Հայ ակնագործները Ռուսաստանից բնական ալմաստ ձեռք բերելու դեպքում արտահանման տուրք չեն վճարի
Գործադիրը, ելնելով ՀՀ կառավարության և ՌԴ կառավարության միջև 2013թ. դեկտեմբերի 2-ին կնքված բնական գազի, նավթամթերքի և չմշակված ալմաստի մատակարարման ոլորտում համագործակցության համաձայնագրից, ըստ որի հայկական ընկերությունների կողմից ՌԴ-ից առանց արտահանման տուրքի ձեռք բերված բնական, չմշակված ալմաստը չպետք է վերաարտահանվի, այսօրվա նիստում սահմանել է դրա հաշվառման կարգը և այն իրականացնող լիազոր մարմին ճանաչել ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը: ՌԴ օրենսդրության համաձայն այդ երկրի ալմաստ արդյունահանող ընկերություններից ոչ ռեզիդենտների կողմից բնական, չմշակված ալմաստը ձեռք է բերվում՝ վճարելով արտահանման տուրք, որն զգալի գումար է կազմում: Փաստորեն հայկական ընկերություններն ազատվում են նշված տուրքից՝ պայմանով, որ իրենց ձեռք բերած ալմաստը Հայաստանից չվերաարտահանվի: Ակնկալվում է, որ որոշումն զգալիորեն կնպաստի հայկական ակնագործության զարգացմանը: