Տիգրան Սարգսյանի գարունը

Ուկրաինայի արդեն նախագահ, կանխամտածված սպանության մեղադրանքով հետախուզվող Վիկտոր Յանուկովիչը փետրվարի 22-ն ու 23-ը հայտարարեց սգո օր՝ Կիևում տասնյակ քաղաքացիների սպանությունների կապակցությամբ: Դրան հաջորդած օրերի իրադարձություններն ու Յանուկովիչի պահվածքը ցույց տվեցին, որ սգո օր հայտարարելը երեսպաշտություն էր նրա կողմից: Այդուհանդերձ, անգամ Յանուկովիչը հանրային ցասումը մեղմելու համար գնաց աշխարհի ցանկացած նորմալ երկրում ընդունված այդ արարողակարգային քայլին:

2008 թվականի մարտի 1-ին Երևանում 10 քաղաքացիների սպանությունից հետո իշխանությունը ոչ միայն սգո օր չհայտարարեց, այլև հարուցվեցին այնպիսի խայտառակ քրեական գործեր, որոնցով ուղղակի կամ անուղղակի մեղադրանքներ էին ուղղվում արդեն իսկ սպանված քաղաքացիներին:

2008 թվականից անցել է 6 տարի: Մինչև հիմա էլ իշխանության ներկայացուցիչները՝ ձևականորեն «ցավ» արտահայտելով Մարտի 1-ի համար, իրականում համարում են, որ Մարտի 1-ին իրենք «փրկել» են իրենց: Նրանք, իhարկե, իրավացի են: Քանի որ առանց Մարտի 1-ի՝ այսօր Հայաստանում չէր լինի այն իշխանությունը, որը կա:

Բայց նույն իշխանությունները գոնե քարոզչական մակարդակում անցած տարիներին անընդհատ կրկնում են, որ իշխանությունը փոխվել է, ավելի լավն է դարձել, դեմքով շրջվել է դեպի քաղաքացին:

Անցած շաբաթ Ազգային ժողովում Մարտի 1-ի հարցով խորհրդարանական ժամանակավոր հանձնաժողովի ստեղծման հարցի մասին քննարկումների ժամանակ հանրապետական պատգամավորներից շատերն այնպիսի աղեկտուր ելույթներ էին ունենում Մարտի 1-ի վերաբերյալ, որ անտեղյակ մեկին կարող էր թվալ, թե ՀՀԿ-ն 2008 թվականին պայքարում էր ՀՀԿ-ի դեմ: Իսկ որտե՞ղ են այսօր  այդ նույն պատգամավորները, ՀՀԿ-ականները, բարձրաստիճան պաշտոնյաները:

Որտե՞ղ է իշխանությունն այսօր՝ 2014  թվականի մարտի 1-ին, երբ Հայաստանում նշվում է Հայաստանի Հանրապետության 10 քաղաքացիների մահվան տարելիցը:
Տարբեր՝ այլ, «անշառ» առիթներով իշխանությունները հայտարարում են, թե քաղաքացիների մեջ «մեր» ու «ձեր» տարբերակում դնելն անթույլատրելի է, որ դա ընդդիմության էժանագին շահարկումն է, որ իշխանությունը բոլորի իշխանությունն է, և այլն, և այդպես շարունակ:

Այդ բոլոր հայտարարությունների հիմքում, թերևս, ընկած է դեռևս նախագահի թեկնածու Սերժ Սարգսյանի այն հայտարարությունը, թե բոլորն իր «քույրերն ու եղբայրներն են»: Սակայն մարտի 1-ին զոհված 10 քաղաքացիներն իշխանության համար «մեր» քաղաքացիներ չեն, իշխանության համար քույրեր ու եղբայրներ չեն, քանի որ նրանք եղել են ոչ թե՝ կրակողների, այլ սպանվածների շարքերում: Այլապես իշխանությունը, որն իրեն նույնացնում է պետության հետ, այսօր գոնե խորհրդանշական ձևով ցույց կտար, որ հարգում է ՀՀ 10 զոհված քաղաքացիների հիշատակը:

Տեսախցիկների առաջ դեմքին անսահման ցավ արտահայտելու մեջ մասնագիտացած պաշտոնյաներից որևէ մեկն այսօր հարկ չի համարել այցելել Մյասնիկյանի արձանի մոտ կամ Մարտի 1-ի զոհերից որևէ մեկի գերեզմանին, ծաղկեպսակ չի դրել ու որևէ տեքստ չի ասել:

Միայն չայցելելն ու ցուցադրական որևէ քայլ չանելը կարելի կլիներ նույնիսկ ողջունելի համարել՝ այն իմաստով, որ այդպիսով իշխանության ներկայացուցիչները գոնե խուսափել են ցինիկ երևալուց: Եթե իշխանությունը Մարտի 1-ին չի կատարում գոնե արարողակարգային պարտադիր քայլեր, ապա լավ կլիներ, որ լռեր՝ բառի լայն իմաստով, որևէ կերպ հանրությանն այս օրն իր մասին չհիշեցնելով: Լռությունը կլիներ նվազագույն հարգանքի տուրքը Մարտի 1-ի զոհերի հիշատակին: Մարտի 1-ով իշխանություն պահպանած իշխանությունը լռությամբ ցույց կտար, որ գոնե տարվա մեջ մեկ օր «չկա»:  Ի դեպ, այս տարի դրա համար նաև նպաստավոր էր՝ այն իմաստով, որ այսօր՝ մարտի 1-ին, ոչ աշխատանքային օր է՝ շաբաթ է:

Ի՞նչ է անում, սակայն, իշխանությունն այսօր: Կարդում ենք պաշտոնական լրահոսը: «Վարչապետ Տիգրան Սարգսյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Երիցյանի և ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանի ուղեկցությամբ այցելել է Արմավիրի մարզ… Այնուհետև Տիգրան Սարգսյանը հանդիպել է խաղողի այգիներում աշխատանքներ իրականացնող գյուղացիներին, զրուցել նրանց հետ՝ ծանոթացել առկա խնդիրներին»:

Տիգրան Սարգսյանը վարչապետի պաշտոնում նշանակվել է 2008 թվականի մարտի 1-ից հետո: Ավելին, եթե չլինեին Մարտի 1-ի իրադարձությունները, և նախագահական ընտրություններն արյունալի ելք չունենային, ապա հաստատ Տիգրան Սարգսյա՛նը չէր նշանակվելու վարչապետի պաշտոնում: Որքան էլ ոչ կոռեկտ հնչի, իրականությունն այն է, որ, ի տարբերություն շատ այլ պաշտոնյաների, անմիջական կապ չունենալով Մարտի 1-ի հետ, Տիգրան Սարգսյանն իր բարձր պաշտոնում է հայտնվել հենց Մարտի 1-ի արդյունքում:

Սակայն նա ոչ թե հարգում է Մարտի 1-ի զոհերի հիշատակը, այլ իր այսօրվա այցով ցույց է տալիս, որ Մարտի 1-ն ընդամենը գարնան առաջին օրն է, գյուղատնտեսական աշխատանքների մեկնարկի օրը: 2008 թվականի մարտի 1-ը Հայաստանում գարնան առաջին օրն էր միայն շատ սահմանափակ թվով մարդկանց համար: Նույն այդ մարդկանց է պատկանում այսօր իշխանությունը Հայաստանում: 2008թ. մարտի  1-ը գարնան առաջին օրն էր նաև Տիգրան Սարգսյանի համար: Նա չի մոռացել այդ մասին:

Տեսանյութեր

Լրահոս