Բաժիններ՝

Մի շշի պատմություն

Մոտ 2 շաբաթ առաջ Ծաղկաձորում լրագրողների համար կազմակերպված սեմինարի ժամանակ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ներկայացրեց հանձնաժողովում քննվող գործերից մեկը. գինի արտադրող մի քանի ընկերություններ բողոքել էին Վահագն Գևորգյանի դեմ, ով 2006 թ. Մտավոր սեփականության գործակալությունում գրանցել է «Նռան շիշ» արդյունաբերական նմուշը:

««Պռոշյան», «Իջևան», «Վեդի Ալկո», «Մարան» ընկերությունները տարիներ շարունակ արտադրել են նռան շշով գինիներ, այնուհետև Վահագն Գևորգյանը գրանցել է ապրանքանիշն ու բողոք ներկայացրել, որ նմանատիպ շշերով գինիներ են վաճառվում շուկայում, ու մրցակցությունը խաթարվում է»,- ասել էր Ա.Շաբոյանը:

Գինեգործների միության նախագահ Ավագ Հարությունյանի խոսքով` նուռն ազգային խորհրդանիշ է, և նման հուշանվերներ, ծաղկամաններ ու տարաներ միշտ պատրաստվել են, և առնվազն 3 արտադրամաս, սկսած 1991-ից, պարբերաբար արտադրում են նռան տեսքով ապակե ու կերամիկական շշեր. «Լուռ համաձայնությամբ` բոլորը, որոշ դետալների տարբերությամբ, արտադրում էին նռան տեսքով շշեր, և Մտավոր սեփականության գործակալությունը պարզապես չպետք է գրանցեր»:

Gini-Ijevan«Իջևանի» գինու և կոնյակի գործարանի գործադիր տնօրեն Ատոմ Եգորյանն էլ հայտարարել էր, որ նռան տեսքով` «365 օր» ապրանքանիշը, որ գրանցել է Վ.Գևորգյանը, ստեղծվել և կայացել է «Իջևանի» գինու և կոնյակի գործարանում, իսկ Վահագնը իրենց հետ համագործակցել է, ապա ինչ-ինչ խնդիրների պատճառով ճանապարհները բաժանվել են. «Նուռն ազգային սիմվոլ է, և բոլորը պետք է կարողանան օգտագործել: Վահագնը ասել է, թե շուկայում հայտնվել են նռան տեսքով գինիներ, բայց շուկայում հայտնվել է նա, իսկ շուկայում արդեն գոյություն ունեին մեր գինիները: Ոչ թե մենք ենք վարում անբարեխիղճ մրցակցություն, այլ Վահագն Գևորգյանը»:

Կարդացեք նաև

Նկատենք, որ լրագրողների հարցին, թե ինչո՞ւ այդ սեմինարին ներկա չէր հենց ինքը` Վահագն Գևորգյանը, Ա.Շաբոյանը պատասխանել էր, որ դա սեմինար է, ՏՄՊՊՀ նիստ չէ, որպեսզի նա պարտադիր կերպով ներկա լինի:

gini (1)Երեկ «168 Ժամի» խմբագրություն էր այցելել «365wines» ապրանքային նշանի ներքո ալկոհոլային խմիչքներ արտադրող «ԷԴՎԱԳ գրուպ» ընկերության ղեկավար Վահագն Գևորգյանը:

Նա դժգոհեց, որ իրեն տվյալ սեմինարին չէին հրավիրել, ու առանց իր ներկայության կարծիք է հնչեցվել իր՝ «անբարեխիղճ մրցակից» լինելու մասին:

«2006թ. ես եմ ստեղծել նռան ձևով ապակյա շիշը և արտոնագրել եմ իմ ստեղծած ձևը: Ապակյա տարաների իմ սեփական փոքր արտադրությունում արտադրվել է տվյալ շիշը, արտոնագրվել է Մտավոր սեփականության գործակալությունում: Շուկայում առաջին շիշն իմն է եղել:

Մինչ այդ եղել են նռան նման կուժեր, սուվենիրային նռեր, տարբեր որակների, բայց շիշ` նռան ձևով, չի եղել: ՏՄՊՊՀ-ն շատ անհիմն կերպով մեկնաբանեց հեռուստատեսությամբ այն փաստը, որ կարծես թե շուկայում եղած նռան ձևով շշերի միջից ես վերցրել եմ մի շիշ, արտոնագրել, որի միջոցով մնացած արտադրողներին խոչընդոտում եմ և անբարեխիղճ մրցակցություն եմ վարում, որը նրանք ոչ մի ձևով չեն կարող հիմնավորել»,- ասաց Վ.Գևորգյանը:

gini (2)

Ըստ նրա` 2006-ին Իջևանի գինու գործարանի հետ կնքվել է համատեղ գործունեության պայմանագիր առ այն, որ Վ.Գևորգյանը տրամադրում է իր ստեղծած շիշն ու բրենդը, իսկ Իջևանի գինու գործարանը` նռան գինին. «Մարքետինգային ծախսերը կրել եմ ես, այսինքն` տվյալ ապրանքի առաջխաղացումը շուկայում իմ ուսերին է եղել, պայմանագրով նշվել է, թե շահույթն ինչպես է բաշխվելու: Աշխատել եմ իրենց հետ մինչև 2008 թ., երբ հիմնել եմ իմ սեփական գործարանը: Բացի այդ` 2008-ին Իջևանի գինու գործարանը վերավաճառվել է, բաժնետերերը փոխվել են, որոնց հետ ես նախ` չէի ուզում շարունակել իմ համագործակցությունը և արդեն ես հիմնում էի իմ գործարանը:

Այդ ժամանակ առանձնացա իրենցից ու սկսեցի իմ արտադրությունը: 2006-07թթ. հեռուստատեսությամբ գովազդվել է, նշվել է, որ նռան գինին Իջևանի գինու գործարանինն է, քանի որ իրավաբանորեն այդպես էր` կնքված պայմանագրի հիման վրա: Դրանից հետո ես առանձին արտադրել եմ մոշի, սերկևիլի, ծիրանի, ելակի, հոնի գինիներ` համանման ձևավորված շշերով, և բոլոր շշերն արտոնագրվել են Մտավոր սեփականության գործակալությունում»:

Վ.Գևորգյանի պահանջն այն է, որ շուկայում ոչ մի արտադրող չկրկնի իր ստեղծած շշի ձևը: Նա նշեց, որ մի շարք արտադրողներ ունեն նռան ձևով ապակյա շշեր, բայց դրանք արտաքնապես էականորեն տարբերվում են իր ստեղծած շշից, և նրանց հանդեպ ոչ մի տեսակի` թե՛ բարոյական, թե՛ իրավական, բողոք չունի. «Կան նաև ապրանքներ, որոնք էապես նման են իմ ապրանքին, չնայած դրանց պիտակները տարբեր են իմ պիտակից, բայց շշի ձևն էապես նման է:

Եվ տվյալ ապրանքը, ես գտնում եմ, հաճախորդի մոտ կարող է առաջացնել շփոթություն: Մասնավորապես, Իջևանի գինու գործարանի մի քանի տեսակ նռան շշերից մեկն է խնդրահարույց, և Պռոշյանի գինու գործարանի 4-5 տեսակ նռան շշերից կոնկրետ մեկի վերաբերյալ է իմ բողոքը: Այստեղ առաջանում է նաև գինու որակի հետ կապված խնդիր, այսինքն` ամեն գործարան իր մոտեցումն ունի գինեգործության մեջ: Մենք գինին պատրաստում ենք միմիայն թարմ մրգից: Ես գտնում եմ, որ հաճախորդը, շփոթելով իմ գինին մյուսների հետ, կարող է իր կարծիքը փոխել իմ գործարանի վերաբերյալ»:

2011թ. «Վեդի Ալկո» ընկերությունը նույնատիպ նռան շիշ էր արտադրել: Այն ժամանակ Վ.Գևորգյանը դիմել էր ՏՄՊՊՀ, որը 4-ամսյա ժամկետ էր տվել ընկերությանը` ապրանքը շուկայից հանելու համար: Սակայն, ըստ Վահագն Գևորգյանի, «Վեդի Ալկոն» Մտավոր սեփականության գործակալությունում գրանցեց իր շիշը` դրանով փորձելով ապացուցել, որ ապրանքային նշանները տարբեր են: Ի վերջո, Վ.Գևորգյանի դիմումի հիման վրա, 2 տարվա գործընթացից հետո դատարանը Մտավոր սեփականության գործակալության արտոնագիրն առոչինչ էր համարել, և տվյալ ապրանքը հանվել էր շրջանառությունից:

Վ.Գևորգյանը հայտնեց, որ այժմ սպասում է ՏՄՊՊՀ որոշմանը` այն դատարանում բողոքարկելու համար:

Մտավոր սեփականության գործակալության պետ Արմեն Ազիզյանը մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ այս խնդիրը միանշանակ պետք է լուծի դատարանը. «Թող դիմեն դատարան, դատարանը որոշի` ով է ճիշտ: Ոչ մի այլ ատյան իրավունք չունի խառնվելու կամ այդ հարցերը քննարկելու: Ով էլ խոսում է, դրանք միայն սիրողական մակարդակով խոսակցություններ են, էմոցիաների վրա հիմնված: Արդեն մեկ տարուց ավելի է՝ լսում եմ խոսակցությունները ու բոլորին խորհուրդ եմ տալիս՝ դիմել դատարան, բայց ոչ մեկը չի դիմում, պարզապես ինչ-որ խոսակցություններ են: Որևիցե մեկն իրավունք չունի ելույթներ ունենալ ու ասել` ճի՞շտ է, թե՞ սխալ, բացի դատարանից»:

Մեր հարցին՝ բացի Ձեր կառույցից` ՀՀ-ում կա՞ այլ մարմին, որ փորձագիտական գնահատական տա, Ա.Ազիզյանը պատասխանեց, որ չկա, իսկ ՏՄՊՊՀ գնահատականի վերաբերյալ նշեց, որ դա հանձնաժողովի իրավասությունների մեջ չի մտնում. «Իրենք իրավունք չունեն քննել մտավոր սեփականության վերաբերյալ հարցեր, նման իրավասություն իրենց տրված չէ»:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս