Ներքաղաքական պատրանքի թևերը. «Ժամանակ»

«Ժամանակ» օրաթերթը իր այսօրվա խմբագրականում գրում է. Հատկանշական է, որ «հրաշալի քառյակի» ներկայացուցիչները որևէ կերպ չեն արձագանքում «ազգային համաձայնության» կառավարության հեռանկարների մասին տեղեկատվական հոսքերին: Սակայն զարմանալի է, որ քառյակը չի փորձում հավաքվել և հանդես գալ նոր կառավարության շուրջ միասնական մոտեցումներով:

Սահմանադրության համաձայն` Սերժ Սարգսյանը պետք է հանդիպի խորհրդարանական խմբակցությունների հետ և նոր վարչապետի հարց քննարկի: Այդ հանդիպումները Հայաստանում հիմնականում ֆորմալ, ձևական բնույթի են լինում, քանի որ ամեն ինչ, ըստ էության, որոշված է լինում նախապես և այլ տեղերում: Սակայն խնդիրը տվյալ դեպքում այս հանդիպումները չեն: Խնդիրը տվյալ դեպքում քառյակի գործողություններն են:

Կառավարության միասնական ու հուժկու հրաժարականի պահանջի պատրաստվող, և Տիգրան Սարգսյանի պաշտոնանկությունն էլ ըստ այդմ սեփական հաջողությունը որակող քառյակը պետք է որ նաև նույնքան միասնական դիրքորոշում մշակեր, մշակած ունենար կամ գոնե հիմա շուտափույթ կերպով մշակելու նստեր այդ պաշտոնանկությունից հետո Սերժ Սարգսյանին մեկ միասնական ինչ-որ բան ասելու համար:

Սակայն նոր վարչապետի նշանակմանը մնացել է չորս օր, արդեն հնչում են բավական միանշանակ հայտնվող անուններ, ինչ-որ ընդունելի տարբերակներ և այլն, իսկ ահա քառյակի միասնական դրսևորման փորձ անգամ չկա, իրավիճակի միասնական գնահատական չկա, Սերժ Սարգսյանին նոր կառավարության առումով ներկայացնելիք միասնական մոտեցում չկա:

Եթե ներքաղաքական օրակարգը քառյակն է թելադրում, եթե վարչապետի պաշտոնանկությունը քառյակն է թելադրում, ապա առնվազն զարմանալի է, որ քառյակը չի փորձում հրապարակավ թելադրել նոր կառավարության եթե ոչ անունները, ապա գոնե հիմնական ուղենիշները: Ավելին` այդ քառյակի առանձին սուբյեկտներ ներկայումս զբաղված են ՀՀԿ-ին համագործակցության իրենց պատրաստակամության մասին ակնարկներ անելով: Մյուս կողմից, իհարկե, այս ամենն ունի իր դրական կողմը:

Խնդիրն այն է, որ Հայաստանում իշխանությունների հանցավորությունն ու սնանկությունը բացահայտված էր վաղուց, սակայն նույն այդ իշխանությունները համակարգի պահպանությունն իրականացնում էին, այսպես ասած, ընդդիմադիր դաշտում ինչ-որ պատրանքներ խթանելով:

Եվ չնայած այդ ամենի արհեստականության և համակարգածնության մասին մամուլում, փորձագիտական միջավայրում բազմաթիվ ահազանգերին և ակնհայտ ապացույցներին, այնուհանդերձ հասարակության մի զգալի մասի համար այդ պատրանքը աշխատող է, ինչն էլ իշխանություններին հնարավորություն է տալիս, այսպես ասած, ուղղակի միջոցներով սնանկ լինելու պայմաններում, իշխանական համակարգը պահպանել անուղղակի, այսպես ասած` ոչ իշխանական ճանապարհներով:

Սա չի նշանակում իհարկե, որ եթե չլինեն այդ պատրանքները, ձևավորվելու էր մի հզոր հասարակական ալիք, որը սրբելու էր ողջ համակարգը: Անկասկած ոչ, սակայն երբ այդ պատրանքները չլինեն, երբ այդ պատրանքների ազդեցությունը հանրային շրջանակների վրա չլինի, ապա անկասկած ներհասարակական առողջ և ադեկվատ, ինտրիգներից ու պալատական գործարքներից զերծ պրոցեսի ձևավորումը շատ ավելի իրական հնարավորություններ կունենա, քան պատրանքների պարագայում:

Եվ այս տեսանկյունից, իշխանությունների խթանած և խրախուսած ամեն մի ոչ իշխանական պատրանքի բացահայտումը ինքնին դրական է: Թեև ոչ ոք կասկած չունի, որ իշխանություններն ու ոչ իշխանությունը շատ արագ կհորինեն նոր պատրանքներ, քանի որ դա միակ ոլորտն է, որում հմտացած է Հայաստանի անկախությունն ուղեկցող ու փոշիացրած քաղաքական շերտը:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակի» այսօրվա խմբագրականում։

Տեսանյութեր

Լրահոս