Հոգեհանգիստը կվերածվի հարսանիքի

«Նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով վարչապետ է նշանակվել Հովիկ Աբրահամյանը: Նա 20-օրյա ժամկետում պետք է ձևավորի նոր կառավարություն: Նախագահի նստավայրում կայացած լայն կազմով հանդիպման արդյունքում որոշվել է, որ կառավարությունում, բացի ՀՀԿ-ից, պաշտոններ կստանձնեն «Բարգավաճ Հայաստան», Հայ Ազգային կոնգրես և «Ժառանգություն» կուսակցությունների ներկայացուցիչները՝ ըստ Ազգային ժողովում ներկայացվածության ցուցանիշի: Հանդիպման ավարտին ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին ընդդիմության հիշատակը՝ չմոռանալով հոգու հանգստություն մաղթել նաև ՕԵԿ-ին»:

Եթե Հայաստանում քաղաքական իրադարձությունները տեղի ունենային քաղաքական տրամաբանության ու օրինաչափությունների շրջանակներում, ապա վաղը երեկոյան նախագահի նստավայրը կամ որևէ այլ կառույց վերը նշված բովանդակությամբ հայտարարություն պետք է տարածեր՝ ավարտելով այն անհեթեթ վիճակը, որը ստեղծվել է քաղաքական ու պետական կառավարման համակարգում: ՀՀԿ-ն ունենալով մեծամասնություն՝ մոտ 10 օր չի կարողանում վարչապետ նշանակել, որպեսզի հանկարծ չնեղացնի «ԲՀԿ և ընկերներ» միավորմանը, վերջիններս էլ համառորեն չեն ուզում ընդունել իշխանության առաջարկը ու մաս կազմել կոալիցիային:

Բայց չցանկանալով` պատրաստվում են ներկայացնել կառավարության գործունեության այլընտրանքային ծրագիր, որն ընդունելու դեպքում «փառք ու պատիվ» են խոստանում իշխանությանը: Իշխանությունը դեռ պաշտոնապես չի արձագանքել այս պատվարժան նախաձեռնությանը, ու տակավին անհայտ է, թե ինչ կլինի, եթե դրական արձագանքի, ինչպես որ դժվար է ասել՝ ի՞նչ կլինի, եթե արձագանքի բացասաբար:

Քանի որ դրական արձագանքի տրամաբանական շարունակությունը, եթե ոչ` ամբողջական քառյակի, ապա` առնվազն նրա մի մասի, ընդգրկումն է կառավարության կազմում, բացասականինը՝ քառյակի բոլոր ուժերի կողմից նախագահ Սերժ Սարգսյանի պաշտոնանկության գործընթացի մեկնարկը: Ողջ խնդիրն այն է, սակայն, որ քառյակի հիմնական անդամը՝ ԲՀԿ-ն, պաշտոնապես հայտարարում է, թե իր օրակարգում չկա ոչ կառավարությանը մաս կազմելու, ոչ Սերժ Սարգսյանի հրաժարականի պահանջը: Մնում է ենթադրել, որ իրականում ոչ թե օրակարգում հարցեր չկան, այլ բացակայում է օրակարգն ինքնին: ԲՀԿ-ի ու ՀՀԿ-ի վարքագիծը, ի դեպ, գրեթե համարժեք է:

Ինչպես իշխանությունը չի կարողանում կամ չի ցանկանում իրացնել իր մեծամասնությունն ու վարչապետ նշանակել, այնպես էլ վարվում է ԲՀԿ-ն՝ խորհրդարանում մեծությամբ երկրորդ քաղաքական ուժի` իր կարգավիճակի հետ: Որովհետև Հայաստանում չկա քաղաքականություն՝ բառի և աշխարհին հայտնի իմաստներով: Դրա համար էլ սկզբում նկարագրված սցենարը տեղի չի ունենա, Հովիկ Աբրահամյանը կամ իշխանությանն ու քառյակին հավասարապես բավարարող որևէ այլ թեկնածու այլևս դժվար թե վարչապետ դառնա, քաղաքական հոգեհանգիստն էլ կարող է վերածվել հարսանիքի:

Այն, ինչ Հայաստանում կատարվում է յուրաքանչյուր անգամ՝ իշխանության բաժանման կամ վերաբաժանման ժամանակ, մարդկությանը հայտնի է «Խրախճանք ժանտախտի ժամին» պատկերավոր արտահայտությամբ ու ստեղծագործությամբ: Բայց Հայաստանում, ի տարբերություն լոնդոնյան ժանտախտի, բացակյուում է խրախճանքի մասնակիցներին անիծող քահանան՝ բառի ոչ ուղղակի իմաստով, բնականաբար: Նրա դեպքում կարող էր և պետք է լիներ հասարակությունը, որը բավարարվում է` խրախճանքին հետևելով… Այսպես թե այնպես, վաղը հաղորդագրություն կտարածվի և հայտնի կդառնա վարչապետի անունը: Դրանից օրեր անց կհրապարակվի խրախճանքի մասնակիցների ամբողջական ցուցակը: Ներողություն՝ կառավարության կազմը:

Տեսանյութեր

Լրահոս