Ռուսաստանն իր գործողություններով հող է նախապատրաստում Արևմուտքի հետ հետագա «առևտրի» համար

Վլադիմիր Պուտինը չէր կարող չարձագանքել Ուկրաինայի իրադարձություններին, քանի որ չարձագանքելն ինչ-որ տեղ կլիներ բարոյական հանցանք սեփական սկզբունքների նկատմամբ, ուստի նա հետխորհրդային տարածքում իրականացնում է այն քաղաքականությունը, որը պետք է իրականացնի:

«168 Ժամի» հետ զրույցում այսպես մեկնաբանեց Մոսկվայի պետական համալսարանի Ինֆորմացիոն-վերլուծական կենտրոնի փոխտնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Կարավաևը Ռուսաստանի գործողությունները` կապված Ուկրաինայի ճգնաժամի և Ղրիմի հարցի հետ:

Կարավաևի խոսքերով` Ռուսաստանի քայլերի վերաբերյալ գնահատականները երկրի ներսում տարբեր են. մի մասը գտնում է, որ ընդհանրապես պետք չէր խառնվել և պետք էր սպասել, մինչև կրքերը կհանդարտվեն, և կարելի էր լեզու գտնել նոր իշխանության հետ և այդպես լուծել Ուկրաինայի ռուսախոս բնակչության իրավունքները պաշտպանելու հարցը: Իսկ երկրորդ տեսակետը ռուսական քաղաքական շրջանակներում այն է, որ Ռուսաստանը պետք է որքան հնարավոր է` կոշտ արձագանքեր Ուկրաինայի իրադարձություններին, նույնիսկ չսահմանափակվեր Ղրիմում ռազմական ազդեցության ուժեղացմամբ և «ինքնապաշտպանության ուժերը» կազմակերպեր նաև Ուկրաինայի արևելյան շրջաններում:

Նշենք, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 4-ին կայացած ասուլիսում ասաց, թե լեգիտիմ չի համարում Կիևի փաստացի իշխանությունը, թեև միաժամանակ ավելացրեց, որ հրահանգել է ՌԴ կառավարությանը` վերսկսել երկխոսությունը Ուկրաինայի նոր կառավարության հետ:

Կարդացեք նաև

Պուտինը նաև վստահեցրեց, թե Ղրիմի օդանավակայանները, Գերագույն ռադան և այլ ռազմավարական օբյեկտները գրաված զորքերը կապ չունեն Ղրիմում ռուսական ռազմաբազայի հետ, նրա խոսքերով` դրանք «տեղական ինքնապաշտպանական ուժերի» ջոկատներն են, որոնք կազմավորել են Ղրիմի բնակիչները: Ի պատասխան լրագրողի դիտարկմանը, թե այդ «ինքնապաշտպանական ուժերի» ներկայացուցիչների համազգեստը շատ նման է եղել ռուսականին, Պուտինն անգամ հորդորել է գնալ խանութ և համոզվել, որ այնտեղից կարելի է ցանկացած տեսակի զինվորական համազգեստ գնել:

Ալեքսանդր Կարավաևը նախագահ Պուտինի պնդումն այսպես գնահատեց. «Սա հումորի լավ զգացում է: Ինքնապաշտպանության ուժեր» ձևակերպումը, ինչպես ասեմ, բավական անսովոր է, բոլորը` ոչ միայն ռազմական փորձագետները, այլև քաղաքացիները, ովքեր երբևէ առնչություն են ունեցել բանակի հետ, հիանալի հասկանում են, որ դրանք կանոնավոր զորքեր են: Ոչ ոքի հնարավոր չէ հիմարացնել»:

Նա ավելացրեց` Ռուսաստանը որոշել է այդպիսի անսովոր, նույնիսկ խորամանկ ձևով իրականացնել ռազմա-դիվանագիտական օպերացիա, բայց եթե հիշենք, թե, օրինակ, ինչ պատրվակով ամերիկացիները մտան Իրաք, ապա պարզ է դառնում, որ «ժամանակակից աշխարհում ամեն ինչ հնարավոր է»:

Ուկրաինայի իշխանությունները, արևմտյան պետությունները հայտարարում են, որ Ռուսաստանն այսպիսի ռազմական գործողություններով վտանգի է ենթարկում Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը և, մասնավորապես, խախտում է 1994 թ. Մեծ Բրիտանիայի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի և Ուկրաինայի միջև կնքված Բուդապեշտի հուշագիրը` Ուկրաինայի անվտանգության և ինքնիշխանության պահպանման մասին:
Մեկնաբանելով այս մեղադրանքը` Ալեքսանդր Կարավաևը կարծիք հայտնեց, որ հարցն ունի քաղաքական բաղադրիչ, այսինքն` Ռուսաստանի կողմից այս ռազմական ակցիան ձևակերպվել և իրականացվել է այնպես, որպեսզի ռուս դիվանագետներն ունենան փաստարկներ` առաջինը, հետագայում Ղրիմում իրենց ներկայությունը պահպանելու համար, երկրորդը, երբ սկսվեն Ուկրաինայի խնդրի կարգավորման շուրջ քննարկումները, Ռուսաստանն այդ գործոնը կարող է օգտագործել Ուկրաինայի հարցով «Արևմուտքի հետ առևտրի» ժամանակ:

«Կարծում եմ, սա առնվազն կհանգեցնի նրան, որ ստիպված կլինեն Ուկրաինայում սահմանադրական բարեփոխումներ իրականացնել, որպեսզի Ուկրաինան ունիտար պետությունից վերածվի ֆեդերատիվի: Բայց, իհարկե, պետք է սպասենք Ղրիմում մարտի 30-ին կայանալիք հանրաքվեի արդյունքներին, որոնք ցույց կտան, թե որ ուղիով կգնա Ղրիմը, որովհետև, ըստ էության, երևում է, որ Պուտինը կարևորում է Ղրիմը Ռուսաստանի օրբիտայում պահպանելը: Իհարկե, կարևոր է, թե ինչպես դա կձևակերպվի Ուկրաինայի օրենսդրության տեսանկյունից, բայց, ընդհանուր առմամբ, Պուտինը, թե՛ բազմաթիվ ռուսաստանյան փորձագետների, թե՛ Ղրիմի բնակիչների կարծիքով, ուղղում է Ելցինի սխալները, ով այդ հարցը չի դրել` 1991 թ. Բելովեժյան համաձայնագիրն Ուկրաինայի և Բելառուսի հետ ստորագրելիս: Այն ժամանակ մի շարք հեղինակավոր փորձագետներ ու քաղաքական գործիչներ այդ հարցը դնում էին Բորիս Ելցինի առջև, և Կիևում դժվար թե որևէ մեկը դրան դեմ լիներ: Համենայն դեպս, կարելի էր գոնե փոխել Սևաստոպոլ քաղաքի կարգավիճակը»,- ասաց Կարավաևը:

Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ, երկրի նախագահի ժամանակավոր պաշտոնակատար Տուրչինովը հայտարարեց, թե Ռուսաստանը փորձում է կրկնել աբխազական սցենարը և անեքսիայի ենթարկել Ղրիմը: Մեր այս հիշեցմանն ի պատասխան՝ խուսափելով հարցից` արդյո՞ք Ռուսաստանը խախտում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը, Կարավաևն ասաց, որ դա ևս «մեկնաբանությունների հարց է»:

«Խնդիրն այն է, որ վերջին տասնամյակներին այդպիսի հարցերը լուծվում են տերությունների հայեցողությամբ, և խնդիրը նաև այն է, թե ինչպես է այդ հարցը մեկնաբանվում Ուկրաինայի օրենսդրության, ուկրաինական քաղաքականության, ռուսական շահերի և միջազգային իրավունքի տեսանկյունից»,- նշեց մեր զրուցակիցը:

Ա. Կարավաևը նաև ավելացրեց, թե Ռուսաստանի կողմից Ուկրաինա զորք մտցնելն այս պահին ավելի շատ դե յուրե բնույթ է կրում, քան դե ֆակտո, այսինքն` Դաշնային խորհուրդը տվել է նման թույլատվություն, սակայն գործնական քայլեր դեռևս չեն եղել:
Ինչ վերաբերում է Բուդապեշտի հուշագրի դրույթներին և Ուկրաինայի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության հարցերին, ռուս քաղաքագետն ասաց, որ դրանք կարևոր խնդիրներ են և պետք է քննարկվեն այնպիսի հարթություններում, ինչպիսին, օրինակ, ԵԱՀԿ-ն է կամ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը:

«Ուկրաինայի ճգնաժամն առավելագույնս սրեց աշխարհաքաղաքական սահմանազատման հստակ կանոնների բացակայությունը, ոչ ոք հաշվի չէր առնում, որ այստեղ ձևավորվել է նոր բևեռ` ի դեմս Ռուսաստանի և եվրասիական տարածքի, և այս ճգնաժամը պարզապես վկայում է, որ այդ բևեռն իրոք գոյություն ունի: Իսկ եթե այն կա, ուրեմն պետք է քննարկել, թե որտեղով են անցնում նրա սահմանները: Ես շատ եմ ցավում, որ հենց Ուկրաինան է այսօր դիտարկվում այն երկիրը, որով պետք է անցնեն, մի կողմից` Եվրոպայի ու եվրոպական ինտեգրացիոն նախագծի և, մյուս կողմից` Ռուսաստանի ու եվրասիական ինտեգրացիոն նախագծի սահմանները»,- ասաց Ալեքսանդր Կարավաևը:

Հարցին, թե ի՞նչ հետևանքներ կարող է ունենալ Ռուսաստանի համար վերջինիս դիրքորոշումն Ուկրաինայի հարցով` հատկապես հաշվի առնելով արևմտյան գերտերությունների խիստ արձագանքները, Ա. Կարավաևը պատասխանեց, թե այս պահին դժվար է կանխատեսել, սակայն, չնայած ԱՄՆ պետքարտուղարի և նախագահ Օբամայի բավական բարձրագոչ հայտարարություններին, Ռուսաստանի հանդեպ սանկցիաների շրջանակը և դրանց ազդեցությունն ավելի փոքր կարող է լինել, քան սպասվում է:

«Այսինքն` եթե ընդամենն ընդլայնվի Մագնիտսկու ցուցակը, կամ արգելափակվեն ինչ-որ ռուսական ընկերություններ, որոնք գործում են Միացյալ Նահանգներում, ապա դրանք դժվար թե պատճառ դառնան «սառը պատերազմի» վերսկսման համար»,- նշեց Ա. Կարավաևը:

Martinov0Մեկ այլ ռուս քաղաքագետ` Մոսկվայի Նորագույն պատմությունների միջազգային ինստիտուտի տնօրեն Ալեքսեյ Մարտինովը, մեզ հետ զրույցում հիմնականում կրկնելով Պուտինի ասուլիսային հայտարարությունները, նշեց, որ Ուկրաինայի նոր իշխանություններն օրինական չեն, իսկ Ռուսաստանը գործում է օրինականության շրջանակներում:

«Սևծովյան նավատորմի ռուսական ռազմածովային բազան Ղրիմում տեղակայված է օրինական հիմքերի վրա, Ռուսաստանն Ուկրաինային վճարում է դրա համար, թեև որոշ արևմտյան քաղաքական գործիչներ ձևացնում են, թե չգիտեն դրա մասին: Ի դեպ, մի շարք երկրներ, ինչպիսին, օրինակ, Թուրքիան է, աջակցում են Ղրիմում Ռուսաստանի գործողություններին` դրանք համարելով ադեկվատ:

Իսկ Չինաստանն ընդհանրապես հորդորել է ԱՄՆ-ին` չկիրառել «սառը պատերազմի» գործիքները Ռուսաստանի նկատմամբ: Ինչ վերաբերում է «Մեծ ութնյակի» (G8) գագաթաժողովին, որին Ռուսաստանն այս տարի ներկայացված է, ապա համոզված եմ, որ այն կկայանա` ամռանը: Այն, ինչ ասում են «Մեծ ութնյակի» անդամները` դրա կասեցման վերաբերյալ, ընդամենը դիվանագիտական ճնշման մի ձև է: Բանն այն է, որ «Մեծ ութնյակի» ձևաչափի մեջ առաջին հերթին հետաքրքրված են մյուս 7 երկրները, ոչ թե Ռուսաստանը, հենց դրա համար էլ ստեղծվել է «Մեծ ութնյակը»: Սա ոչ մի լուրջ հետևանք չի ունենա Ռուսաստանի համար»,- նշեց Ալեքսեյ Մարտինովը:

Տեսանյութեր

Լրահոս