Բաժիններ՝

Կարեն Ճշմարիտյանի հերոսական անցյալը

Ինչպես հայտնի է` Հովիկ Աբրահամյանի ձևավորած կառավարության խնդիրներից մեկն էլ պետք է լիներ կառավարության նկատմամբ վստահության վերականգնումը։ Համենայնդեպս, այդպես էր հայտարարվում։ Ու, ըստ այդմ, սպասվում էր, որ կառավարության կազմում կլինեն լուրջ փոփոխություններ` կգան նոր, թարմ դեմքեր…
Երեկվա դրությամբ (հոդվածը գրելու պահին) արդեն նշանակված էին 7 նախարարներ, որոնցից միայն երկուսն են նոր, այն էլ` մեծ վերապահումներով։ Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարի պաշտոնում Վաչե Գաբրիելյանին փոխարինել է Դավիթ Հարությունյանը (նախկինում` արդարադատության նախարար), իսկ էկոնոմիկայի նախարար է դարձել Կարեն Ճշմարիտյանը` փոխարինելով Վահրամ Ավանեսյանին։

Առայժմ այնպիսի տպավորություն է, որ կառավարության նկատմամբ վստահությունը խարխլում էին հատկապես Վաչե Գաբրիելյանն ու Վահրամ Ավանեսյանը։ Իսկ Ճշմարիտյանը եկել է` վերականգնելու այդ վստահության դեֆիցիտը։

Կարո՞ղ է, սակայն, նոր (պայմանականորեն ասած) նախարարը լուծել այդ խնդիրը։ Կարեն Ճշմարիտյանը բավականին երկար է զբաղեցրել էկոնոմիկայի նախարարի պաշտոնը, իհարկե, այն ժամանակ դա ուրիշ անվանում ուներ։ 1999-2002թթ. նա ՀՀ արդյունաբերության և առևտրի նախարարն էր, որից հետո նախարարությունը վերանվանվեց առևտրի և Տնտեսական զարգացման նախարարություն։ Ճշմարիտյանն այն ղեկավարեց մինչև 2007 թվականը։ Դրանից հետո ստեղծվեց Էկոնոմիկայի նախարարություն, որը գլխավորեց Ներսես Երիցյանը։

Այսինքն` Կարեն Ճշմարիտյանը համակարգել է տնտեսական քաղաքականությունը 1999-2007թթ.: Իսկ ի՞նչ արդյունքներ է ունեցել։

Միանգամից ասենք, որ Կարեն Ճշմարիտյանը հպարտանալու տեղ ունի. երկնիշ աճը հենց նրա օրոք էր արձանագրվում։ 2001 թվականին Հայաստանի ՀՆԱ-ն աճեց 9.6%-ով, 2002-ին` 12.9%, 2003-ին` 13.9%, 2004-ին` 10.1%, 2005-ին` 13.9%, 2006-ին` 13.4%, 2007-ին` 13.7%։ 2008-ին տնտեսական աճը դանդաղեց մինչև 6.8%, սակայն Ճշմարիտյանն այլևս նախարար չէր։

Սա լուսավոր կետն էր, սակայն ոչ լուսավոր կետերն ավելի շատ են։
Հենց Ճշմարիտյանի օրոք դրամը սկսեց շատ արագ արժևորվել։ Այսպես, 2003-ին դոլարի միջին փոխարժեքը 578.77 դրամ էր։ 2004-ին դոլարն ընկավ մինչև 533.45 դրամ, 2005-ին` 457.69 դրամ, 2006-ին` 416.04 դրամ։ 2007թ. վերջին դոլարն արժեր արդեն 304.22 դրամ։ Թե սա ինչ ազդեցություն ունեցավ տնտեսության վրա, բոլորն են հիշում։ Արդյունաբերությունը, և հատկապես` արտահանմանն ուղղված արդյունաբերությունը կանգնեց վերացման վտանգի առաջ, փոխարենը` իրենց լավ էին զգում ներմուծող մոնոպոլիստները։

Եթե 2002-2003թթ. արդյունաբերությունն աճում էր տարեկան ավելի քան 14%-ով, ապա 2004 թվականից սկսած անկման տեմպը թուլացավ։ Իսկ 2006-ին արձանագրվեց անգամ արդյունաբերական արտադրանքի 0.9% անկում։ Դրա համար էլ շատերը խորհրդանշական էին համարում, որ հենց Ճշմարիտյանի օրոք նախարարության անվանման միջից վերացավ «արդյունաբերություն» բառն ու փոխարինվեց «առևտուր» բառով։

Սակայն առևտուրն էլ հայտնվեց աննախանձելի վիճակում։ Այսպես, 2002թ. արտահանման տարեկան աճը (48.4%) շուրջ 4 անգամ գերազանցում էր ներմուծման աճի տեմպին (12.9%)։ Հարաբերակցությունը հաջորդ տարիներին փոխվեց` ներմուծումը սկսեց ավելի արագ աճել։ 2007-ին արդեն արտահանման աճը 17.5% էր, իսկ ներմուծումը` 49.7%։

Արդյունքում` արտաքին առևտրի բացասական հաշվեկշիռը 2007-ին գերազանցեց 2 միլիարդ դոլարը։ Հայաստանի տնտեսությունը հենց Ճշմարիտյանի օրոք վերածվեց պորտաբույծի, որտեղ ոչինչ չեն արտադրում։ Ներմուծում են, դրսից ստանում տրանսֆերտներ ու սպառում ներմուծածը։

Այսինքն` Կարեն Ճշմարիտյանի ղեկավարած նախարարությունն ավելի ճիշտ կլիներ կոչել ոչ թե` առևտրի և տնտեսական զարգացման, այլ` ներմուծման և տնտեսական պորտաբուծության նախարարություն։ Իհարկե, հիմա շատերը կասեն` փոխարժեքը նախարարի տիրույթում չէր, դրա պատասխանատուն Կենտրոնական բանկն էր։ Որոշ իմաստով` դա ճիշտ է, և այդ ժամանակ ԿԲ նախագահ Տիգրան Սարգսյանը քննադատության պակաս չէր զգում փոխարժեքային խաղերի համար։ Սակայն կառավարությունը և տվյալ նախարարությունը կարծես առանձնապես չէին մտահոգվում և հանգիստ դեմքով ասում էին` ի՞նչ կարող ենք անել, շուկան է որոշում փոխարժեքը։ Էլ չասենք, որ միամտություն է կարծել, թե Տիգրան Սարգսյանն ինքնուրույն էր «փոխարժեքային խաղեր» տալիս` առանց կառավարության հետ համաձայնեցնելու։

Լավ, ընդունենք, որ այս հարցում Կարեն Ճշմարիտյանը մեծ լծակներ չուներ։ Իսկ մյուս` շինարարության հարցո՞ւմ գ 2002-ից սկսած` Հայաստանում շինարարությունը դարձավ տնտեսության շարժիչ ուժը` տարեկան ապահովելով միջինը 35% աճ։ 2002-2007թթ. ընթացքում շինարարության ծավալն աճեց 5 անգամ։ Արդյունքում` ստեղծվեց տնտեսության մի կառուցվածք` շինարարության մեծ տեսակարար կշռով, որը հաջորդ կառավարության կողմից անվանվեց հիվանդ և խոցելի։

Ինչպես կասեր Տիգրան Սարգսյանը, այդ տարիներին էր փչվում շինարարական փուչիկը, որը ճգնաժամի ժամանակ պայթեց։ Ճիշտ է, բուն «շինարարական փուչիկ» արտահայտության հետ կապված` հնչեցին անհամաձայնություններ, սակայն իշխող ՀՀԿ-ն` Սերժ Սարգսյանի գլխավորությամբ, կիսում էր այն տեսակետը, որ նախորդ տարիներին ունեցել ենք երկնիշ աճ, սակայն` սխալ տնտեսական քաղաքականություն։
Ու հիմա ստացվում է բավականին զարմանալի վիճակ։

Եթե արտահայտվենք Տ. Սարգսյանի տերմինոլոգիայով, ապա Կարեն Ճշմարիտյանը գլխավոր փուչիկ փչողներից մեկն էր։ Իսկ նրան վերադարձնում են կառավարություն ու վստահում տնտեսական ոլորտը։ Ո՞վ էր ասում, որ Հովիկ Աբրահամյանի նշանակմամբ` խորքային, գաղափարական փոփոխություններ չեն լինի։ Կ. Ճշմարիտյանի նշանակմամբ` արդեն սկսում ենք կասկածել այդ պնդման ճշմարտացիությանը։

Մի «մանրուք» ևս։

Հիշեցնենք, որ Կարեն Ճշմարիտյանի անունը կապվում էր Հայաստանի հանքարդյունաբերության հսկա Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հետ, որը սեփականաշնորհվելուց հետո դարձավ Հայաստանի խոշորագույն հարկատուն։

Մինչև այժմ էլ խոսակցություններ կան, որ Ճշմարիտյանը բավականին խոշոր բաժնեմաս ունի այդ ընկերությունում։ Ճշմարիտյանի անունը կապվում էր նաև «Հաղթանակ» զբոսայգու անտառի հաշվին կառուցված «Գոլդեն Փելես» հյուրանոցային համալիրի հետ։ Ու եթե խոսում ենք վստահության վերականգնման մասին, ապա Կ. Ճշմարիտյանի նշանակումն առնվազն զարմանալի է` անկախ նրանից, թե այդ խոսակցությունները որքանով էին ճիշտ։

Մյուս կողմից` այս վիճակից կարելի է ենթադրել, որ իշխանությունը կադրերի լուրջ խնդիր ունի։ Այնքան լուրջ, որ արդեն պաշտոնները շնորհում են ռոտացիոն սկզբունքով։ Այսինքն` չի բացառվում, որ առաջիկայում Կ. Ճշմարիտյանին կրկին փոխարինի Ներսես Երիցյանը, Երիցյանին` Տիգրան Դավթյանը, Դավթյանին` Վահրամ Ավանեսյանը, Ավանեսյանին` Կարեն Ճշմարիտյանը, և այդպես շարունակ:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս