ԵՄ-ը որոշում է ընդունել Մոլդովայի հետ վիզային ռեժիմի վերացման մասին
![](https://168.am/wp-content/uploads/2014/04/F797D097-8105-4377-949E-0C7B5F18B30F_w640_r1_s_cx0_cy7_cw66.jpg)
«Ազատություն» ռադիոկայանի ռուսական ծառայության փոխանցմամբ՝ Եվրախորհրդարանը պաշտոնապես որոշում է ընդունել Մոլդովայի համար վիզային ռեժիմը չեղյալ հայտարարելու մասին: Ապրիլի 28-ից Մոլդովայի այն քաղաքացիները, որոնք ունեն կենսաչափական անձնագրեր, այլևս վիզայի կարիք չեն ունենա՝ Շենգենյան գոտու երկրներ այցելելու համար:
Համապատասխան որոշումն այսօր իր ստորագրությամբ հաստատել է Եվրախորհրդարանի նախագահ Մարտին Շուլցը: Տվյալ արարողակարգին մասնակցած ներքին հարցերով եվրահանձնակատար Սեսիլիա Մալմստրյոմը հայտարարել է, որ դա մեծ ձեռքբերում է, ինչը խորհրդանշում է Մոլդովայի հետ ԵՄ-ի հարաբերություններում նոր փուլի սկսում:
ԵՄ-ի ու Մոլդովայի միջև վիզային ռեժիմի դյուրացման մասին առաջին անգամ հայտարարվեց նախորդ տարվա նոյեմբերին Վիլնյուսում տեղի ունեցած Արևելյան գործընկերության գագաթաժողովից հետո, որի ժամանակ Մոլդովան նախաստորագրեց Ասոցացման համաձայնագիրը: Ակնկալվում է, որ մինչև այս տարեվերջ Մոլդովան կստորագրի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: