
Թուրքական ընդդիմությունը նախագահական ընտրություններում հանդես է գալու միասնական թեկնածուով. Քըլըչդարօղլու

Թուրքական Milliyet թերթի փոխանցմամբ՝ ընդդիմադիր «Ժողովրդա-հանրապետական» կուսակցության (ԺՀԿ) առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն հայտարարել է, որ թուրքական ընդդիմությունը նախագահական ընտրություններում հանդես է գալու միասնական թեկնածուով:
Նա ընդգծել է, որ ներկայումս ընդդիմադիր կուսակցություններն ունեն իրենց մի շարք թեկնածուները՝ կապված նախագահական ընտրություններին մասնակցելու հետ: Քըլըչդարօղլուն, սակայն, հրաժարվել է տալ նրանց անունները:
Թուրքիայում նախագահական ընտրությունները նշանակված են 2014 թվականի օգոստոսի 10-ին: Նախագահական ընտրություններն անցկացվելու են երկու փուլով: Եթե թեկնածուներից որևէ մեկին չհաջողվի առաջին փուլում հավաքել բավականաչափ քվեներ, ապա օգոստոսի 24-ին կանցկացվի երկրորդ փուլը: Այս անգամ նախագահին ընտրելու է ոչ թե երկրի խորհրդարանը, այլ՝ ժողովուրդը: