ՀԿԵ-ում անցնում է անձնակազմի ատեստավորման գործընթացը
Հարավկովկասյան երկաթուղում անցնում է աշխատողների ատեստավորման գործընթացը, ինչը պայմանավորված է Տնօրենների խորհրդի որոշման համաձայն ընթացող ընկերության վերակազմավորմամբ: Այս մասին տեղեկացնում են «ՀԿԵ» ՓԲԸ-ից:
Նշված վերակազմավորման շրջանակներում ՀԿԵ-ում ստեղծվում են երկու խոշոր տնօրինություններ՝ Շարժակազմի տնօրինությունը, որի կենտրոնը տեղակայվելու է Գյումրի քաղաքում, և Ենթակառուցվածքի տնօրինությունը:
Շարժակազմի տնօրինության տեղափոխումը Գյումրի պայմանավորված է նրանով, որ քաղաքում գնտվում են արտադրական ու ուսումնական մասերը, աշխատողների մեծամասնությունը: Բացի այդ Գյումրիում աշխատում է ժամանակակից մեքենաշինական համալիր՝ Գյումրու լոկոմոտիվային ու վագոնավերանորոգման դեպոները, որոնք հագեցած են նորագույն սարքերով, ինչը թույլ է տալիս սպասարկել և վերանորոգել վագոնները նորագույն տեխնոլոգիաներ կիրառելով:
ՀԿԵ-ում գործող ինֆորմացիոն համակարգը, տեսակոնֆերանսների անցկացման հնարավորությունները թույլ կտան անխափան կապ ապահովել Գյումրիում տեղակայված Տնօրինության հետ:
Ըստ ՀԿԵ տարածած հաղորդագրության՝ ենթակառուցվածքի ծառայության հիման վրա ստեղծվող համանուն Տնօրինության իրավասությունների մեջ կմտնեն երկաթուղային ենթակառուցվածքի շահագործումն ու կառավարումը՝ ուղևորա- և բեռնափոխադրումների իրականացման, գնացքների անվտանգ երթևեկության ապահովման նպատակով:
Նման վերակազմավորման նպատակ է հանդիսանում արտադրական գործընթացների համակարգումը, աշխատանքի արդյունավերտության բարձրացումը:
Ատեստավորում են անցնելու ՀԿԵ-ի ինժեներական ու կառավարման ապարատը, ինչպես նաև ղեկավար կազմը: Ատեստավորմանը կնախորդի նախապատրաստական աշխատանքը, աշխատողների ծանուցումն ու աշխատանքի նկարագրությունների հաստատումը՝ նոր հաստիքացուցակի համապատասխան:
Ատեստավորման անցկացման համար ստեղծված է 3 հատուկ հանձնաժողով՝ գլխավոր տնօրեն Վիկտոր Ռեբեցի, տնօրենի առաջին տեղակալ Սերգեյ Վալկոյի ու գլխավոր ինժեներ Արամ Եդիգարյանի նախագահությամբ: