And the Oscar goes to…

Այսօր կամ վաղը հայտնի կդառնա Հայաստանի նոր վարչապետի անունը. երեկոյան նախատեսված է Հանրապետական կուսակցության գործադիր մարմնի նիստը, որի ընթացքում նախագահ Սերժ Սարգսյանը ՀՀԿ-ականներին կհայտնի իր որոշումը՝ ում է նշանակելու վարչապետի պաշտոնում: ՀՀԿ-ի նիստն, իհարկե, ձևականություն է, այնտեղ ոչ թե քննարկվելու, այլ հրապարակվելու է նոր վարչապետի անունը, այնպես որ, հանրապետականները կարող էին տեղեկացվել նաև նախագահի լրատվական ծառայության հաղորդագրության միջոցով:

Բայց քանի որ հայկական ժողովրդավարությունը դատարկ է բովանդակությամբ ու հարուստ ձևով, ինչպես, ի դեպ, պաշտոնյաների մեծամասնությունը, արարողակարգերը կարևոր են:

Իրականում, սակայն, այսօր կամ վաղը տեղի է ունենալու մոտավորապես այն, ինչ տեղի է ունենում 4-5 տարին մեկ Հայաստանում՝ համապետական մակարդակով: Ընտրողները գնում են ընտրատեղամաս, քվեարկում են իրենց նախընտրած թեկնածուի կամ կուսակցության օգտին, բոլոր հնարավոր ու անհնար ծանոթներից ու բարեկամներից տեղեկանում են, որ նրանք ևս նույն կերպ են քվեարկել, սակայն գիշերը միացնում են հեռուստացույցն ու տեղեկանում, որ «հաղթել» է միանգամայն այլ թեկնածու: Որովհետև ընտրում են նրանք, սակայն որոշում են հաշվողները:

Նույն կերպ բացառված չէ, որ ՀՀԿ-ականների մեծ մասը ԳՄ-ի նիստի գնա՝ մտքում ունենալով այն անունը, որն ամենաշատն է հնչում վերջին օրերին, գրպանում էլ ունենալով այդ անունը կրողի հասցեին վերջին օրերին արված հաճոյախոսություններն ու քծնանքը հավաստող հարցազրույցների պատճեններըգբայց նիստի ավարտին լսի վարչապետի մեկ այլ անուն ու անիծի սեփական անշրջահայացությունը՝ նախապես նաև այդ թեկնածուին չգովերգելու ու չքծնելու համար:

«Քաղաքական մեծամասնությունը» նկուղում պահված հին ռադիոյի նման բան է. բոլորը գիտեն, որ կա, բայց չի աշխատում, փչացած է ու օգտագործվում է լավագույն դեպքում որպես պատվանդան՝ ինչ-որ բան դնելու կամ վրան բարձրանալու համար: Բայց սովետական ռադիոները բավական պինդ են ու անհրաժեշտության դեպքում` դիմանում են անպատկերացնելի ծանրության, ինչի համար էլ շատերը դեն չեն շպրտում…

Հայաստանի նոր վարչապետի անուն-ազգանունը նշանակություն է ունենալու առավելագույնը մի քանի հարյուր մարդու համար՝ վարչապետի մերձավորների, մերձավորների մերձավորների, հակառակորդների, հակառակորդների հակառակորդների, իշխանական ու ոչ իշխանական ուժերի համար, մի խոսքով:

Հասարակությանն այդ նշանակումը վերաբերելու է մոտավորապես այնքան, որքան Այշատու Մինդաուդու Սուլեյմանի նշանակումը՝ Կոտ դ՛Իվուարում ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցչի պաշտոնում: Հայաստանում հասարակությունը դադարել է որևէ ազդեցություն ունենալ իշխանության ձևավորման վրա և բավարարվում է ժամանակ առ ժամանակ հայտնի առակին նմանվող իշխանության բաժանման գործընթացին հետևելով: Հերթական անգամ համոզվելով, որ այդ առակից իրեն բաժին է հասնելու «Պետք է մեռնեմ անոթի/սովն է չոքել դռանը…» հիշեցումը:

Տեսանյութեր

Լրահոս