Ինչպես ոչ իշխանական պատգամավորները զբաղվեցին քաղաքական գործունեությամբ

Երեկ ԱԺ-ում կազմակերպվել էին խորհրդարանական լսումներ «Ճանապարհային երթևեկության կանոնների խախտումների համար վարչական պատասխանատվությունը, ճանապարհային անվտանգության ապահովման միջոցների կիրառումը և ավտոկայանատեղիների կիրառումը» թեմայով:

Դեռևս ԱԺ նախորդ նստաշրջանում խորհրդարանական ոչ իշխանական չորս խմբակցությունները որոշման նախագիծ էին ներկայացրել տեսանկարահանող և արագաչափ սարքերի գործադրման միջոցով կազմվող տուգանքների իրավաչափության և Երևան քաղաքում ավտոկայանատեղերի կազմակերպման նոր կարգի հետ կապված որոշ հարցեր քննարկելու նպատակով:

Քառյակի այդ նախաձեռնությունը մերժվեց, բայց այն ժամանակ դեռևս ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանը խոստացավ, որ հանձնաժողով ստեղծելու փոխարեն` կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ: Եվ ահա երեկ այդ լսումները տեղի ունեցան:

Այն, ինչի մասին խոսում էին ոչ իշխանական պատգամավորները, իսկապես հուզում է հայ հանրության գրեթե բոլոր շերտերին. արագաչափ և տեսանկարահանող սարքերի կիրառման միջոցով արձանագրվող խախտումների համար տուգանքներն անհամաչափ են մարդկանց եկամուտներին, այդ սարքերը շատ դեպքերում տեղադրված են ոչ թե ճանապարհատրանսպորտային պատահարները կանխելու նպատակով, այլ ծառայում են` որպես թակարդ: Դրանք տեղից տեղ են տեղափոխոխվում, որպեսզի բանից անտեղյակ վարորդները չնկատեն և խախտումներ թույլ տան:

Կարդացեք նաև

Մյուս մտահոգությունն այն է, թե ինչու արագաչափ և տեսանկարահանող սարքեր տեղադրող և դրանց սպասարկմամբ զբաղվող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը գերշահույթ է ստանում՝ տուգանքների գումարի 70 տոկոսը, մինչդեռ պետությունը ստանում է ընդամենը 30 տոկոսը: Նույնը վերաբերում է նաև ավտոկայանատեղիների կազմակերպմամբ զբաղվող «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության դեպքում, որը ևս ավտոկայանատեղիների գումարի 70 տոկոսը վերցնում է իրեն, և միայն 30 տոկոսն է թողնում քաղաքապետարանին:

Նույն մտահոգությունն է նաև Երևանում ավտոկայանատեղիների կազմակերպման հետ կապված: ԲՀԿ-ական պատգամավոր Ստեփան Մարգարյանն ասում է, որ կարմիր գծեր քաշելով և դրա դիմաց տուգանք գանձելով` որևէ հայեցակարգային խնդիր չի լուծվում, «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբեն Հակոբյանը գտնում է, որ քաղաքապետարանի կնքած պայմանագիրը թեև իրավական առումով հիմնավոր է, բայց այն չի բխում Երևանի և երևանցու շահերից, ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը սա անվանում է «քերթման սխեմաներ» և առաջարկում անհապաղ դադարեցնել կարմիր գծերի գործունեությունը:

Նրանք բոլորն ասում են, որ այս պայմանագրից կոռուպցիայի հոտ է գալիս: Իսկ նորաթուխ ընդդիմադիր Հովհաննես Մարգարյանն առաջարկում է, որ անվճար կայանման համար նախատեսվող 5 րոպեն դարձվի 10 րոպե, և ավելի բազմազան դարձվի ավտոկայանատեղերի համար վճարման համակարգը:

Փոխոստիկանապետ Արթուր Օսիկյանը պատասխանելով արագաչափերի կիրառման հետ կապված քննադատությանն՝ ասում է, որ դրանց արդյունքում պակասել են ճանապարհատրանսպորտային պատահարները և մահվան դեպքերը, իսկ Արդարադատության նախարարի պաշտոնակատար Հրայր Թովմասյանը խոստանում է, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգիրքը կհամապատասխանեցվի միջազգային չափանիշներին, միջազգային չափանիշներին կհամապատասխանեցվեն նաև պատասխանատվության համար սահմանված տուգանքները:

Երևանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը հիշեցնում է, որ մինչև կայանատեղիների նոր համակարգի ներդրումը քաղաքը բաժանված էր տարբեր մարդկանց և խմբավորումների միջև, որոնք զբաղված էին չարտոնված գործունեությամբ և քաղաքացիներից անհամեմատ ավելի շատ գումար էին գանձում, քան, եթե քաղաքացին այսօր վճարի 12 հազար դրամ 1 տարվա համար: Մինչև նոր համակարգի ներդրումը Երևանի քաղաքապետարանը ավտոկայանատեղիներից որևէ եկամուտ չէր ստանում, մինչդեռ հիմա ստանում է գանձվող գումարի 30 տոկոսը:

Մի խոսքով, ոչ իշխանական պատգամավորները հնչեցնում էին ստանդարտ մեղադրանքներ, իսկ իշխանության ներկայացուցիչները տալիս էին նույնքան ստանդարտ պատասխաններ և պարզաբանումներ:

Եվ ի՞նչ արդյունք ունեցան այս խորհրդարանական լսումները. ոչ մի արդյունք էլ չունեցան: Արդյո՞ք դրանց արդյունքում պակասեց արագաչափերի կամ տեսանկարահանող սարքերի գործուեության միջոցով գանձվող տուգանքների չափը, կամ Երևան քաղաքում վերացան կարմիր գծերը, և մեքենաների կայանումը դարձավ անվճար: Իհա՛րկե ոչ: ԱԺ Տնտեսական հարցերի հանձնաժողովի նախագահ Վարդան Այվազյանը ոչ իշխանական ուժերին առաջարկում է դիմել դատարան և վիճարկել Երևանի քաղաքապետարանի և «Փարքինգ սիթի սերվիս» ընկերության միջև կնքված պայմանագիրը, եթե նրանք այն համարում են անարդարացի: Տուգանքների չափը կարելի է պակասեցնել ՎԻ օրենսգրքի 124 հոդվածում փոփոխություններ կատարելու միջոցով, որը ԱԺ լիազորությունների շրջանակում է:

Ինչո՞ւ պատգամավորները չեն գնում ամենապարզ ճանապարհով և ցանկանում են խորհրդարանական հանձնաժողով ստեղծել կամ խորհրդարանական լսումներ կազմակերպել, որոնք, այսպես թե այնպես, որևէ արդյունք չեն տալիս, և ոչ մի կերպ չեն փոխում իրավիճակը:

Պատասխանը առավել քան ակնհայտ է. նրանք ասում են, որ իրենք զբաղված են քաղաքական գործունեությամբ, որի իմաստն այն է, որ իրենք հասարակությանը ցույց են տալիս, որ իրենք օր ու գիշեր մտածում են հասարակությանը հուզող խնդիրների մասին, որ անընդհատ բարձրացնում են այդ խնդիրներն իշխանությունների առաջ, բայց ահա տեսեք՝ կոռումպացված ու ժողովրդի հոգսերին անհաղորդ իշխանությունները պատրաստ չեն որևէ զիջման: Այնպես որ, երեկվա լսումների արդյունքում` տուգանքների չափը չնվազեց, կամ կայանատեղիներ համար գանձվող գումարից քաղաքապետարանը 30-ի փոխարեն` 40 տոկոս չստացավ, բայց ոչ իշխանական պատգամավորների համար այն խիստ արդյունավետ եղավ, քանի որ նրանք երեկ էլ զբաղվեցին քաղաքական գործունեությամբ:

Տեսանյութեր

Լրահոս