Բաժիններ՝

«Լուծումը պարզ է. հարկավոր է փոխել վերաբերմունքը գիտության և, առհասարակ, գիտնականի հանդեպ»

168.am-ի զրուցակիցն է  Հայ-ֆրանսիական միջազգային միացյալ լաբորատորիայի ասպիրանտ Մարիամ Գևորգյանը

Օրերս ՀՀ կրթության և գիտության նախարարության Գիտության պետական կոմիտեի (ՀՀ ԿԳՆ ԳՊԿ) կազմակերպած «Ասպիրանտների և երիտասարդ հայցորդների հետազոտությունների աջակցության ծրագիր-2013» մրցույթի արդյունքում գիտական հետազոտությունների իրականացման համար դրամաշնորհի արժանացավ ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտի (ՖՀԻ) և Ֆրանսիայի Բուրգունդիայի համալսարանի ասպիրանտ Մարիամ Գևորգյանը: Մարիամը հետազոտություններ է կատարում գերսառը քվանտային այլասերված գազերում հարկադրական Ռամանյան ադիաբատ անցման (STIRAP) կիրառմամբ ատոմ-մոլեկուլ փոխարկման պրոցեսի դինամիկայի վերաբերյալ, ատենախոսության թեմայի վերնագիրն է՝ «Սառն ատոմների ասոցիացիան այլասերված քվանտային գազերում STIRAP-ի միջոցով», աշխատում է ՀՀ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, ունի տպագրված և տպագրության պատրաստած հոդվածներ՝ միջազգային, բարձր ազդեցության գործակից (impact factor) ունեցող ամսագրերում:

Մարիամ, նախ՝ շնորհավորում եմ դրամաշնորհի առթիվ, և ուրիշ ի՞նչ գիտական մրցանակներ ու դրամաշնրհներ եք ստացել։

– Բացի այս դրամաշնորհից, ես, արդեն երկրորդ տարին է՝ ստանում եմ Ֆրանսիայի դեսպանատան ու կառավարության Boursier du Gouvernement Français «Doctorat de Physique» դրամաշնորհը` երկու գիտական ղեկավարների, հայ և ֆրանսիացի, համաղեկավարությամբ՝ ասպիրանտական ուսումս իրականացնելու համար։

Կարդացեք նաև

Ընդհանրապես ինչպիսի՞ն է Ձեր վերաբերմունքը նմանատիպ դրամաշնորհներին ու մրցանակաբաշխություններին։

– Իհա՛րկե դրական, այդպիսի միջոցառումները շատ անհրաժեշտ են: Այժմ երիտասարդները գիտությամբ զբաղվելու համար նմանօրինակ դրամաշնորհների կարիք շատ ունեն: Նման ծրագրերից հետո ավելի ոգևորությամբ ենք սկսում աշխատել: Դրամաշնորհները որոշ չափով մեղմում են իրավիճակը: Սակայն, ըստ իս, դա կարող է միայն լինել անհրաժեշտ, բայց ոչ բավարար պայման: Նմանօրինակ դրամաշնորհները լուծում են որոշ խնդիրներ, ինչպիսիք են՝ միջազգային գիտաժողովների մասնակցությունը, անհրաժեշտ նյութերի և սարքավորումների ձեռքբերումը, բայց ո՛չ հիմնական խնդիրները: Մարդ պետք է ունենա ամենամսյա աշխատավարձ, ոչ թե սպասի ժամանակավոր դրամաշնորհների, մանավանդ, հայտնի չէ՝ հաջորդ դրամաշնորհը կլինի մեկ տարի հետո՞, թե՞ ավելի ուշ: Ամեն դեպքում, դա խնդրի հիմնական լուծում չի:

Մարիամ, պատմեք Ձեր՝ գիտություն ոտք դնելու ճանապարհի մասին, ինչպե՞ս եղավ, ի՞նչը գրավեց, ի՞նչ հեռանկարներ կան ու ի՞նչ ծրագրեր, նաև՝ ի՞նչ միջազգային գիտական համագործակցություններում եք ընդգրկված:

Մեծ հաճույք է զբաղվել մի աշխատանքով, ինչն իսկապես քեզ դուր է գալիս: Դեռևս մագիստրատուրայում ուսանելու տարիներին գիտությամբ զբաղվելու տարբեր առաջարկներ ստացել եմ դասախոսներից. երևի նկատում էին, որ առանձնակի վերաբերմունք ունեմ: Սակայն գիտությամբ զբաղվելու մտադրություն չունեի մինչ այն պահը, երբ հանդիպեցի իմ գիտական ղեկավարին: Մագիստրատուրայի 2-րդ կուրսում էի, երբ ծանոթացա ծրագրի հետ, որով զբաղվում եմ մինչ այժմ: Ի դեպ, աշխատանքն արդիական է և շատ հետաքրքիր:

Mariam_Gevorgyan1

Այժմ ես և մեր խումբն ընդգրկված ենք LIA IRMAS առանց պատերի հայ-ֆրանսիական համատեղ միացյալ լաբորատորիայի կազմում, ինչպես նաև եվրոպական FP7 շրջանակային ծրագրի IPERA նախագծում:  Նշեմ, որ մեր խումբը միշտ էլ համագործակցել է միջազգային գիտական հանրության հետ: ՖՀԻ-ի Նյութական ալիքների ֆիզիկայի լաբորատորիայի Ատոմական օպտիկայի խմբում, որում ընդգրկված եմ, ստացվել են մի շարք կարևոր արդյունքներ: Մասնավորապես, կապված նյութական ալիքների` օպտիկական դաշտերում տարածման, Բոզե-Էյնշտենյան կոնդենսատների վերպատնեշային անցումների ու անդրադարձումների, քվանտային սակավավիճակ (երկ- և եռամակարդակ) համակարգերի գրգռումների, մակերևութային պլազմոն-պոլյարիտոնների ֆիզիկայի և այլ խնդիրների հետ:

Համագործակցությունները միշտ էլ խրախուսելի են, դրանց շրջանակներում հստակ պլանավորվում են անելիքները, ստեղծվում են պայմաններ՝ միջազգային գիտաժողովներում արդյունքները ներկայացնելու համար, շատ կարևոր են փորձի և առանձին բնագավառների վերաբերյալ գիտելիքների փոխանակման համար, հակիրճ` միջազգային համագործակցությունները շատ են նպաստում գիտության զարգացմանը:

Ի՞նչ հիմնական խնդիրներ ու մտահոգություններ ունի հայաստանյան երիտասարդ գիտնականը։

– Խնդիրները բազմաթիվ են: Առաջնահերթը ֆինանսավորման խնդիրն է: Նորագույն տեխնոլոգիաների, գիտական սարքավորումների բացակայությունը նույնպես մեծ խնդիր է: Լուծումը պարզ է. հարկավոր է փոխել վերաբերմունքը գիտության և, առհասարակ, գիտնականի հանդեպ: Նորություն ասած չեմ լինի, եթե նշեմ, որ յուրաքանչյուր երկրի տնտեսության կայուն և մրցունակ զարգացումը փոխշաղկապված է գիտության զարգացման հետ:

Եվ ի՞նչ անել, ինչպե՞ս վարվել, ի՞նչ լուծումներ կան:

– Երիտասարդ գիտնականները պետք է բարձրաձայնեն իրենց խնդիրները, հակառակ դեպքում՝ ոչինչ չի փոխվի: Ամեն դեպքում, ցանկացած մեծամասշտաբ խնդիր լուծելու համար նախ՝ պետք է այն բարձրաձայնել, քննարկել և փորձել տալ որոշակի լուծումներ, դրանք անընդմեջ քողարկելով՝ ոչ մի արդյունքի չենք հասնի:

Վերջապես, գիտնականը նույնպես մարդ է և ունի իր հոգսերը:  Գիտնականի համար պետք է պայմաններ ստեղծել, որպեսզի նա հանգիստ աշխատի և ոչ թե՝ անընդհատ մտածի դրամաշնորհների, սարքավորումների և կենցաղային անհրաժեշտ կարիքների մասին: Մյուս կողմից՝ բոլորս էլ գիտակցում ենք, որ այսպիսի պայմանների ապահովումը միայն գիտնականի գործը չէ, և շատերը մեր երկրում, իրենց ընտանեկան հոգսերը բավարարելու համար, ստիպված են կա՛մ թողնել գիտությունը, կա՛մ նաև զբաղվել երկրորդ՝ ոչ գիտական աշխատանքով:

Իհարկե, պիտի ասեմ, որ վերջին տարիների ընթացքում դրական փոփոխություններ կան. ավելացել է դրամաշնորհների թիվը, անցկացվում են որոշ մրցանակաբաշխություններ, սա իսկապես գովելի է: Մյուս կողմից՝ եկեք հստակեցնենք, որ մրցանակաբաշխությունները պետք է ծառայեն՝ որպես խրախուսանք, և ոչ՝ որպես աշխատավարձ: Նկատի ունեմ՝ գիտնականը չպետք է կախված լինի ժամանակավոր մրցանակներից կամ դրամաշնորհներից:

Մարիամ, Դուք բավական ժամանակ եղել եք Ֆրանսիայում: Ի՞նչ հիմնական տարբերություններ եք նկատել Հայաստանում և Ֆրանսիայում գիտական աշխատանքով զբաղվելու հարցում։

– Այո, ինչպես արդեն նշեցի՝ ես սովորում եմ հայ-ֆրանսիական համատեղ ղեկավարությամբ ասպիրանտուրայում և մեկ տարի աշխատել եմ Ֆրանսիայում: Այնտեղ ստեղծված են բոլոր պայմանները՝ գիտական աշխատանքով զբաղվելու համար, այսինքն՝ առկա են անհրաժեշտ նյութեր և սարքավորումներ, և այլն: Իսկ ֆինանսավորման խնդիր, կարելի է ասել, չունեն: Կարծում եմ՝ գիտության զարգացման համար ամենակարևոր գործոններից մեկը բարենպաստ աշխատանքային պայմանների ձևավորումն է:

Որտե՞ղ, ո՞ր երկրում եք մտադիր շարունակել Ձեր գիտական առաջընթացը:

– Չեմ կարող հստակ ոչինչ ասել, հավանաբար, համատեղության կարգով՝ և՛ Հայաստանում, և՛ արտասահմանում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս