Հայաստանում Ուկրաինայի դեսպան. Ես չեմ կարող մեկնաբանել Հայաստանի դիրքորոշումը
Երեկ` մարտի 19-ին, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը երեկ հայկական կողմի նախաձեռնությամբ հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Տարածված հաղորդագրության համաձայն` երկու երկրների ղեկավարները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ, և այդ համատեքստում` Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինին ասել է, որ Ղրիմի հանրաքվեն հանդիսանում է ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը: Միաժամանակ ընդգծվել է միջազգային իրավունքի նորմերին ու սկզբունքներին, առաջին հերթին՝ ՄԱԿ-ի կանոնադրությանը, նվիրվածության կարևորությունը:
Այսօր «Մեդիա կենտրոնում» հրավիրված մամուլի ասուլիսին լրագրողները Հայաստանում Ուկրաինայի արտակարգ և լիազոր դեսպան Իվան Կուխտային խնդրեցին մեկնաբանել Սերժ Սարգսյանի դիրքորոշումը Ղրիմի հանրաքվեի վերաբերյալ: Սակայն պարոն դեսպանը պատասխանեց, որ չի ցանկանում այն մեկնաբանել:
«Այո´, մենք երեկ լրատվամիջոցներում տեսանք պաշտոնական հաղորդագրությունն այն մասին, որ Հայաստանի նախագահը խոսել է Ռուսաստանի Դաշնության նախագահի հետ, և մենք տեղեկացրել ենք Ուկրաինայի արտգործնախարարությանը այդ խոսակցության և Հայաստանի դիրքորոշման մասին: Ես չեմ կարող այն մեկնաբանել: Դուք Հայաստանի քաղաքացիներ եք, և կարծում եմ` դուք պետք է այդ հարցը տաք ոչ թե Հայաստանում Ուկրաինայի դեսպանին, այլ նախագահի, արտգործնախարարության մամուլի ծառայությանը և այլն, և այլն, և նրանցից պահանջեք դիրքորոշման արտահայտում, քանի որ դուք հարկատու եք, և նրանք ձեզ համար աշխատում են որպես պաշտոնյաներ: Ես պատասխանում եմ միայն Ուկրաինայի և նրա քաղաքացիների դիրքորոշման համար»,- նշեց Իվան Կուխտան:
Դեսպանը նաև հիշեց նույն հարցի վերաբերյալ նախօրեին Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հայտնած դիրքորոշումը ` ավելացնելով, որ պաշտոնական Կիևը դեռևս որևէ կերպ չի արձագանքել:
Ինչ վերաբերում է այս համատեքստում հայ-ուկրաինական հարաբերությունների հետագա հեռանկարին, դեսպան Կուխտան կրկնեց նախորդ ասուլիսում հնչեցրած իր տեսակետը, որ Հայաստանի և Ուկրաինայի հարաբերություններն այսօր էլ լավ վիճակում են և, իր համոզմամբ, հետագայում շարունակելու են զարգանալ:
Անդրադառնալով Ղրիմի խնդրին և Ղրիմի հարցում Ուկրաինայի դիրքորոշմանը` Ուկրաինայի դեսպանը նշեց, որ այն շատ հստակ է:
«Ուկրաինայի դիրքորոշումը, ինչպես և ողջ միջազգային հանրության դիրքորոշումը, բացառությամբ որոշների, շատ հստակ և պարզ է: Ըստ էության` բոլոր միջազգային կառույցները, արևմտյան Եվրոպայի առաջատար երկրները, ԱՄՆ-ն, ԵԱՀԿ-ն, Եվրոպայի խորհուրդը, ՆԱՏՕ-ն և այլն, հայտարարել են, որ Ղրիմում անցկացված բոլոր գործողությունները կատարվում են Ուկրաինայի սահմանադրության խախտումով, ուստի սրանից ավելին չեմ կարող ասել: Մեր դիրքորոշումը հստակորեն արտահայտվել է և պաշտոնական հայտարարություններում, և նորմատիվ փաստաթղթերում»,- ասաց Իվան Կուխտան:
Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի Ինքնավար Հանրապետությունում անցկացվեց համաժողովրդական հանրաքվե, որում, ըստ հայտարարված տվյալների, բնակչության 96,7 տոկոսը քվեարկեց Ռուսաստանի Դաշնությանը վերամիավորվելու օգտին: