Արմեն Ռուստամյանը՝ Սերժ Սարգսյանի հետ հանդիպման մասին. Դեռ հրավեր չենք ստացել, ստանանք՝ գնալու ենք
168.am-ի հարցազրույցը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանի հետ
– Վարչապետ Տիգրան Սարգսյանի հրաժարականից հետո խոսվում է ազգային համաձայնության կառավարության ձևավորման մասին: Եթե նման կառավարություն ձևավորվի, ՀՅԴ-ն մաս կկազմի՞ այդ կառավարությանը:
– Մենք մեր մոտեցումը բազմիցս հայտնել ենք և չենք վարանում կրկնել: Մենք ասել ենք, որ հստակ, հիմնավորված մոտեցումներ ունենք, թե ինչպե՞ս է պետք երկիրը այս ճգնաժամային իրավիճակից հանել և դա ձևակերպել ենք յոթ կետերի մեջ: Այդ յոթ կետերը, բնականաբար, ենթադրում են ժամանակացույց, ծրագրում… Եթե այս ամենը կատարվի, մենք կմտնենք պրոցեսի մեջ՝ անկախ ամեն ինչից, որովհետև վստահ ենք, որ դրա արդյունքում երկիրը նոր որակ կստանա: Իսկ Դաշնակցությունն էլ երկրի դիտորդը չէ, մասնակցելու է բոլոր այն գործընթացներին, որոնք հեռանկարային են պետության, ժողովրդի ապագայի համար:
– Այսինքն, եթե ձեր կողմից ներկայացված ծրագիրն ընդունվի, դուք ազգային համաձայնության կառավարությանը մաս կկազմե՞ք:
– Իհարկե, եթե լիարժեք, ամբողջությամբ մեր ծրագրերը ընդունվեն, մենք տեսնենք, որ ազգային, պետական ուղեգիծը, ընթացքը, տեմպը համապատասխանում են մեր մոտեցումներին, գաղափարներին, ապա՝ ինչո՞ւ ոչ:
– Երեկ ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը հայտարարել է, որ իշխանությունը երբեք այսքան թույլ չի եղել, և քանի որ քառյակի բոլոր քաղաքական ուժերը կողմ են ամբողջական իշխանափոխության, ապա դրա իրականացման համար ավելի լավ պահ պատկերացնել հնարավոր չէ: Նա ասել է, որ կառավարության հրաժարականը դիտարկվում էր որպես իշխանափոխության առաջին փուլ, որը կարելի է լուծված համարել, հետևաբար՝ այս պահից սկսած, քառյակը գտնվում է իշխանափոխության հաջորդ` Սերժ Սարգսյանի հրաժարականի պարտադրման փուլում: Դաշնակցությունը պահանջելո՞ւ է Ս. Սարգսյանի հրաժարականը, գնալո՞ւ եք այդ փուլին, երբ առաջին փուլը՝ վարչապետի պաշտոնանկությունը, արդեն իրականություն է:
– Ամբողջական իշխանափոխության մեր պատկերացումը մեկ ամբողջական փաթեթ է՝ հեռացում այն վարչախմբի, որը չի կարողանում երկիրն այս վիճակից դուրս բերել կամ հենց նրանց պատճառով է երկիրն այս վիճակում և համակարգային փոփոխություններ, որոնք կապահովվեն, որ նախորդներին փոխարինողները չեն կրկնի նույն սխալները, չեն լինի նույնը: Սա՛ է ամբողջական իշխանափոխությունը, և ձեր նախորդ հարցին պատասխանելով՝ ես ասում էի, որ այն ծրագրերը, որոնք կհանեն երկիրն այս վիճակից, մենք պատրաստ ենք իրականացնել:
Այստեղ անձի խնդիր չէ, նման հարց մենք չենք դնում, պետք է ոչ միայն կառավարության անձերը փոխվեն, այլև՝ ծրագրերը, քաղաքականությունը, որը կբերի առկա խնդիրների լուծմանը: Փուլերի առումով կարող են քայլեր ենթադրել, բայց եթե վերջնական նպատակը չի լինելու ամբողջական իշխանափոխություն հասկացության լիարժեք կյանքի կոչումը, ապա դա ոչ մի արժեք չի ունենա:
– Ձեր կարծիքով քառյակը պե՞տք է ներկայացնի վարչապետի միասնական թեկնածու, դրա անհրաժեշտությունը կա՞:
– Նման խնդիր չի քննարկվել, որովհետև նախ չենք էլ հասկացել, թե ինչո՞վ պատճառաբանվեց այս հրաժարականը, հանրությանը հայտնի չէ հրաժարականի հստակ պատճառը: Այս առումով կարևոր է, որ ասենք՝ եղել են ձախողումներ, անլուծելի խնդիրներ, որոնց պատճառով Տիգրան Սարգսյանը հրաժարական է տվել, բոլորս միասին կհասկանայինք՝ ինչպես է պետք շտկել այն խնդիրները, որոնք մեզ հասցրին այս վիճակին և այդտեղ մենք ասելիք կունենանք, համատեղ աշխատելու, գործելու խնդիր կլինի:
Կառավարությանն անվստահություն հայտնելու գործընթացն ուներ երկու բաղադրիչ. մեկը անվստահության հիմքերն էին, որը ենթադրում էր կառավարության կազմի փոփոխություն, մյուսը՝ քաղաքականության փոփոխություն: Հիմա ես կարծում եմ, որ հնարավոր է դարձել կազմի փոփոխությունը և մենք լիարժեք լուծում կհամարենք այն, որ կառավարության կողմից որդեգրվի ճիշտ ծրագիր, որը հակաճգնաժամային քայլեր է նախատեսում, այն կատարում է համապատասխան կազմը: Քառյակում մենք այս գաղափարներն ենք առաջ մղում, բայց ամեն մեկն իր մոտեցումներն ունի, ուստի դեռ քննարկման մեջ ենք:
– Այդ դեպքում ՀՅԴ-ն նախագահի հետ խորհրդակցության ժամանակ ո՞ւմ թեկնածությունն է ներկայացնելու: Սահմանադրության համաձայն ԱԺ խմբակցությունները պետք է հանդիպեն ՀՀ նախագահի հետ՝ քննարկելու կառավարության նոր կազմը: ՀՅԴ-ն ո՞ւմ անունն է հնչեցնելու:
– Կրկնում եմ՝ մենք անձի խնդիր չենք դնելու, մենք անձնավորելու խնդիր չենք ունեցել: Հիշո՞ւմ եք՝ նախագահի միասնական թեկնածուի հարցով էլ մենք այդ կերպ ենք արտահայտվել, ասել ենք, որ կհամաձայնեցնենք օրակարգը ու հետո հասկանանք, թե ով է լինելու դա իրականացնող ամենալավ թեկնածուն: Հիմա էլ նույնն է՝ համաձայնեցնենք ծրագիրը, մոտեցումները, ելքերը ու եթե դա կընդունվի, արդեն կարելի է խոսել այն անձի վերաբերյալ, ով դա լավագույնս կիրականացնի: Այս քայլերի տեղերը փոխելը սխալ տեղ է տանում:
– Հիմա Դուք արդեն ծրագիրը մշակել եք, ապրիլի 28-ին ներկայացնելու եք խորհրդարանին, տեսնո՞ւմ եք այն անձին, որ լավագույնս կիարականցնի այդ ծրագիրը:
– Այո, բազմաթիվ են այդ անձինք:
– Անուններ կհնչեցնե՞ք:
– Դաշնակցության բյուրո, ԳՄ, ֆրակցիա, տարբեր կառույցներում ժամանակին աշխատած անձինք. մենք կադրային մեծ բանկ ունենք, ՀՅԴ-ն երբեք կադրերի պակաս չի ունեցել:
– ՀՅԴ խմբակցությունը Սերժ Սարգսյանի կողմից արդեն ստացե՞լ է հրավեր, մասնակցելո՞ւ եք խորհրդակցությանը:
– Չէ, մենք հրավեր չենք ստացել: Ստանանք՝ գնալու ենք:
– Գնահատականներ են հնչում, որ Տիգրան Սարգսյանի հրաժարականով քառյակի առաքելությունը ավարտվեց, որ ոչ իշխանական չորս խմբակցություններն այլևս անելիք չունեն: Դուք ձեր առաքելությունն ավարտված համարո՞ւմ եք:
– Նման կարծիքներ չարախոսներն են ասում: Այդպես չէ, քառյակն անելիք ունի այնքան ժամանակ քանի դեռ միասնականությունն ապահովող միասնական մոտեցումները առկա են: Եթե մենք կարողանում ենք քայլեր գտնել, որոնք համատեղ անում ենք, ուրեմն քառյակը միշտ կարող է աշխատել, ինչպես աշխատել է մինչև հիմա՝ անգամ տարաձայնություններ ունենալով տարբեր հարցերի շուրջ, որովհետև մտածել ենք, որ եթե կարող ենք կատարել մի քայլ, որի հետ բոլորը համակարծիք են, ուրեմն հենց այդպես էլ պետք է անենք:
– Քառյակի ներկայացուցիչները հայտարարում են, որ Տ. Սարգսյանի հրաժարականի պատճառը ձեր գործողություններն էին, իշխանությունը պնդում է՝ հակառակը: Դուք է՞լ եք վարչապետի հրաժարականը հաղթանակ համարում:
– Այո, ես կարծում եմ, որ քաղաքացիական ակտիվությունը, այս ընթացքում պարտադիր կուտակային համակարգի դեմ պայքարը, և բազմաթիվ այլ խնդիրներ նպաստեցին դրան: Քառյակի միասնականությունն էլ, շատ կոնկրետ, ծրագրված քայլերի առկայությունն էլ հանգեցրեց նրան, որ ավելի լավ է հենց իշխանությունը կանխի զարգացումները, քան բերի ձնագնդիկի կուտակման էֆեկտով ավելի մեծ խնդիրների առաջացմանը: Հրաժարականը ողջամիտ քայլ էր և քաղաքական հոտառություն ունցող ցանկացած ուժ, անձ իրավիճակը համապատասխան կերպ կգնահատեր: