Քեթրին Էշթոնը դատապարտել է Խարկովի քաղաքապետի դեմ կատարված մահափորձը
Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ԵՄ-ի դիվանագիտության ղեկավար Քեթրին Էշթոնը դատապարտել է Խարկովի քաղաքապետ Գենադի Կեռնեսի դեմ կատարված մահափորձը և Սլավյանսկում ԵԱՀԿ-ի ռազմական դիտորդներին առևանգելը:
Այս մասին նշված է Քեթրին Էշթոնի տարածած այսօրվա հայտարարությունում: Նա ընդգծել է, որ այսօր իրենք ևս 15 անուն են ներառել իրենց «սև ցուցակում»՝ գտնելով, որ այդ անձինք սպառնալիք են ներկայացնում Ուկրաինայի ինքնիշխանության ու տարածքային ամբողջականության համար:
Էշթոնն ընդգծել է, որ պետք է անհապաղ ազատ արձակվեն Ուկրաինայի արևելքում զինված խմբերի կողմից անազատության մեջ ապօրինաբար պահվող բոլոր անձինք: Էշթոնը մտահոգություն է հայտնել նաև Ուկրաինայի արևելքում լրագրողների վրա հարձակումների ու ԶԼՄ-ների ազատությունների վատթարացման կապակցությամբ: