Բաժիններ՝

ՎՊ-ն խախտումներ է բացահայտել «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգում

Վերահսկիչ պալատը 2013 թ-ին սոցիալական ապահովության համակարգում իրականացրած ստուգումների արդյունքում բացահայտել է, որ կենսաթոշակառուների հաշվառման էլեկտրոնային համակարգի անխափան գործարկման նպատակով չի ապահովվել ՀՀ կառավարության «Պետական կենսաթոշակների մասին ՀՀ օրենքի կիրարկումն ապահովելու մասին» որոշմամբ հաստատված կարգի համաձայն համապատասխան նախարարություններից և գերատեսչություններից լիարժեք տեղեկատվության տրամադրումը:

Ըստ զեկույցի՝ «Էլեկտրոնային կենսաթոշակ» տեղեկատվական համակարգը 10.07.2013թ. դրությամբ դեռևս չի ապահովել կենսաթոշակների վճարման ցուցակների լիարժեք և ճշգրիտ կազմումը, որի հետևանքով վճարող կազմակերպություններին («Հայփոստ» ՓԲԸ, բանկեր) տրամադրված ցուցակներում արձանագրվել են սխալներ և անճշտություններ:

Ծառայության տարածքային բաժիններում կենսաթոշակի գործերի գույքագրման արդյունքում թերավճար գումար հայտնաբերված գործերում ուղղում (բարձրացում) չի կատարվել, և վճարումը շարունակվում է նույն չափով: 2012-2013թթ. ընթացքում նոր կենսաթոշակի նշանակման ժամանակ մի շարք դեպքերում կրկին խախտվել է աշխատանքային ստաժի և թոշակի չափի հաշվարկման կարգը, արձանագրվել են գերավճարի և թերավճարի, լիազորագրերի, ինչպես նաև ոչ արժանահավատ փաստաթղթերի հիման վրա կենսաթոշակի ավել հաշվարկման և վճարման նոր փաստեր:

Վճարող կազմակերպությունների կողմից կենսաթոշակների վճարման գործընթացն իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված պահանջների և պայմանագրային պարտավորությունների խախտումներով: «Հայփոստ» ՓԲԸ-ի բաժանմունքներում Արմավիրի մարզի ՀՀ-ից բացակայող 36 կենսաթոշակառուների 6,505.9հազար դրամ թոշակը վճարվել է լիազորագիր չունեցող անձանց: «ՎՏԲ-Հայաստան բանկ», «Հայէկոնոմբանկ», «Հայբիզնեսբանկ», «Առէկսիմբանկ-Գազպրոմբանկի խումբ», «Յունիբանկ» ընկերությունների կողմից սոցիալական ապահովության պետական ծառայություն է ներկայացվել տեղեկատվություն ՀՀ-ից բացակայող կենսաթոշակառուների ողջ լինելու մասին, որոնց անունից բանկերում ներկայացվել է դիմում-հայտարարություն և նրանց բացակայությամբ բացվել են հաշվեհամարներ:

ՎՊ-ի համաձայն՝ բազմակի անգամ աճել են առանձին տնտեսվարող սուբյեկտների կողմից ժամանակավոր անաշխատունակության գծով վճարված նպաստների ծավալները: Վարձու աշխատողների հղիության և ծննդաբերության ժամանակավոր անաշխատունակության նպաստները, մի շարք դեպքերում, նշանակվել են ընդամենը 1-2 ամիս առաջ պայմանագրային աշխատանքի ընդունված հղի կանանց: Մի շարք ընկերություններում հղիության և ծննդաբերության արձակուրդին նախորդած ժամանակահատվածում ակնհայտորեն բարձրացվել են նպաստառուների աշխատավարձը և դրան հավասարեցված հավելյալ վճարները, մասնավորապես պարգևատրումները:

ՎՊ-ն ՀՀ կառավարությանն առաջարկում է քննարկել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությունում իրականացված վերահսկողության արդյունքները և միջոցներ ձեռնարկել կենսաթոշակների և ժամանակավոր անաշխատունակության նպաստների հաշվարկման և վճարման գործում արձանագրված խախտումների և բացթողումների պատճառները բացահայտելու, վերացնելու, դրանց կրկնությունը կանխելու և բյուջետային միջոցներն արդյունավետ օգտագործելու ուղղությամբ: Ինչպես նաև քննարկել ՀՀ կառավարության որոշումների պահանջների կատարման, մասնավորապես` պետական կառավարման համապատասխան մարմիններից սահմանված կարգով անհրաժեշտ տեղեկատվության փոխանակման հարցը և միջոցներ ձեռնարկել ՀՀ բնակչության պետական ռեգիստրի, սահմանային էլեկտրոնային կառավարման համակարգերի ամբողջական տեղեկատվությունը սոցիալական ապահովության տարածքային բաժիններին առցանց տրամադրելու համար:

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության սոցիալական ապահովության պետական ծառայությանը ՎՊ-ն առաջարկել է պատշաճ վերահսկողություն իրականացնել սոցիալական ապահովության տարածքային բաժինների գործունեության նկատմամբ, մասնավորապես՝ կենսաթոշակների նշանակման, աշխատանքային ստաժի հաշվարկման, վերահաշվարկման և անհրաժեշտ հիմք փաստաթղթերի ապահովման ուղղությամբ: Միջոցներ ձեռնարկել հաշմանդամության կենսաթոշակների հաշվարկման և վճարման գործում արձանագրված խախտումների, մասնավորապես՝ ԲՍՓ տեղեկատվական համակարգի հետ առկա անհամապատասխանությունները վերացնելու համար:

«Քննարկել և անհետաձգելի միջոցներ ձեռնարկել սոցիալական ապահովության տարածքային բաժիններում կենսաթոշակի բացակա (չհայտնաբերված) գործերի վերականգնման հարցը լուծելու ուղղությամբ»,- կարևորել է ՎՊ-ն՝ նաև նշելով, որ պետք է միջոցներ ձեռնարկել ժամանակավոր անաշխատունակության թերթիկների տպագրման, բաշխման և օգտագործման գործընթացի օրինականությունն ապահովելու ուղղությամբ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս