Քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանն այս տարի էլ է նախարար կնոջից շատ եկամուտ հայտարարագրել․ զույգի եկամուտը տարեցտարի աճում է

«Մենք ամեն ինչ պիտի անենք, որ մեր երկրում յուրաքանչյուր երիտասարդ տեսնի, որ իր զարգացման համար ստեղծված են ինքնիրացվելու լավագույն պայմանները»,- օրերս երիտասարդների հետ հանդիպման ժամանակ նշել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը։

Թերևս Ժաննա Անդրեասյանն իր  և իր ամուսնու՝ քաղաքական մեկնաբան Պետրոս Ղազարյանի «զարգացման» ինքնիրացվելիությունը կարող է դարձնել օրինակ երիտասարդների համար, քանի որ թավշյա իրողություններից հետո նրանց «զարգացումը» հատկապես տեսանելի է։ Այս մասին հաստատումն, ի դեպ, նաև նրանց հայտարարագրերում է։

Ժաննա Անդրեասյանի հայտարարագիրը

Կարդացեք նաև

ԿԳՄՍ նախարարը տարին սկսել ու ավարտել է 2 անշարժ գույքով, որոնք տիրապետում է համատեղ սեփականության իրավունքով։ Բնակարանները, որոնք գտնվում են Կոտայքի մարզի Հրազդան քաղաքում և մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում, գնվել են 1994 և 2011 թվականներին։ Նախարարն այս հայտարարագրում նշել է նաև 2022 թվականին գնած 2022 թվականի արտադրության «Հոնդա» մակնիշի մեքենայի մասին։

Հայտարարագրի՝ հանձնված և վերադարձված փոխառություններ աղյուսակում Ժաննա Անդրեասյանը նշել է 30 միլիոն դրամ փոխառության մասին․ պարտապան է նշվել նրա եղբայրը՝ Արտակ Անդրեասյանը, և 4,770,665.6 դրամի մասին․ պարտապանը Կոնվերս բանկ ՓԲԸ-ն է։ Վերջինս 2025 թվականի տարեվերջին զրոյացվել է։

Ժաննա Անդրեասյանի բանկային հաշիվների մնացորդները տարվա ընթացքում կրկնապատկվել են՝ տարեսկզբի՝ 5,364,558.5 դրամից տարեվերջին կազմելով 10,602,424 դրամ։

Նախարարի՝ հաշվետու տարվա՝ 25,598,679 դրամ եկամուտն էլ գոյացել է ԿԳՄՍ նախարարությունից ստացած աշխատավարձից և կամ դրան հավասարեցված այլ վճարումներից։

Նկատենք՝ 2023 թվականին ԿԳՄՍՆ-ից Անդրեասյանը ստացել էր 19 միլիոն 722 667 դրամ աշխատավարձ և կամ դրան հավասարեցված այլ վճարումներ, իսկ 2024 թվականին՝ 21 մլն 451,475 դրամ։ Աշխատավարձի աճը տեսանելի է։

Ժաննա Անդրեասյանը հետևյալ ոչ առևտրային կազմակերպություններում է ներկայացված․

հանդիսանում է «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պհ-խորհրդի նախագահ

Խաչատուր Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարան- խորհրդի նախագահ

«Սպորտի կառավարման կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն- խորհրդի նախագահ

«Մատենադարան» Մ․ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ- խորհրդի նախագահ

Հայաստանի կինոյի հիմնադրամ- խորհրդի նախագահ

Մշակույթի զարգացման հիմնադրամ- խորհրդի նախագահ

Կրթության զարգացման և նորարարության ազգային կենտրոն հիմնադրամ- խորհրդի նախագահ

«Հայաստանի մանկավարժահոգեբանական գիտությունների ակադեմիա»- անդամ

Պետրոս Ղազարյանի հայտարարագիրը

Պետրոս Ղազարյանն իր հայտարարագրում նշել է համատեղ սեփականություն հանդիսացող երկու անշարժ գույքի մասին՝ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գտնվող անհատական բնակելի տան և Քանաքեռ-Զեյթուն համայնքում գտնվող բնակարանի։ Ըստ նրա հայտարարագրի՝ երկուսն էլ ձեռք է բերել 2022 թվականին (նկատենք՝ խոսքը Ժաննա Անդրեասյանի կողմից Քանաքեռ-Զեյթունում հայտարարագրված բնակարանի մասին չէ․ այն ձեռք էր բերվել 2011 թվականին):

2025 թվականի ընթացքում Պետրոս Ղազարյանը 60,130,000 դրամով օտարել է Աջափնյակում գտնվող բնակելի տունը։

Քաղաքական մեկնաբանը, որը Հ1-ի եթերում հաճախ ստանձնում է նաև ՔՊ ձայներգուի դերը, հաշվետու տարվա՝ 2025 թվականի ընթացքում Հ1-ից ստացել է 40 միլիոն 128,637 դրամ եկամուտ․ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը կազմել է 21,982,720  դրամ, իսկ աշխատավարձից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից ստացած եկամուտը՝ 18,145,917 դրամ։

2023 թվականին նա Հ1-ից ստացել էր 32 միլիոն 935.732 դրամ եկամուտ․ Հանրային Հեռուստաընկերությունից ստացած աշխատանքի վարձատրությունը և/կամ դրան հավասարեցված այլ վճարումները կազմել էին 17,941,132 դրամ, իսկ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտը՝ 14,994,600 դրամ։

2024 թվականին Պետրոս Ղազարյանի եկամուտները կազմել էին  շուրջ 45 միլիոն դրամ (44 մլն 904,158 դրամ)։ Այս գումարը ձևավորվել էր Հանրային հեռուստաընկերությունից ստացած 16 մլն 675,993 դրամ աշխատանքային վարձատրությունից և/կամ դրան հավասարեցված այլ վճարումներից, դարձյալ նույն հեռուստաընկերությունից ստացած 28 մլն 044,080 դրամ քաղաքացիաիրավական այլ պայմանագրերից ստացված եկամուտից և «Նորք» գովազդային գործակալությունից ստացած 184,085 դրամ եկամուտից։

Քաղաքական մեկնաբանը տարեվերջին զրոյացրել է  Արդշինբանկ և Բիբլոս Բանկ Արմենիա ՓԲԸ-ներից ստացած  40 միլիոն դրամը գերազանցող ստացած փոխառությունները։ Ըստ հայտարարագրի արձանագրման՝ նա տարվա ընթացքում վարկի մարմանն ուղղել է  42,341,584 դրամ։

Ժաննա Անդրեասյանի ամուսնու բանկային հաշվի մնացորդը տարեսկզբի մոտ 120 հազար դրամից տարեվերջին դարձել է մոտ 1,6 միլիոն դրամ, իսկ կանխիկ միջոցները՝ տարեսկզբի 0 դրամի փոխարեն՝ տարեվերջին կազմել են 40 միլիոն դրամ։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հուլիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունիս    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031