Բաժիններ՝

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պայքարում է պատգամավորի հարազատին պատկանող ռեստորանից հնչող բարձր երաժշտության դեմ

Դեռևս 2013 թվականի նոյեմբերի 7-ին ՀՔԱ Վանաձորի գրասենյակ է դիմել Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 31 շենքի 3-րդ բնակարանի բնակչուհի Ստելլա Առուստամյանը: Վերջինս կազմակերպությանն ուղղված դիմումում հայտնել է, որ իր բնակարանի ներքևի հարկում՝ շենքի բնակելի առաջին և նկուղային հարկերում գործում է «Կամելոտ» ռեստորանը: Ռեստորանում հնչում է կենդանի երաժշտություն, և, քանի որ ձայնամեկուսացման աշխատանքներ չեն կատարվել, հնչող երաժշտությունը խանգարում է իր և իր ընտանիքի անդամների հանգիստը, հատկապես այն դեպքում, որ ռեստորանը հաճախ աշխատում է նաև գիշերային ժամերին, չնայած չունի 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն:

Անհրաժեշտ ենք համարում ընդգծել, որ ըստ Ս. Առուստամյանի հայտնած տեղեկությունների՝ «Կամելոտ» ռեստորանը պատկանում է ՀՀ ԱԺ պատգամավոր Մնացական Մնացականյանի եղբորը՝ Նազարեթ Մնացականյանին, ով այժմ զբաղեցնում է ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի տեղակալի պաշտոնը:

Ս.Առուստամյանի խնդրի կարգավորման համար ՀՔԱ Վանաձորի գրասենյակը ոլորտի նկատմամբ հսկողություն իրականացնող տարբեր մարմիններին ուղարկել է գրություններ: Մասնավորապես, դիմումներ են ուղարկվել ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանին և ՀՀ ոստիկանության պետ Վ. Գասպարյանին՝ ձեռնարկելու համապատասխան միջոցներ Երևան քաղաքի Մաշտոցի պողոտայի 31 շենքի նկուղային և առաջին հարկերում տեղակայված «Կամելոտ» ռեստորանում աղմուկի թույլատրելի մակարդակից  հնարավոր շեղումներ հայտնաբերելու, դրանք հայտնաբերելու դեպքում պատասխանատվության միջոցներ կիրառելու և ձայնամեկուսացման աշխատանքներ կատարելուն պարտավորեցնելու պահանջներով: ՀՀ առողջապահության նախարար Դ. Դումանյանին ուղղված դիմումի հիման վրա հարուցվել է վարչական վարույթ՝ ՀՀ առողջապահության նախարարության «Աղմուկն աշխատեղերում, բնակելի և հասարակական շենքերում և բնակելի կառուցապատման տարածքներում» N2-III-11.3 սանիտարական նորմերի պահանջների ապահովումը պարզելու նպատակով: Վարչական վարույթի ընթացքում իրականացված գործիքային չափումների արդյունքում պարզվել է, որ «ՋԻ-ԷՍ-ԷՆ» ՍՊԸ-ին պատկանող «Կամելոտ» ռեստորանի երաժշտական սարքերի առավելագույն հզորությամբ աշխատելու ժամանակ, աղմուկի համարժեք մակարդակները չեն գերազանցել վկայակոչված սանիտարական նորմերով սահմանված նորմերը: Այդպիսով, կայացվել է հարուցված վարչական վարույթը կարճելու մասին որոշում՝ խախտման բացակայության հիմքով:

Մինչդեռ, ՀՀ ոստիկանության պետին ուղղված դիմումի հիման վրա ՀՀ ոստիկանության Երևան քաղաքի վարչության Կենտրոնականի բաժնում վարչական իրավախախտման վերաբերյալ իրականացված վարույթի շրջանակներում կայացվել է որոշում՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածի (լռությունը խախտելը) հատկանիշներով և որպես տույժի միջոց կիրառվել է նախազգուշացում:

«Կամելոտ» ռեստորանի կողմից գիշերային ժամերին լռությունը խախտելու՝ բարձր երաժշտություն միացնելու վերաբերյալ Ստելլա Առուստամյանը և նրա ընտանիքի անդամները բազմիցս ահազանգել են ՀՀ ոստիկանության 1-02 ծառայություն, որի հիման վրա դեպքի վայր ժամանած ոստիկանության աշխատակիցները կազմել են վարչական իրավախախտում կատարելու արձանագրություններ, վերցրել բացատրություններ, այնուհետև կայացվել են համապատասխան որոշումներ: Ընդ որում, նշված ահազանգերի հիման վրա կայացված որոշումները ստանալու համար դիմելուց հետո պարզվել է, որ 2013 թ. նոյեմբեր ամսին կատարված երկու և դեկտեմբեր ամսին կատարված մեկ ահազանգի վերաբերյալ վարչական իրավախախտումների շրջանակներում կայացվել է մեկ ընդհանրական որոշում 23.12.2013 թ.-ին՝ որով «Կամելոտ» ռեստորանի փոխտնօրեն Հայկ Բիշարյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության՝ ՀՀ վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 180-րդ հոդվածով նախատեսված արարք կատարելու համար և նրա նկատմամբ կիրառվել է նախազգուշացում: Բացի այդ, հարկ է նշել, որ հիշյալ որոշումը վերաբերում է նաև ՀՔԱ Վանաձորի գրասենյակի՝ ՀՀ ոստիկանապետին ուղղված դիմումի հիման վրա իրականացված վարչական վարույթին: Այսինքն՝ քաղաքացու կողմից կատարած ահազանգերի հիման վրա կատարված քննությունը նույնացվել է կազմակերպության դիմումի հիման վրա կատարված քննությանը և արդյունքում կայացվել է վարչական տույժ նշանակելու մասին մեկ՝ թիվ 0010124 որոշումը: 2014 թ. հունվարի 19-ին Ս. Առուստամյանի կողմից ևս մեկ ահազանգ է կատարվել, որի հիման վրա իրականացվող վարչական վարույթը գտնվում է եզրափակիչ փուլում, և այս դեպքում իրավախախտում կատարած անձ է հանդիսանում ռեստորանի գանձապահ Նարեկ Զաքարյանը: Նշվածը հիմք է տալիս ենթադրելու, որ տվյալ դեպքում նույնպես պետք է կիրառվի նախազգուշացում, քանի որ վերջինս մեկ տարվա ընթացքում նույն արարքի համար դեռևս չի ենթարկվել վարչական պատասխանատվության:

ՀՀ Երևանի քաղաքապետ  Տ. Մարգարյանին ուղղված հարցմամբ ճշտվել է, որ «Կամելոտ» ռեստորանը չունի գիշերային ժամերին աշխատելու թույլտություն:  Սակայն, այնուհանդերձ, ռեստորանը աշխատում է նաև գիշերային ժամերին, որի համար ապացույց է հանդիսանում ՝ վարչական տույժ նշանակելու մասին վերը վկայակոչված որոշումը, որտեղ հստակ նշված է, որ ահազանգերը Ս.Առուստամյանի կողմից կատարվել են 24:00-ից հետո: Այսպիսով, փաստում ենք, որ «Կամելոտ» ռեստորանն աշխատում է առանց համապատասխան թույլտվության և ձայնամեկուսացման համակարգի՝ խաթարելով բնակիչների խաղաղ քունն ու հանգիստը: Չնայած նշվածին, լռությունը խախտելու համար «Կամելոտ» ռեստորանի տնօրինության նկատմամբ, որպես պատասխանատվության միջոց, չի կիրառվում տուգանքը, քանզի վարչական իրավախախտման վերաբերյալ արձանագրութունները հիմնականում կազմվում են տարբեր աշխատակիցների նկատմամբ, իսկ նույն աշխատակցի նկատմամբ կազմված մի քանի արձանագրությունների վերաբերյալ գործերով վարույթները քննվել են նույն մարմնի վարույթում, ինչը ենթադրում է մեկ տույժի միջոցի կիրառում:

Այսպիսով, կարող ենք արձանագրել, որ ՀՀ ոստիկանությունը, ՀՀ առողջապահության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը դրսևորում են կողմնակալ վերաբերմունք, գործելով ոչ թե օրենքի պահանջներին համապատասխան, այլ կոնկրետ անձանց շահերից ելնելով:

Այնուհանդերձ, ՀՔԱ Վանաձորի գրասենյակը շարունակելու է իրականացնել Ստելլա Առուստամյանի և նրա ընտանիքի անդամների իրավունքների պաշտպանությունը և միաժամանակ, հրավիրում է համապատասխան մարմինների ուշադրությունը ներկայացված խնդրին, քանզի անձի՝ իր առողջությանը և բարեկեցությանը նպաստող շրջակա միջավայրում ապրելու սահմանադրական իրավունքին համապատասխանում է՝ այդպիսի շրջակա միջավայր ապահովելու համապատասխան պետական մարմինների պարտավորությունը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս