Հովիկ Արգամիչը կուլ տվեց Տիգրան Սուրենիչին. «ՀԺ»

«ՀԺ»-ն գրում է. Մեծ հավանականությամբ, այսօր հայտնի կդառնա ՀՀ նոր վարչապետի անունը: Լրագրողական հանրությունը սպասում է, որ այսօր Սերժ Սարգսյանը նախ կհանդիպի ՀՅԴ ղեկավար կազմի հետ, որից հետո կհրավիրի ՀՀԿ գործադիր մարմնի նիստ, որտեղ եւ կարող է տեղի կունենալ նոր վարչապետի թեկնածուի ֆորմալ համաձայնեցումը: Վերջին օրերի քննարկումների ընթացքում վարչապետի նոր թեկնածուների անուններ ի հայտ չեն եկել: Չնայած սրան՝ քիչ չեն դիտորդները, ովքեր կարծում են, թե վարչապետ կարող է նշանակվել մեկը, ում անունը նույնիսկ չի շրջանառվել որպես թեկնածու: Նման հավանականություն, իհարկե, կա, բայց բավականաչափ փոքր է, եւ ուրեմն՝ մեծ հավանականությամբ վարչապետ կդառնա քննարկված թեկնածուներից մեկը:

Ամենահավանականը համարվում է ԱԺ գործող նախագահ Հովիկ Աբրահամյանը: Սա ունի իր տրամաբանությունը: Իշխանության ներսում Հովիկ Աբրահամյանը Տիգրան Սարգսյանի թիվ մեկ հակառակորդն էր, եւ նրանց հակադրությունը ունի վաղեմի պատմություն: 2008 թվականին վարչապետ նշանակվելուց առաջ Տիգրան Սարգսյանը պայման էր դրել, որ փոխվարչապետ Աբրահամյանը չպիտի մնա կառավարությունում:

Այս պայմանը Տիգրան Սարգսյանի համար կարեւոր էր երկու պատճառով. նախ՝ երկար տարիներ փոխվարչապետ աշխատած Աբրահամյանը կառավարության մեջ երկրորդ գլխի գործառույթ էր իրականացնելու` էականորեն թուլացնելով Սարգսյանին եւ հետո՝ այն ժամանակ Սարգսյանը կարծում էր, որ կոռումպացվածի համարում ունեցող Աբրահամյանը կխաթարի իր նոր կառավարության կերպարը:

Սերժ Սարգսյանն այն ժամանակ համաձայնվեց պայմանին, եւ փոխվարչապետ Հովիկ Աբրահամյանը տեղափոխվեց Բաղրամյան 26՝ աշխատակազմի ղեկավարի կարգավիճակով: Այդ պահից էլ նրա գործունեության կարեւորագույն լեյտմոտիվներից մեկը դարձավ ռեւանշը՝ Տիգրան Սարգսյանի նկատմամբ: Սկզբում Աբրահամյանը դարձավ ԱԺ նախագահ, որից հետո ժամանակ առ ժամանակ լուրեր էին շրջանառվում, որ նա ստվերային պայքար է մղում ՀՀ վարչապետ դառնալու համար: Տիգրան Սարգսյան-Հովիկ Աբրահամյան լուռ հակադրությունը, ըստ այդմ, վեց տարվա պատմություն ունի, եւ ահա՝ Տիգրան Սարգսյանը պարտված է: Եւ ուրեմն, շատերը տրամաբանական են համարում, որ վարչապետի պաշտոնը ստանձնի հենց Հովիկ Աբրահամյանը:

Այսուհանդերձ, ինչպես նշել ենք, նրա թեկնածությունը միանշանակ չի ընկալվում ոչ իշխանության ներսում, ոչ էլ լայն հանրության շրջանում: Եւ ամենեւին փաստ չէ, որ վարչապետ դառնալու Աբրահամյանի երազանքը կիրականանա: Պետք է, սակայն, հաշվի առնել, որ Աբրահամյանը շատ լուրջ հենարան ունի ի դեմս ԱԺ ՀՀԿ խմբակցության եւ օլիգարխիայի: Նա ինքը համարվում է օլիգարխ եւ հասկանում է օլիգարխիայի բոլոր պրոբլեմներն ու դարդերը, ինչը նշանակում է, որ օլիգարխները նույնպես լոբբինգ է անելու Հովիկ Աբրահամյանի օգտին:

Օլիգարխներին շատ ավելի հեշտ ու հարմարավետ կլինի հարցեր քննարկել եւ լուծել Հովիկ Աբրահամյանի հետ: Իհարկե` եթե Սերժ Սարգսյանը համաձայնվի այս տարբերակին, չի մոռանա նաեւ հակակշիռների մասին, որոնց գործադրմամբ պիտի փորձի Աբրահամյանին պահել որոշակի սահմանների մեջ:

Կարդացեք «Հայկական Ժամանակի» այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս