Քաղաքագետ. Հովիկ Աբրահամյանի խնդիրը չորս ուժերի համագործակցությունը քանդելն է

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանին ՀՀ կառավարությունում տեղի ունեցող նախարարների նշանակումների հարցը բացարձակ չի հուզում: 168.am-ի հետ զրույցում նա ասաց, որ չի կարծում, թե եղած նշանակումները հանրության վստահության մակարդակը կբարձրացնեն. «Եթե հանրությունը այդքան հիմար է, իհարկե, կարող է, որովհետեւ այդ նշանակումների մեծ մասը հին նշանակումներ են, այսինքն` հին մարդկանց նկատմամբ վստահություն ունենալն ինձ համար անհասկանալի է: Նրանք այն մարդիկ են, որոնք հանրության շրջանում կարծես թե հեղինակություն առանձնապես չունեն: Դրանք այդ իշխանական կլանի ներկայացուցիչներն են, որոնք սպասարկելու են այդ կլանի շահերը»:

Քաղաքագետը անգամ չի էլ մտածում, թե ապագայում ինչ նոր նշանակումներ են սպասվում. «Ինձ բացարձակապես այդ հարցը չի հետաքրքրում, և եթե հանրության մեջ կան մարդիկ, որոնք իշխող կլանի անդամ չեն և նրանց հետաքրքրում է այդ հարցը, ինձ համար դա չափազանց տարօրինակ կլինի»:

Միաժամանակ Ստեփան Դանիելյանը նշեց, թե չի կարծում, որ Սերժ Սարգսյանը ցանկանում է իշխանությունը տալ Ռոբերտ Քոչարյանին. «Հովիկ Աբրահամյանի վերջին հայտարարություններից հետո պարզ է դառնում, որ Հովիկ Աբրահամյանի առաքելությունը ճիշտ հակառակն է: Նրա խնդիրն է՝ քանդել չորս ուժերի համագործակցությունը, եւ, կարծես թե, նա այդ գործին բավականին ակտիվ տրվել է, եւ ինձ թվում է, որ նման պայմանավորվածություն է եղել Սերժ Սարգսյանի հետ»:

 

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս