 
                        Գլյուկոմետրեր` առաջնակի հիվանդներին
 
                                    ՀՀ առողջապահության նախարարությունը և «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունն այսօր ստորագրեցին համագործակցության հուշագիր։ Համագործակցության շրջանակներում «Կոնցեռն-Էներգոմաշ» փակ բաժնետիրական ընկերությունը մեկ տարվա ընթացքում անհատույց գլյուկոմետրեր կնվիրաբերի շաքարային դիաբետով այն հիվանդներին, ովքեր այդ ընթացքում հակադիաբետիկ հաբերից կանցնեն ինսուլինի ներարկման:
Հուշագիրն ստորագրեցին ՀՀ ԱՆ աշխատակազմի ղեկավար Սուրեն Քրմոյանը և «Կոնցեռն-Էներգոմաշի» կոմերցիոն տնօրեն Դավիթ Առաքելյանը։
Կարևորելով համագործակցությունը` Սուրեն Քրմոյանը նշեց, որ շաքարային դիաբետով հիվանդների խնդիրները պետության հոգացության ներքո են, և նախարարությունը հետամուտ կլինի, որպեսզի այդ հիվանդները բացի անվճար տրամադրվող դեղերից ապահովվեն նաև բարձրորակ ստրիպերով։
Դավիթ Առաքելյանը շնորհակալություն հայտնեց համագործակցության համար և տեղեկացրեց, որ հիվանդներին կհատկացվեն գերմանական արտադրության ժամանակակից գլյուկոմետրեր։ Ընկերությունը նաև դասընթացներ կկազմակերպի հիվանդների համար, որպեսզի կարողանան ամենօրյա ճիշտ ինքնավերահսկում կատարել։
Կողմերը պարտավորվեցին 10-օրյա ժամկետում մշակել և համաձայնագրով հաստատել շաքարային դիաբետով տառապող հիվանդներին անհատույց գլյուկոմետրերի տրամադրման կարգը:
Համագործակցության արդյունքում կբարձրանա շաքարային դիաբետով տառապող անձանց ինքնավերահսկման արդյունավետությունը, հետևաբար և բուժման ճիշտ կազմակերպումը։
ՀՀ Առողջապահության նախարարություն
 
  
  
  
 
                                    
 
                         
                         
                         
                         
                         
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                     
                                    
 
                         
                         
                         
                        