Այլևս հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում խոչընդոտը ոչ թե Վաշինգտոնն է, այլ Մոսկվան
Ուկրաինական ճգնաժամը և Ղրիմի հարցը, բնականաբար, շարունակում են մնալ միջազգային և նաև հայկական մամուլի ուշադրության կենտրոնում, սակայն նույն ժամանակահատվածում տեղի են ունենում այլ տարածաշրջանային զարգացումներ, որոնք ոչ պակաս կարևոր են մեր տարածաշրջանի և, մասնավորապես, Հայաստանի համար: Խոսքն Արևմուտք-Իրան հարաբերություններում նկատվող դրական միտումների մասին է: Նախորդ շաբաթ Եվրամիության (ԵՄ) արտաքին հարաբերությունների ու անվտանգության քաղաքականության բարձրագույն հանձնակատար, այլ կերպ ասած` ԵՄ-ի արտաքին գործերի ղեկավար Քեթրին Էշթոնն այցելել է Իրանի Իսլամական Հանրապետություն (ԻԻՀ), սա 2008 թ. ի վեր ԵՄ բարձրագույն հանձնակատարի մակարդակով առաջին պաշտոնական այցն է Իրան:
Բարոնուհի Էշթոնը մարտի 9-ին Թեհրանում հանդիպել է ԻԻՀ արտգործնախարար Ջավադ Զարիֆի հետ, իսկ երեկ նրան ընդունել է արդեն Իրանի նախագահ Հասան Ռոուհանին:
Քեթրին Էշթոնն իր իրանցի գործընկերոջ հետ, մասնավորապես, շարունակել է Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունները: Այս հարցի առնչությամբ Իրանի արտգործնախարարը հայտարարել է, թե Իրանը պատրաստակամ է մինչև հուլիս վեցյակի (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, Ռուսաստան, Չինաստան + Գերմանիա) հետ կնքելու վերջնական համաձայնագիրը, թեև Ք. Էշթոնն, իր հերթին` դրական համարելով դիվանագիտական առաջընթացը, նշել է, թե չի կարող երաշխավորել Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների դրական ելքը:
Ավելացնենք, որ Արևմուտք – Իրան հարաբերություններում որոշակի ձնհալի համար խթան դարձավ Իրանում նոր իշխանության ձևավորումը, երբ նախագահ ընտրվեց բարեփոխական Հասան Ռոուհանին: Իրանի շուրջ տեղի ունեցող իրադարձությունների վերաբերյալ հարցի շուրջ է մեր զրույցը Տարածաշրջանային հետազոտությունների կենտրոնի տնօրեն, քաղաքագետ Ռիչարդ Կիրակոսյանի հետ:
– Պարոն Կիրակոսյան, ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք Արևմուտքի և Իրանի միջև այս գործընթացը:
– Դատելով ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Քեթրին Էշթոնի` Իրան կատարած այցից` կարող ենք առանձնացնել մի քանի կարևոր զարգացումներ. առաջինը, սա ցույց է տալիս Իրանի հետ հարաբերություններում արևմտյան դիվանագիտության և ներգրավվածության հաջողությունը, որը սկսվել է Ժնևում:
Այլ կերպ ասած` հաջողությունն այն է, որ այժմ սկսվել է դիվանագիտության երկրորդ փուլը, երբ ԵՄ-ն է գնում Իրան` պարզապես Շվեյցարիայում Իրանի ներկայացուցիչների հետ հանդիպելու փոխարեն: Այսպիսով, կարևորելով այցը` պետք է նշել, թե ինչ ասաց Էշթոնն Իրանում. նա բավական շրջահայաց գտնվեց` հայտարարելով, թե հարաբերություններում կա առաջընթաց, սակայն Արևմուտքի և Իրանի միջև վերջնական համաձայնագրին հասնելն ավելի դժվար կլինի: Սրա պատճառն այն է, որ Արևմուտքը ցանկանում է նվազեցնել բարձր ակնկալիքները:
Երկրորդը, Էշթոնը չէր ցանկանում շփոթության մեջ դնել Իրանի նախագահին, քանի որ, ասելով, թե վերջնական համաձայնագիրը կնքելը դժվար կլինի, դրանով ավելի ուժեղացրեց Իրանի նախագահի դիրքերը երկրի ներսում` նրա պահպանողական հակառակորդների հետ պայքարի իմաստով:
Այս հարցում կան նաև երկու կարևոր հանգամանքներ Հայաստանի համար: Առաջինը, Իրանի հետ Արևմուտքի հարաբերությունների բարելավման դեպքում Հայաստանը կարող է մեծացնել Իրանի հետ հարաբերությունների պոտենցիալը: Երկրորդը, Իրանի հետ հարաբերությունների խորացմանը կարող է նպաստել Իրանի նախագահ Ռոուհանիի առաջիկա այցը Հայաստան: Այստեղ հետաքրքրականն այն է, որ այլևս հայ-իրանական հարաբերությունների սերտացման հարցում խոչընդոտը ոչ թե Վաշինգտոնն է, այլ Մոսկվան:
Այսինքն` մինչև ժնևյան բանակցությունները, Հայաստանի դիվանագիտության մարտահրավերն Իրանի հարցով ամերիկացիներին չհիասթափեցնելն էր, բայց հիմա, երբ Միացյալ Նահանգներն ուղիղ կապ է հաստատել Իրանի հետ, Հայաստանի վրա ճնշումը Մոսկվայից է: Ռուսներին դուր չի գալիս, որ Ռուսաստանի կարևորությունը Իրանի հարցում նվազել է, և, քանի որ Ռուսաստանը դուրս է մնացել Իրանի հետ դիվանագիտական գործընթացից, նա կարող է ճնշում գործադրել Հայաստանի վրա:
– Այսպիսով, ի՞նչ ազդեցություն կարող է ունենալ Արևմուտք – Իրան հարաբերությունների բարելավումը Ռուսաստանի, Հարավային Կովկասում նրա դերի ու ազդեցության վրա:
– Ուղղակի ազդեցություն չի լինի, իսկ ավելի լայն իմաստով` դա կարող է մեծացնել լարվածությունը, որովհետև դա կարող է խթանել տարածաշրջանում թե՛ Ռուսաստանի և թե՛ Թուրքիայի արձագանքը` ընդդեմ Արևմուտք-Իրան հարաբերությունների բարելավման: Այստեղ մեկ այլ պարտվող կողմ է Ադրբեջանը, որն այլևս չի կարող առաջ քաշել այն փաստարկը, թե Ադրբեջանը ռազմավարական կարևորություն ունի Իրանից եկող վտանգի համար:
– Իսկ Մոսկվայի ճնշումը, որի մասին նշեցիք, որևէ կերպ կապվա՞ծ է Հայաստանի և Իրանի էներգետիկ համագործակցության հետ:
– Իհա՛րկե, կարելի է ասել` Հայաստանի վրա ռուսական ճնշումը կապված է հայ-իրանական հարաբերությունների պատմական ընթացքի հետ, և հենց այս ճնշման հետևանքով է նվազել տարիներ առաջ Հայաստանի և Իրանի միջև կառուցված իրանական գազատարի թողունակությունը: Եվ Ռուսաստանը կշարունակի գործադրել ճնշումը` հայ-իրանական հարաբերությունները սահմանափակելու նպատակով:
– Այդ դեպքում որքանո՞վ է հնարավոր դառնում Հայաստան-Իրան էներգետիկ համագործակցության խորացումը:
– Այդ հարցին իրական պատասխանը կայանում է ոչ թե նրանում, թե Ռուսաստանն ինչպիսի ճնշում կգործադրի Հայաստանի վրա, այլ, թե ինչպես Հայաստանը կդիմակայի այդ ճնշմանը: Եվ, անկեղծ ասած, սեպտեմբերի 3-ի որոշումից հետո վստահ չեմ, որ Հայաստանի իշխանությունն ունի քաղաքական կամք` դեմ գնալու Մոսկվային:
– Իսկ Հայաստանը տեսականորեն կարո՞ղ է ինչ-որ միջնորդական առաքելություն իրականացնել Արևմուտք-Իրան երկխոսությունում:
– Մենք մեկ անգամ ունեցել ենք այդ հնարավորությունը, սակայն այժմ այն ավելի փոքր է: Դրա գլխավոր պատճառներից մեկն այն է, որ «Գազպրոմի» հետ վերջին գազային պայմանագրից հետո Ռուսաստանն ամբողջովին սեփականացրել է Հայաստանի գազի ոլորտը: Սակայն երկարաժամկետ հեռանկարում Հայաստանն ունի պոտենցիալ` դառնալու կամուրջ Արևմուտքի և Իրանի միջև:
– ՀՀ Ազգային ժողովում ստեղծվել է հանձնաժողով, որը պետք է ուսումնասիրի «Գազպրոմի» հետ կնքված պայմանագիրը, թերևս կարևոր է հիշատակել պայմանագրի այն կետը, թե ՀՀ-ն մինչև 2043 թ. իրավունք չունի երրորդ պետությունից գազ ներկրել Հայաստան: Կարո՞ղ ենք այս նախաձեռնությունը դիտարկել որպես մի քայլ, որը կարող է նոր հնարավորություն ստեղծել Իրանի հետ գազային համագործակցության համար:
– Եթե Հայաստանում գոյություն ունենար գործող ժողովրդավարություն, ապա անմիջական կապն ակնհայտ կլիներ, սակայն Հայաստանի գործող քաղաքական իրավիճակում խորհրդարանի այդ քննարկումները, դժբախտաբար, չեն ազդի Հայաստան-Իրան հարաբերությունների վրա: Խնդիրն այն է, որ Հայաստանի խորհրդարանի և կառավարության նկատմամբ վստահության պակաս կա, սա վերաբերում է և՛ գազի սակագնին, և՛ գազի սուբսիդավորմանը, և՛ գազի որակին:
– Կա տեսակետ, որ Իրանն ավանդապես Կովկասում իրականացրել է հավասարակշռման քաղաքականություն, իսկ Հայաստանի հանդեպ Իրանի մոտեցումը շատ հաճախ նման է ՀՀ-ում Իրանի դեսպան Մոհամմադ Ռեյիսիի արտահայտած դիրքորոշմանը. օրինակ, նախորդ տարվա հունիսին հայ լրագրողների հետ հանդիպման ժամանակ դեսպանն անդրադառնալով Հայաստան-Իրան երկաթգծի կառուցման խնդրին, ասաց, թե Իրանը պատրաստ է կառուցել Հայաստանի համար մեծ կարևորություն ունեցող երկաթուղու իրանական հատվածը, թեև «իրենց համար այդ երկաթգիծն այնքան էլ իմաստ չունի»: Այս համատեքստում ի՞նչ կարևորություն կարող է Հայաստանն ունենալ Իրանի համար:
– Հետաքրքիրն այն է, որ իրականում Հայաստանն ավելի մեծ կարևորություն ունի Իրանի համար, քան Իրանը` Հայաստանի համար: Եվ չի կարելի թերագնահատել Հայաստանի դերը, այսինքն` օբյեկտիվորեն Հայաստանին հարակից բոլոր երկրները` Թուրքիան, Իրանը, նույնիսկ Վրաստանն ու Ադրբեջանը, այժմ անկայուն վիճակում են: Այս իրավիճակում Հայաստանը Իրանի հարևաններից միակ կայուն և բարեկամական երկիրն է: Եվ անկախ այն հանգամանքից, թե ինչ կլինի Արևմուտք-Իրան հարաբերությունների հետ, միևնույն է` Իրանը կշարունակի զգալ Հայաստանի կարիքը: Բայց, իհարկե,Հայաստանն ավելի շատ աշխատանք պետք է կատարի` այդ պոտենցիալն իրական օգուտների վերածելու համար:
– Իսկ հնարավո՞ր է, որ Իրանն ինչ-որ կերպ ներգրավվի ուկրաինական ճգնաժամի հետ կապված վերջին աշխարհաքաղաքական գործընթացներում, կամ ի՞նչ դերակատարություն կարող է ունենալ Իրանն Արևմուտքի կողմից Ռուսաստանի վրա գործադրվող ճնշման հարցում:
– Լավ հարց է, որովհետև, ինչպես տեսնում ենք, Իրանը դարձել է գործոն` այս տարածաշրջանից Ռուսաստանին ետ մղելու և դուրս մղելու իմաստով: Սա հիմնավորվում է նաև այն հանգամանքով, որ Ռուսաստանն այլևս պետք չէ Արևմուտքին` Իրանի նկատմամբ սանկցիաներ կիրառելու կամ Իրանի նկատմամբ ճնշումներ գործադրելու առումով: Այլ կերպ ասած` Ռուսաստանի համար ավելի մեծ սպառնալիք է այն, որ Ղրիմից հետո Արևմուտքը կձգտի էլ ավելի մեկուսացնել Ռուսաստանին, և Ռուսաստանի համար ավելի մեծ վտանգն այն է, որ, ինչպես նշեցի, Արևմուտքն այլևս Ռուսաստանի կարիքը չի ունենա: Սա լուրջ խնդիր է Ռուսաստանի համար, քանի որ միակ բանը, որ Պուտինը ցանկանում է Ռուսաստանի համար, հարգանքն է և հզոր ուժի կարգավիճակ ձեռք բերելը: