Թրամփը հետաձգել է Իրանի դեմ ռազմական գործողությունների ընդլայնումը
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, մտահոգվելով զինամթերքի պաշարների սպառման վտանգով, հետաձգել է Իրանի դեմ ռազմական արշավը կտրուկ ուժեղացնելու ծրագրերը, գրում է The New York Times-ը։
«Թրամփը, առնվազն այս պահին, հետաձգել է Իրանի դեմ ամերիկյան ռազմական արշավը կտրուկ ընդլայնելու ծրագրերը՝ հատկապես մտավախություն ունենալով, որ պատերազմի ընդլայնումը կարող է հանգեցնել Մերձավոր Արևելքում Պենտագոնի հակաօդային պաշտպանության համակարգերի համար նախատեսված առանց այդ էլ նվազած Patriot հակահրթիռային որսիչների և այլ զինամթերքի պաշարների կրիտիկական սպառմանը», — նշվում է հրապարակման մեջ։
Թերթի տվյալներով՝ այդ որոշումը կայացվել է ԱՄՆ նախագահի՝ խորհրդականների և կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Հոդվածում նշվում է, որ ԱՄՆ Զինված ուժերի շտաբների պետերի միացյալ կոմիտեի նախագահ Դեն Քեյնը Թրամփին մասնավոր զրույցներում նախազգուշացրել է հնարավոր ռիսկերի մասին։
Հրատարակությունը հավելում է, որ Վաշինգտոնը ցանկանում է նաև խուսափել Մերձավոր Արևելքում հակամարտության ընդլայնումից, Պարսից ծոցի առանցքային դաշնակիցների հետ հարաբերությունների վատթարացումից, համաշխարհային տնտեսական ցնցումներից, ինչպես նաև էներգետիկ և միգրացիոն ճգնաժամերի խորացումից։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Թրամփի մերձավոր շրջապատում գրեթե ոչ ոք չի համարել հակամարտության էսկալացիայի ծրագիրը ողջամիտ։ Ամերիկացի պաշտոնյաներից մեկը կասկած է հայտնել, որ լայնածավալ հարվածները կստիպեն Իրանին վերադառնալ բանակցությունների սեղանի շուրջ, քանի որ, նրա խոսքով, դրանք հակառակը՝ արտաքին սպառնալիքի պայմաններում ավելի են համախմբում երկիրը։
Ավելի վաղ Axios պարբերականը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ ամերիկացի զինվորականները շարունակում են մշակել Իրանի դեմ լայնածավալ ռազմական գործողություններին վերադառնալու դեպքում հնարավոր սցենարները, սակայն Թրամփը դեռևս համապատասխան հրամաններ չի տվել։ Պարբերականի տվյալներով՝ ուրբաթ օրը Սպիտակ տան ղեկավարը հրահանգել է նոր հարվածներ չիրականացնել Իրանի ուղղությամբ՝ դադարեցնելով 13 օր անընդմեջ տևած հարվածների շարքը։

