«Դուք կհամակերպվե՞ք, եթե ոտնահարվեն ձեր իրավունքները և Սահմանադրությունը». ՀՀ-ում Ուկրաինայի դեսպան

Արդյոք տեսնո՞ւմ եք պատերազմի վտանգ Ռուսաստանի հետ` հաշվի առնելով Ղրիմում ռուսական սադրանքները: Այսօրվա ասուլիսում այս հարցն ուղղեցին Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային, ինչին ի պատասխան` դեսպանը նշեց. «Ուկրաինան շատ խաղաղասեր պետություն է, ուստի Ղրիմի նկատմամբ որևէ ռազմական գործողություն չի ծրագրվում»:

Իվան Կուխտան ավելացրեց, որ իր կարծիքով` որ դիվանագիտական ջանքերը դեռևս սպառված չեն, և Ուկրաինան պատրաստ է Ռուսաստանի և Ղրիմի ներկայացուցիչների հետ նստել բանակցությունների սեղանի շուրջ և քննարկել Ղրիմի Ինքնավար Հանրապետության լիազորությունների ընդլայնումն ու ռուսախոս ժողովրդի իրավունքների հարցը:

Ասուլիսում լրագրողներից մեկը նաև այսպիսի հարց հնչեցրեց. «Իսկ Ուկրաինան ե՞րբ կհաշտվի կամ երբևէ կհաշտվի՞ Ղրիմի հանրաքվեի արդյունքների հետ»: Պատասխանելով այս հարցին` դեսպանն ասաց. «Հարցը բավական հետաքրքիր է: Օրինակ` դուք Հայաստանի քաղաքացի եք, ապրում եք Հայաստանում, դուք կհամակերպվե՞ք, եթե ոտնահարվեն ձեր իրավունքները և Սահմանադրությունը: Եթե ձեզ կիրակի օրերին թույլ չտան տանից դուրս գալ, իսկ շաբաթ օրը թույլատրեն միայն մեկ ժամով և այլն, ապա դա կլինի Հայաստանի օրենքների և Սահմանադրության խախտում: Ուկրաինան նույնպես չի կարող համակերպվել, երբ խախտվում են քաղաքացիների իրավունքները, և ոտնահարվում է Սահմանադրությունը»:

Կուխտան ևս մեկ անգամ ընգծեց, որ Ղրիմի հանրաքվեն հակասահմանադրական է, և Ուկրաինան այն չի ճանաչում, նաև ավելացրեց, որ հույս ունի, թե Ուկրաինայի ճգնաժամը կլուծվի օրենքի և Սահմանադրության շրջանակներում:

Ի դեպ, Իվան Կուխտան անդրադարձավ նաև Անկախ պետությունների համագործակցությունից (ԱՊՀ) դուրս գալու Ուկրաինայի կառավարության հայտարարությանը` նշելով, որ ԱՊՀ արտգործնախարարները մինչ օրս ժամանակ չեն գտել Ուկրաինայի առաջարկով նիստ հրավիրելու և Ուկրաինայում ստեղծված իրավիճակը քննարկելու համար:

«Եթե մի կազմակերպությունում հավաքվում են միայն թեյ խմելու, ապա այդ կազմակերպությունը ոչ մեկին պետք չէ»,- ասաց Իվան Կուխտան:

Տեսանյութեր

Լրահոս