Վարդան Ղուկասյանի բացառիկ հարցազրույցը որդու` Սպարտակի՝ «օրենքով գող» դառնալու, իր «գժի թղթի», կնոջը փախցնելու, իր դեմ կատարված մահափորձի մասին. shamshyan.com

Գյումրիի նախկին քաղաքապետ, գործարար Վարդան Ղուկասյանի՝ SHAMSHYAN.com-ի թղթակցի հետ բացառիկ հարցազրույցում անկեղծանում է, թե հանուն ում պատվի է կռիվների մեջ ներքաշվել, ինչու են «գեյերը» իրենից վախենում, հանուն ինչի կարող է ձեռք համբուրել, ինչու է ուսուցիչների տանը մնացել, ապտակով սնված տղան ինչով է տարբերվում, բանակում ինչու են իրենից վախեցել եւ ինչ «չեպեներով» է աչքի ընկել, արցախյան ազատամարտին ինչու իրեն դիրքեր չեն թողել, ինչու է «գժի թուղթ» ստացել, ինչպես է դպրոցական տարիքում 15 հազար ռուբլի վաստակել, միլիոնատեր դարձել, որն է եղել իր առաջին մեքենան, թաղի տղաներին ինչպես է բարիշացրել, ինչու է վրանի տակ մնացել, ինչու է փախցրել կնոջը, ինչու է արգելում աղջիկներին կարճ հագնել եւ մազերը կարճ կտրել, ինչ է իրականում մտածում որդու` Սպարտակի՝ «օրենքով գող» դառնալու մասին, ինչ է սերմանում թոռների մեջ, երբ է հավատքը ծնվել նրա մեջ, ինչեր է արել Սամվել Բալասանյանի համար, ովքեր եւ ինչի համար են իր դեմ մահափորձ կատարել, ինչպես է շատ երգիչներից լավ երգում, ինչ հագուստներով է քաղաքում հայտնի դարձել, ինչ է աղաչում բարձրյալ Աստծուն եւ ավելին:

-Այս հարցազրույցի շրջանակում հեղինակություն վայելող զրուցակիցներիս մեկը ասաց. «Հո Սասունցի Դավի՞թը չի եղել, որ չծեծվի եւ չծեծի»: Համոզված եմ, որ դուք էլ ձեր բակի, թաղի հանգիստ տղաներից չեք եղել: Ինչո՞վ էիք առանձնանում: Այդ տարիներին ինչի՞ շուրջ էին ձեր անհամաձայնությունները:

– Մեր ժամանակ ամենաշատ կռիվները թաղային կռիվներն էին: Այսինքն` թաղի, դպրոցի աղջկան բան չասեն, թաղի, քաղաքի, բանակի տղուն բան չասեն: -Դպրոցում ինչո՞վ աչքի ընկաք, սիրվա՞ծ, թե՞ չսիրված տղաների դասին էիք պատկանում: -Ես սիրում եմ կարդալ՝ գիտությունն ու կրթությունը: Ճիշտն ասած, ժամանակի սղության պատճառով ուսմանս շատ ժամանակ չեմ տրամադրել: Բայց դասամիջոցներին մի անգամ հանձնարարությունը ընթերցելով կամ ուսուցիչների պատմելով՝ դասերս պատմել եմ: Իրենք զգում էին եւ գնահատում իմ ընդունակությունները: Մշակութային բոլոր միջոցառումների մասնակցել եմ: Լավ երգում եմ, լավ պարում, լավ ասմունքում: Ես դպրոցի ամենասիրված աշակերտներից մեկն եմ եղել: Ընդհուպ մինչեւ ուսուցիչներիս տանն եմ քնել: Հիմա իրենց տան քավորն եմ: Նրանք ինձ այնքան են սիրել, որ մինչեւ այսօր իրենց, իրենց բարեկամների, թոռների քավորն եմ: Միաժամանակ շատ խիստ ուսուցիչներ եմ ունեցել եւ ցավում եմ, որ այսօր դպրոցներում նման խիստ ուսուցիչներ չկան, որ լավ մարդ դաստիարակեն: Օրինակ, ինձ՝ որպես երկրորդ մայր, իմ 2 ուսուցչուհիներին եմ համարում: Մեկն այսօր չկա, Աստված ողորմա իր շիրմին, երկրորդն էլ Ցողիկ Կարապետյանն է:

– Ասում են՝ ուսանողական տարիները կյանքի այն փուլն է, երբ սկսում ես կյանքից դասեր քաղել: Այդ տարիներին կյանքից ի՞նչ դասեր ստացաք:

-Ես չէի ասի, որ ուսանողական տարիներն են: Միայն կասեմ, որ ապտակով «սնված» տղեն առանց աստիճան չի լինի: Ինձ համար դա է ավելի կարեւոր: Ուսանողական տարիներին էլ իմ սկզբունքներից չեմ շեղվել: Բայց նորից եմ կրկնում, որ ապտակով «սնված» տղեն ամեն ինչ է: Առանց աստիճան չի լինի: Այդպիսի երգ էլ կա: Գյումրվա երգ է:

– Պարոն Ղուկասյան, ձեր անձի շուրջ շատ են խոսում: Չեմ բացառում, որ դրանց մի մասը լեգենդի է նմանվում, կան նաեւ բամբասանքներ: Բայց ասում են, թե «գժի թուղթ» ունեք: Ի՞նչ կասեք այդ առումով:

-Կա նման բան: Բանակում, ինչպես նշեցի, ես պահում էի մեր հայ տղերքի թասիբը եւ շատ աշխույժ էի: Ինձ ուզում էին տանեին Աֆղանստան: Իսկ շատ ակտիվներին առաջին գիծ էին տանում: Ճիշտն ասա,ծ ես էլ չէի ուզում գնայի, մարդ սպանեի մի հատ հարբած Բրեժնեվի համար: Հա, թուրքի դեմ գնանք, կռվենք, բայց այդ դեպքում ինչի՞ մարդ սպանենք: Շատ չմանրանամ.. հիվանդանոցից այդ թուղթը ստացա, բայց եկա այստեղ, հասկացան, որ ես նման մարդ չեմ եւ հանեցին այդ շարքից: Ազնվորեն ասում եմ:

-Իսկ ո՞րն է եղել ձեր առաջին աշխատանքը, ո՞ր տարիքում եւ ինչպե՞ս եք ծախսել առաջին աշխատավարձը: Հետաքրքիր է նաեւ, թե որ աշխատանքի արդյունքում միլիոնատեր դարձաք: Ասում են՝ եղածը պահպանելը ավելի դժվար է, քան ստեղծելը: Ի՞նչ կասեք այդ առումով:

-Առաջին հերթին, ես հոգեպես եմ միլիոնատեր: Փոքրուց` դպրոցական տարիներից, աշխատել եմ: Մինչեւ բանակ գնալս 15 հազար ռուբլի ուրիշի անունով բանկ էի գցել, քանի որ 18 տարիս լրացած չէր: Բանակ գնացի, արդեն 30 հազար ռուբլի գումար ունեի: Ինձանով մեքենա գնեցի:

-Իսկ քաղաքում ինչպե՞ս հայտնի դարձաք՝ ձեր շուրջ հյուսված լեգենդներո՞վ, ձեր արկածային պատմություններո՞վ, «ռազբիրատներո՞վ», թե՞ …

-Իմ հավատքով: Ես 1982 թ-ից հավատքի մեջ եմ. Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ եմ: Մինչեւ քաղաքապետ լինելս վերակառուցել եմ երկրաշարժից փլված Սուրբ Նշան եկեղեցին: Այն ժամանակ մտքիս չկար էլ, որ քաղաքապետ դառնամ: Այգում Հովհաննես Շիրազի արձանն եմ կառուցել: Քաղաքում երկրաշարժից հետո պահպանված միակ այգին իմ եւ իմ ընտանիքի ջանքերի շնորհիվ է պահպանվել: Այնտեղ «պալատկա» ենք դրել, գիշերը քնել, որ այգին չկտրատվեր: Այդ այգում անշնորհքություն, խուլիգանություն չկա՝ ի շնորհիվ մեզ: Խորհրդային միության ժամանակ վախենում էին այգի մտնել, քանի որ թաղերի մեջ խնդիրներ կային: Բայց մեզ հաջողվեց ամեն ինչ հարթել: Այսօր, որ քաղաքում թաղ-թաղ իրար հետ չեն կռվում, 95 տոկոսով լուման իմն է, որովհետեւ ես եմ բարիշացրել եւ ընկերություն ստեղծել: Ասել եմ «Րիբյատա, դավայծե է ժիծ դռուժնը»: Դրանից լավը չկա: Կարելի է ներել, համերաշխությամբ հասկացնել, բացատրել, ոչ թե գլուխը ջարդել եւ այլն եւ այլն: Մի «բուռ» հայ ենք մնացել, իրար միս, որ կերանք, ու՞ր կհասնի:

-Խի՞ստ հայր եք, թե՞ ոչ, ինչո՞վ է արտահայտվում ձեր խստությունը, ի՞նչ արգելքներ եք դրել եւ դնում ձեր աղջիկների եւ տղայի առաջ: Կա՞ն բաներ, որ ձեր ընտանիքում «չգրված» օրենք է եւ որին ձեր տղան եւ աղջիկները պետք է ենթարկվեն:

-Ե՛վ շատ խիստ եմ, ե՛ւ շատ բարի: Որ ծնողը իր երեխային նկատմամբ շատ բարի է, նա իրեն «թույն է տալիս»: «Խրատի թանգարան» բացեք, կարդացեք, այնտեղ կա գրված: Ծեծել-մեծել չկա, բայց մի հատ որ նայում եմ, բոլորը զգաստանում են: Մեր տան մեջ «գրված է», որ աղջիկներն ու հարսները կարճ պետք է չհագնեն, մազերը պետք է երկար լինի: Պետք է հայկական՝ շնորհքով, ադաթով ապրեն: Մեծին պետք է լսեն, հարգեն, ոնց որ մեր մայրերն ու տատիկներն են եղել: Երեխաներս ինձ հետ բիզնեսով են զբաղվում: Երկու աղջիկներս ամուսնացած են: Մի աղջկաս վերջերս աշխատանքից ազատեցին, բայց նա անգործ չմնաց:

-Ասում են՝ ձեր որդին` Սպարտակը, «օրենքով գող» դառնալու նպատակ ունի: Ինչպե՞ս եք վերաբերվում այդ հանգամանքին:

-Դա հիմարություն է: Ավազակներն են նման լուրեր տարածում: Նման բան չկա: Դա աբսուրդ է: Սպարտակն ինքնասեր, ազգ սիրող, իր քաղաքը, հայրենիքը, «ես»-ը սիրող մարդ է, ինչպիսին իր հայրն է: Բայց միաժամանակ «ես»-ին շատ չծառայող «մենք»-ին, «ընդհանուր»-ին ծառայող տղա է:

– Տեղյակ եմ, որ Աստվածահավատ մարդ եք: Անգամ գրքի հեղինակ եք: Աստծո հանդեպ ձեր սերը, հավատը ի ծնե՞ է եղել, թե՞ ժամանակի ընթացքում եք համոզվել նրա գոյության մեջ: Շատերը ձեզնից են վախենում, դուք ինչի՞ց եւ ումի՞ց եք վախենում: Ի՞նչ եք կարծում, ինչի՞ արդյունքում է այդ վախը ձեւավորվել:

-Հավատքը իմ մեջ ի ծնե է եղել: Այսքան, որ կրակել են ինձ վրա ու այսօր այստեղ եմ, դա մե՜ծ հրաշք է, որ շատ-շատերը չեն տեսել: 7 հատ փամփուշտ մտնի մարդու մեջ ու հիմա 5 հատը դեռ իմ մեջ է՝ 200 «ասկոլկայով», եւ այդքանից հետո քո դիմաց նստած եմ, դա արդեն հրաշք է: Բայցեւայնպես, այս կյանքը ժամանակավոր է: Ինձ համար կյանքը սովորական մի բան է, որովհետեւ ես հավատում եմ հավիտենականությանը: Տեսեք, Վարդան Մամիկոնյանը ասում է. «վախկոտությունը թերահավատության նշան է»: Եթե իրոք հավատում ես, որ հարություն կա, ումի՞ց պետք է վախենաս: Է՜, հա՛, մարմինս կոտրեն, հոգիս հո չե՞ն սպանի, կոտրի: Ես նման մարդկանց եմ փնտրում, բայց, ցավոք, քիչ են: Ես մեկ Աստծուց եմ վախենում, մեկ էլ նրանցից, ովքեր շատ ճիշտ են: Ավելի ճիշտ, որ տեսնում եմ՝ մեկը շատ ճիշտ է սիրում, զգաստանում, խոնարհվում եմ: Իսկ, երբ տեսնում եմ, որ ավազակը, սրբապիղծը սուրբ է ձեւանում, գող-ավազակը բարեպաշտ է ձեւանում, ես դրանց չեմ կարող տանել: Եվ հենց նրանց էլ ասում եմ, որ խաբեբա են: Ինչ վերաբերում է իմ անձի շուրջ ձեւավորված վախին, ապա դա լրագրողներն են սարքել, ավելի ճիշտ՝ պատվեր կատարող լրատվամիջոցները: Իսկ Շիրակում ինձ սիրում են: Հիմա, որ մենք իրար հետ դուրս գանք, իմ ձեռքերն են համբուրում, որովհետեւ, երբ առավոտյան աղոթք եմ անում, մտածում եմ՝ այսօր ու՞մ լավություն անեմ, որ ասի՝ բալա ջան, քարն երթաս, կանաչ բուսնի, ողորմի քո ննջեցյալների շիրիմներին: Ես դրա համար եմ ապրում, ուրիշ բանի համար չեմ ապրում: Ես ոչ թե «Ջիպ»-երով, «բրիլիանտներով» եմ ուրախանում, այլ օրհնանքներով: Երբ մեկին լավ բան եմ անում, ես իրենցից շատ եմ ուրախանում: Ինձանից սատանեքն են վախենում: Ով սատանա է, թշնամի՝ հայոց ազգին, հավատքին, ով որ «գեյ» է, ով որ «էն մյուսն» է, նրանք ինձանից «տրաքվում են»:

– Իսկ ձեզ հաջորդած քաղաքապետը՝ Սամվել Բալասանյանը, ձեզնից վախենալու առիթներ ունի՞, որ զրահապատ մեքենա է վարում:

– Ճիշտն ասած, ես դրա անունը չեմ էլ ուզում լսել: Ես դրան էնքան բան եմ արել: Պատգամավոր իմ շնորհիվ է ընտրվել, գործարանները 1500 դոլարով եմ դրան տվել: Այդքան բանից հետո մի հատ «զապրավկա» պետք է կառուցեմ, դատարաններն եմ ընկել: Նախկին քաղաքապետներին գնացեք նայեք, բոլորին «դրել գլխիս», մեծարել եմ: Եկել, նստել է «թագավորական պալատում», անամոթաբար ասում է՝ քաղաքը կառուցեցի: Այսինքն` ես այս ավիրված քաղաքը կառուցեցի, ինքը վեր է կենում ու ասում, թե կառուցել է ու հիմա պետք է մանկապարտեզները կառուցի: Չի ասում, որ երկրի նախագահն ու կառավարությունը 300 միլիոն դրամ տվեցին փողոցները ասֆալտապատելու համար: Երբ ինձ «սուբսիդա» էր գալիս, ասում էի, որ Սերժ Սարգսյանը, Ռոբերտ Քոչարյանը տվեցին՝ ժողովուրդ ջան: Սա ասում է՝ ես բերեցի, ես արեցի: Այն էլ, դա մարզպետրանի ֆունկցիան է:

ՏԱԹԵւ ՄԵՍՐՈՊՅԱՆ
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Տեսանյութեր

Լրահոս