանության, մարդու իրավունքների, կոռուպցիայի դեմ պայքարի հարցերում։ Սրանք հայաստանյան կողմի հանձնառություններ են, որոնք մեր կողմից ևս աջակցություն են ստանում, քանի որ երկկողմ համագործակցության կարևորագույն մասն են կազմում։ Այդ համաձայնությունը կապահովի նաև տեղաշարժի ազատությունը Վիզայի հեշտացման և հետդարձի համաձայնագրի միջոցով։

– Սեպտեմբերի 3-ից հետո Գերմանիայի դեսպանի հայտարարությունը ԵՄ անդամ պետություններից առաջին նման արձագանքն էր։ Արդյոք կարելի է սա նաև ԵՄ-ի պաշտոնական դիրքորոշում համարել։

– Ես ևս մեկ անգամ կրկնեմ, որ չեմ կարդացել այդ հայտարարությունը։ Գերմանիան մեր ամենակարևոր անդամ պետություններից է, ԵՄ-ն 28 անդամ Երկրներ ունի, և ինչպես ես ասացի, դրա համար պետք է և կլինի մեկ այլ մանդատ ԵՄ անդամ երկրների կողմից։ Եթե լինի համաձայնեցված մանդատ, դա գործի կդրվի ապագայում։ Այս պահի դրությամբ, մենք կարող ենք խոսել միայն այն մասին, ինչ համաձայնեցրել ենք Վիլնյուսում։ Այս պահին ԵՄ-Ն միայն դա է հիմք ընդունում։

– Կհստակեցնե՞ք՝ ԵՄ-ն պատրա՞ստ է Հայաստանի հետ ստորագրել Ասոցացացման համաձայնագրի քաղաքական մասը, եթե լինի Հայաստանի իշխանությունների որոշումն այդ հարցում։

– Մենք չենք կարող առանձնացնել ԽՀԱԱԳ-ն Ասոցացման համաձայնագրի ողջ փաթեթից։ Որպեսզի մեկ այլ համաձայնագիր ունենանք, մեզ մեկ այլ մանդատ է հարկավոր, որի մասին ես արդեն խոսեցի։ Իսկ դա դեռևս հստակեցված չէ։ Ի՞նչ մենք ունենք հիմա, Վիլնյուսյան միացյալ հայտարարություն, ոլորտային համագործակցություն և, իհարկե, բարձրաստիճան համաձայնագիր Նալբանդյանի և էշթընի միջև, որն ընդունված և համաձայնեցված փաստաթուղթ է, և մենք հույս ունենք, որ հետևողական կլինենք այս համաձայնագրի ուղղությամբ ևս»։

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս