Թուրքիայի Սահմանադրական դատարանի նախագահը կարող է առաջադրվել նախագահական ընտրություններում
Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ հիմնական ընդդիմադիր ուժ «Ժողովրդա-հանրապետական» կուսակցությունը (ԺՀԿ) կարող է առաջիկա նախագահական ընտրությունների համար առաջադրել Սահմանադրական դատարանի նախագահ Հաշիմ Քըլըչի թեկնածությունը:
Ընդգծվում է, որ տվյալ դեպքում ԺՀԿ-ը կհրաժարվի նախագահական ընտրություններին ընդդիմության միասնական թեկնածուով գնալու մտադրությունից, ինչի մասին բարձրաձայնել էր ԺՀԿ-ի նախագահ Քեմալ Քըլըչդարօղլուն:
Թուրքիայում նախագահական ընտրություններն անցկացվելու են օգոստոսի 10-ին, իսկ հնարավոր երկրորդ փուլը՝ օգոստոսի 24-ին: Միևնույն ժամանակ Թուրքիայի փոխվարչապետ Բեշիր Աթալայը հայտարարել է, որ երկրում օրեցօր նվազում է դատական համակարգի հանդեպ վստահության աստիճանը:
Նա ընդգծել է, որ անկախ կառույցների վերջին հարցումները վկայել են, որ դատական համակարգին վստահության աստիճանը կազմում է 45 տոկոսից էլ պակաս, ինչը նշանակում է, որ երկրի քաղաքացիների 55 տոկոսը կարծում է, որ դատարանը չի կայացնում արդար որոշումներ:
Աթալայի խոսքերով՝ հարցումները նաև վկայել են, որ բնակչության 60 տոկոսը վստահում է բազում ոլորտներում կառավարության վարած քաղաքականությանը: