Բաժիններ՝

Միքայել Մելքումյան. Իրատեսական չեմ համարում տարվա կեսից Մաքսային միության անդամակցությունը

Հարցազրույց Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամ, տնտեսագիտության դոկտոր Միքայել Մելքումյանի հետ

 

-Պարոն Մելքումյան, Ձեր պատկերացմամբ` այժմ ո՞ր փուլում է գտնվում Հայաստանի ինտեգրումը Մաքսային/Եվրասիական տնտեսական միությանը:
– Դուք գիտեք, որ հունվարի 24-ին կառավարության նիստում հաստատվել էր 262 կետերից բաղկացած միջոցոցառումների ծրագիրը` «Մաքսային միությանը և Բելառուսի, Ղազախստանի և Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին Հայաստանի անդամակցության միջոցառումների ծրագրի իրականացմանն ուղղված գործողությունների ժամանակացույցը» կամ, ինչպես ընդունված է ասել, «ճանապարհային քարտեզը» (տե´ս այստեղ  և այստեղ – Ա.Ս.), որպեսզի աշխատանքային խմբերը վարեն Մաքսային միությանն անդամակցելու բանակցությունները: Նշեմ որոշների մասին, որոնք վերաբերում են մաքսային սակագնային քաղաքականությանը, տեխնիկական կանոնակարգերին, այսինքն` ստանդարտներին, միասնական տեղեկատվական համակարգ ստեղծելուն, մրցակցային հարաբերությունների կանոնակարգման և այլ հարցերի: Որքան ես գիտեմ` դրանց մեծ մասը կառավարության համապատասխան աշխատանքային խմբերն, ըստ էության, իրենց ավարտին են հասցրել, սակայն այժմ գործընթացը թևակոխել է այն փուլը, երբ քննարկվում են ամենացավոտ հարցերը, այսինքն` բացառությունների ցանկը: Խոսքը վերաբերում է մոտ 900 ապրանքատեսակներին կամ, այսպես ասած, ամենազգայուն ապրանքներին, որոնց մասով Հայաստանը ցանկանում է մաքսային արտոնություններ ստանալ և այդ կապակցությամբ բանակցություններ է վարում Մաքսային միության հետ: Դրանք, մի կողմից, կարող են մեծ ազդեցություն ունենալ սպառողական շուկայի վրա, մյուս կողմից` ձեռնարկատիրական տարբեր ոլորտների համար: Այդ ապրանքատեսակներից են, օրինակ, դեղորայքը, սննդի որոշ ապրանքներ, ավտոմեքենաներ և այլն: Այստեղ պետք է նկատենք, որ թեև և´ Հայաստանը, և´ Ռուսաստանը Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ են, սակայն տարբերությունն այն է, որ մենք տասը տարուց ավել ենք անդամակցում այդ կազմակերպությանը (միացել ենք 2003 թ. սկզբին), իսկ Ռուսաստանը միացել է մեկ տարի առաջ, այսինքն` Ռուսաստանը մինչև 2017 թ. հունվարի մեկը պարտավորություններ ունի Առևտրի համաշխարհային կազմակերպության առջև` մաքսային դրույքաչափերը համապատասխանեցնելու առումով: Այսինքն` եթե մեզանում մաքսային դրույքաչափերը 0 և 10 տոկոս է, իրենց մոտ կա և´ 5, և´ 10, և´ 15` ընդուպ մինչև 25 տոկոս: Նշեմ մի զուգահեռ, որից կգանք Ձեր նշած ժամկետների հստակեցմանը. Առևտրի համաշխարհային կազմակերպությունը միջանկյալ 15 տոկոսի դրույքաչափ է նախատեսում, մենք միանգամից 15-ից ցածր ենք վերցրել: Հիմա Ռուսաստանը մինչև 17 թ. հունվարի մեկը, կարծես թե, հիմնականում գնալու է փոխզիջման` այդ բացառությունների հարցում, որովհետև Հայաստանի 3 միլիոնանոց շուկան Մաքսային միության 170 միլիոնանոց շուկայի հետ համեմատ շատ փոքր է: Այստեղ խնդիրը ոչ թե տնտեսական է, այլ քաղաքական: Այսինքն` Հայաստանի անդամակցությունը Մաքսային միությանը ես միանշանակ դիտարկում եմ քաղաքական տեսանկյունից, նկատի ունեմ` Ռուսաստանի համար դա ավելի շատ քաղաքական, քան տնտեսական խնդիր է: Կարծում եմ, որ բացառությունները հիմնականում կընդունվեն: Բայց այստեղ էլ ամեն ինչ միանշանակ չէ. օրինակ, եթե խոսում ենք ավտոմեքենաների մասին, Ռուսաստանը ևս ավտոմեքենաներ արտադրող երկիր է և, բնականաբար, կցանկանա, որ իր սեփական արտադրության ավտոմեքենաները Հայաստանում նույնպես սպառվեն: Ես օրինակ եմ բերում: Այսինքն` Ռուսատանը պաշտպանելու է իր հայրենական արտադրողին, կամ եթե երրորդ երկիր արտահանելու հարց լինի, այդ դեպքում կարող են խնդիրներ առաջանալ Հայաստանի համար: Սա ասում եմ` որպես որպես մոտակա կանխատեսում: Եվ այդ բացառությունների հարցում ամեն ինչ չէ, որ հստակ է լինելու: Սա առաջին հարցն է: Երկրորդն այն է, որ մեզ համար դեռևս անորոշություններ կան` ավելացված արժեքի հարկի (ԱԱՀ) հետ կապված: Ասենք, եթե Բելառուսից ապրանք է ներկրվում դեպի Մաքսային շուկա, ինչպե՞ս է ԱԱՀ-ն հաշվարկվելու սահմանի վրա, Բելառուսի՞ սահմանին, միասնական էլեկտրոնային համակա՞րգ է լինելու, փոխանցվելու է մեր բյուջե՞: Իմ կարծքով` այս հարցերը դեռևս տեխնիկապես խնդիրներ ունեն, և տարվա կեսին Մաքսային միություն մտնելը որոշակի անհամամասնություններ կառաջացնի մեր բյուջետային կանխատեսումների, բյուջետային մուտքերի, հարկաբյուջետային քաղաքականության մեջ: Ուստի կարծում եմ, որ ավելի իրատեսական է, որ Մաքսային միություն կմտնենք տարվա վերջին և միանգամից, այո´, Եվրասիական միությանը` որպես հիմնադիր: Շատ պայմանագրեր, օրենքների նախագծեր մինչ այդ կարող են բերվել Ազգային ժողով, վավերացվել, քննարկվել, բայց գործողության մեջ կդրվեն, ասենք, 2015 թ. հունվարի մեկից: Այսինքն` պայմանագրեր վավերացնելը մի հարց է, գործողության մեջ դնելը երկրորդ խնդիրն է: Ուստի, կարծում եմ, ժամկետները կսկսվեն 2015 թ. հունվարի մեկից ոչ շուտ:

– Քաղաքական գործիչներից մեկը վերջերս կարծիք հայտնեց, որ թեև ՄՄ-ի առջև Հայաստանի ստանձնած պարտավորությունների մոտ 70 տոկոսը կատարված է, սակայն մնացած 30 տոկոսի իրականացումը պարզապես «կպայթեցնի թե´ Հայաստանի տնտեսությունը, թե´ իշխանություններին», ուստի Հայաստանը չի շտապում անդամակցության հարցում, և կառավարության փոփոխությունը հենց այդ նպատակով եղավ: Համամի՞տ եք այս տեսակետի հետ:
– Ես չեմ կարծում, այստեղ ձգձգելու խնդիր չկա, որովհետև պաշտոնական Երևանի` Մաքսային միության հետ կապված քաղաքականությունը չի փոխվել, հստակ է, և այդ փոփոխությունը շատ չնչին եմ գնահատում: Բայց կարծում եմ` Ձեր նշած 30 կամ 20 տոկոսը, որ մնացել է, կարող է իր ազդեցության ուժգնությամբ ավելի ծանր հետևանքներ ունենալ, քան 70 տոկոսը: Պետք է շատ կոնկրետ իմանանք` ո՞ր ապրանքների մասին է խոսքը, որովհետև Հայաստանը ներկրող երկիր է: Հատկապես հայկական ապրանքների մրցունակության տեսանկյունից դրանց ազդեցության գնահատումը պարզ կլինի, եթե մեր ձեռքի տակ ունենանք այդ ապրանքատեսակների անվանական ցանկը: Չունենալով այդ ցանկը` դժվար է որևէ կոնկրետ բան ասելը: Եվ, այո´, այդ բացառությունների հարցի շուրջ կարող են որոշ հետաձգումներ լինել: Եթե մենք ընդհանուր հայտարարի չենք գալիս այդ 20-30 ապրանքատեսակների շուրջ, ուրեմն կարող ենք որոշակիորեն հետաձգել բանակցային փուլը` մինչ դրանց մեղմացման գործընթացի սկիզբը:

Կարդացեք նաև

– Նախորդ շաբաթ Էկոնոմիկայի նախարարը նախ հայտարարեց, որ Հայաստանը կստորագրի ՄՄ պայմանագիրը ապրիլի 29-ին, իսկ հաջորդ օրը հերքեց ինքն իրեն ` ասելով, որ պայմանագիրը կստորագրվի մայիսի վերջին կամ հունիսին: Ինչո՞վ է պայմանավորված այս անորոշությունը:
– Այդ ամենն ինձ հիմք է տալիս ասելու, որ բանակցային գործընթացում ամեն ինչ չէ, որ հարթ է գնում: Դուք գիտեք, որ 2013 թվականին 6,2 տոկոս տնտեսական աճի փոխարեն` Հայաստանը 3,5 տոկոս աճ գրանցեց: Իսկ այս տարվա առաջին եռամսյակի տնտեսական ցուցանիշները ցույց են տալիս, որ նույն գործընթացը շարունակվում է: Այսինքն` տնտեսական աճի մասին խոսք լինել չի կարող: Այն դեպքում, երբ ՄՄ-ի հետ կապված հարկաբյուջետային ոլորտում կատարվում են ճշգրտումներ` ոչ հօգուտ դեպի բյուջե հարկային մուտքերի, սա լուրջ ճնշումներ է առաջացնում բյուջետային քաղաքականության, այսինքն` ծախսերի նորմալ իրականացման համար` ընդհուպ մինչև թոշակներ, աշխատավարձեր և այլ բյուջետային ծախսեր: Բյուջետային տարվա խաթարումը կարող է լուրջ խնդիրնր առաջացնել: Այդ պատճառով` ես էլ իրատեսական չեմ համարում տարվա կեսից անդամակցության իրականացումը: Բայց իրատեսական եմ համարում գործողության մեջ դնելը հունվարի մեկից, թեև պայմանագիրը կարող է կնքնվել, ասենք, աշնանը:

– Ուկրաինայի խնդրի շուրջ և Ռուսաստան – Արևմուտք հարաբերությունների համատեքստում ներկայիս բավական բարդ և լարված աշխարհաքաղաքական վիճակը որքանո՞վ կարող է ազդել Մաքսային/Եվրասիական միության կայացման վրա:
– Ըստ իս` ՀՀ իշխանությունները հնարավորինս փորձում են իրականացնել «և´-և´»-ի քաղաքականությունը: Մենք հիշում ենք, որ Հայաստանը մինչև սեպտեմբերի 3-ը` շուրջ երեք ու կես տարի, բանակցում էր Եվրամիության հետ Ասոցացման և Խորը ու համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի (ԽՀԱԱՀ)` մոտ 1300 էջանոց փաստաթղթի ստորագրման շուրջ, սակայն դա չիրականացվեց, և մենք եկանք այն եզրակացության, որ տնտեսական բաղադրիչի մասով` անհնար է լինել Մաքսային միության մեջ և միաժամանակ ստորագրել ԽՀԱԱՀ-ն: Փաստորեն, դա տեխնիկապես անհնար է, մնում է քաղաքական բաղադրիչը: Այսինքն, եթե Հայաստանը կարողանա շարունակել «և´-և´»-ի քաղաքականությունը, շարունակի համագործակցությունը Եվրամիության հետ և բարեփոխումներ իրականացնի ժողովրդավարության, մարդու իրավունքների, անվտանգության, դատաիրավական և այլ ոլորտներում, դա կարող ենք համարել դրական արդյունք: Կարծում եմ` մենք այլընտրանք չունենք, քան լինելով Մաքսային միության շրջանակներում` Եվրամիության հետ հնարավորինս համագործակցել և´ «Արևելյան գործընկերություն» ծրագրի, և´ մյուս ձևաչափերով ու պահպանել մեր արտաքին քաղաքականության, այսպես ասած, փոխլրացնող կարգավիճակը: Բայց այստեղ մի կարևոր հանգամանք կա. եթե վերցնենք ՀՀ-ի առևտրային հաշվեկշիռը, այսինքն` արտաքին առևտրի բալանսը, կտեսնենք, որ այս պահին Հայաստանի խոշորագույն գործընկերն ավելի շատ Եվրամիությունն է, քան Ռուսաստանը: Խոսքը արտահանում – ներկրում միասնական ապրանքաշրջանառության մասին է: Թեև դիվերսիֆիկացման առումով առաջին տեղում Ռուսաստանն է, որովհետև մենք Եվրոպա ենք արտահանում հիմնականում մետաղական հումքեր և թանկարժեք, կիսաթանկարժեք քարեր` հիմնականում Գերմանիա, Շվեյցարիա, Բուլղարիա, Բելգիա, Հոլանդիա: Սակայն սերտիֆիկացման, տեխնիկական կանոնակարգերի և ապագայի առումով` հատկապես սննդի արդյունաբերության, գյուղատնտեսության վերամշակող ճյուղերի ոլորտներում, Ռուսաստանն է, որ մի քիչ համահունչ է Հայաստանի տնտեսությանը (խոսքը գնում է ստանդարտների բավարարման մասին): Այսինքն` կարճաժամկետ, միջնաժամկետ հեռանկարում Հայաստանի տնտեսության դիվերսիֆիկացիան տեսնում եմ դեպի Ռուսաստան, իսկ Եվրամիության հետ հեռանկարը, իհարկե, անպայման պետք է զարգացնենք: Միաժամանակ Եվրամիությունը նաև Ռուսաստանի´ գլխավոր առևտրային գործընկերն է: Ուստի, այստեղից մի եզրակացության եմ գալիս, որ Հայաստանը, լինելով Մաքսային միության կազմում, Մաքսային միության խողովակներով ինտեգրվելու է Եվրամիությանը, թեև 2014 թ. հունվարի մեկից ուժի մեջ է մտել ԵՄ-ի առևտրային արտոնյալ ռեժիմը («GSP+»`«Արտոնությունների ընդհանուր համակարգ+»), որի շնորհիվ Հայաստանը, եթե չեմ սխալվում, արտոնություններ է ստացել մոտ 7000 ապրանքատեսակներ գրեթե 0 տոկոս մաքսատուրքերով դեպի ԵՄ-ի երկրներ արտահանելու համար: Օրինակ` թեթև արդյունաբերության ողջ համալիրի ապրանքները արտահանում ենք դեպի ԵՄ «GSP+» ռեժիմով:

– Ինչպես հայտարարել է Էկոնոմիկայի փոխնախարարը, հնարավոր է, որ Հայաստանի փոխարեն Եվրամիության հետ տնտեսական հարցերի շուրջ բանակցությունները վարի Եվրասիական տնտեսական հանձնաժողովը: Ի՞նչ կարծիք ունեք սրա մասին:
– Իհարկե ես կողմ եմ, որ Մաքսային միությունն իր ձևաչափով միանշանակ լինի տնտեսական միություն, ոչ թե քաղաքական: Եթե խոսում ենք ԵՄ-ի մասին, այն նաև խոշոր քաղաքական միավոր է: Բերեմ այդպիսի մի օրինակ, որն առաջացրել է ԵՄ-ի անդամ երկրների դժգոհությունը: Վերցնենք ԵՄ-ի ցանկացած երկիր` Ֆրանսիա, Գերմանիա, Հունաստան: Այդ երկրներն իրեն բյուջեները սկզբից ներկայացնում են Եվրախորհրդարան, և միայն դրանից հետո` իրենց խորհրդարան: Կամ, օրինակ, ԵՄ-ի անդամ պետությունների ֆինանսական շատ հարցեր պատվիրակված են ԵՄ-ի ֆինանսական հանձնակատարին:
Մաքսային միությունը ենթադրում է, որ այս փուլում այն լինելու է միայն տնտեսական միություն, այսինքն` քաղաքական որոշումները` օրինակ ԵՄ-ի հետ հարաբերությունների ձևաչափի վերաբերյալ, վերապահված են լինելու Հայաստանի Հանրապետությանը: Բնականաբար, ես ինքս դեմ եմ, որ մենք քաղաքական բաղադրիչի, նաև շատ տնտեսական հարցերի առումով մեր ինքնուրույնությունը զիջենք Մաքսային միությանը: Դրա համար էլ կա Ազգային ժողով, քննարկումների ձևաչափ: Երբ այդ նախագիծը գա, մենք այդ հարցերին կանդրադառնանք:
– Իսկ ի՞նչ է իրենից ներկայացնում Եվրասիական տնտեսական միությունը, սա նո՞ւյնպես միայն տնտեսական միություն է, թե՞ նաև քաղաքական բաղադրիչ է պարունակում:
– Գիտեք, ենթատեքստում կարող ենք ենթադրել, որ այստեղ քաղաքական բաղադրիչ անպայման լինելու է, բայց այն կոչվում է Եվրասիական տնտեսական միություն, այսինքն` այն ընդհանուր տնտեսական միջավայր է: Եվրամիությունն էլ սկզբից տնտեսական միավոր էր, և ընդհանուր միասնական գոտի ստեղծելու գաղափարի շուրջ տնտեսական խնդիրներ դնելով` հետագայում վերածվեց քաղաքական միության: Կյանքը հետագայում է ցույց տալիս, թե ինչ է լինելու: Այնպես որ, եկեք չշտապենք: Կարծում եմ, որ առայժմ շուտ է դրա մասին խոսելը, միջնաժամկետ հեռանկարում` առաջիկա 5-7 տարում, նման զարգացում չեմ տեսնում: Բայց, կրկնում եմ, ենթատեքստում ենթադրում եմ (երևի Դուք էլ), որ, ի վերջո, այն որդեգրելու է քաղաքական բաղադրիչի ինչ-որ վեկտոր:

– Փորձենք ամփոփել: Մաքսային միության ձևավորման մասին առաջին պայմանագիրը ստորագրվել է դեռևս 1995 թ., որի համաձայն` նախատեսվում էր Ռուսաստանի, Ղազախստանի, Բելառուսի, Ղրղըզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի անդամակցությունը, սակայն այդ կազմակերպությունն այդպես էլ չստեղծվեց և կառույցը հետագայում վերածվեց «Եվրասիական տնտեսական համագործակցության» («ԵվրԱզԷՍ»), նոր պայմանագիրը Ռուսաստանը, Ղազախստանը և Բելառուսը կնքեցին 2006 թ., սակայն Մաքսային միությունը դեռ գտնվում է ձևավորվման և նոր անդամների ներգրավման փուլում: Հիմա էլ հստակ չէ` ինչպիսի կառույց է ստեղծվելու: Արդյոք կարո՞ղ ենք այս ամենից եզրակացնել, որ այս կազմակերպությունն ընդհանրապես կարող է չկայանալ:
– Գիտեք, ես կողմնակից չեմ շատ կտրուկ գնահատականների, որովհետև այդ հարցին պատասխանելու համար պետք է ուշադիր հետևենք գործընթացներին և տեսնենք դրանց թափը, տեմպերը: Հարցը պետք է ենթարկվի խորը վերլուծության, թե, օրինակ կոնկրետ ի՞նչ է տալու Մաքսային միության ձևաչափում լինելը Հայաստանին` տնտեսական առումով, ի՞նչ ենք կորցնելու քաղաքական առումով, և այլընտրանքը` ի՞նչ կշահեինք ԵՄ-ի հետ և ի՞նչ կկորցնեինք: Բայց սրանք միայն քաղաքական գնահատելի խնդիրներ չեն: Օրինակ, եթե սա համադրենք ենք Ղարաբաղի խնդրի, ՀՀ անվտանգության համակարգի երաշխիքների, աշխարհաքաղաքական, ժողովրդագրական (օրինակ` ՌԴ-ում երկու միլիոնից ավելի հայեր կան), տրանսֆերտների խնդիրների հետ, և այլն, և այլն, շատ բազմակողմանի վերլուծություն անենք, միևնույն է, չենք կարող հստակ գնահատական տալ, թե այս փուլում որ ուղղությունն է ճշգրտված: Հետո, մինչև չունենանք պաշտոնական բանակցային գործընթացի արդյունքները` հավաստող փաստաթղթերի բովանդակությունը, չենք կարող գնահատական տալ: Մենք չունենք տեղեկություններ` ինչպես են ընթանում այդ բանակցությունները: Երբ այդ փաստաթուղթը գա Ազգային ժողով, և մեր ձեռքի տակ լինի այդ փաթեթը, այդ ժամանակ, ինձ թվում է, շատ խորությամբ կլինեն քննարկումներ: Այնպես որ, առայժմ զերծ կմնամ կտրուկ գնահատականներից` սպասելով պաշտոնական բանակցային գործընթացի ավարտին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս