Կդառնա՞ Հայաստանը միջնորդ Ռուսաստանի և Վրաստանի միջև
Փետրվարի 27-ին երկօրյա պաշտոնական այցով Հայաստան ժամանեց Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին: Սա բավական նշանակալի իրադարձություն կարելի է համարել, քանի որ Վրաստանի նորընտիր նախագահի առաջին անգամ պաշտոնական այցով եկավ Հայաստան` իհարկե, Թուրքիա և Ադրբեջան այցելելուց հետո: Մարգվելաշվիլիի այցն ընթացավ պետական արարողակարգի բոլոր կանոններով. նա այցելեց Ծիծեռնակաբերդի հուշամալիր, եղավ Ազգային ժողովում, սբ. Էջմիածնում, որտեղ, ի դեպ, հանդիպեց ոչ միայն Ամենայն Հայոց Կաթողիկոսի, այլև իր բանակային ընկերոջ հետ:
Վրաստանի նախագահի պաշտոնական դիմավորման արարողությունը, ըստ ՀՀ նախագահի մամուլի ծառայության հաղորդագրության, տեղի է ունեցել նախագահական նստավայրում, որտեղ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի և Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլին զրուցել են առանձին, որից բանակցությունները շարունակվել են ընդլայնված կազմովգ երկու երկրների պատվիրակությունների անդամների մասնակցությամբ:
Նշենք, որ, ի թիվս փոխադարձ ջերմ խոսքերի, դրական գնահատականների և երկու հարևան ժողովուրդների պատմական ու դարավոր հարաբերությունների կարևորման, երկու երկրների ղեկավարներն անդրադարձել են հայ-վրացական հարաբերությունների ներկայիս իրավիճակին և նաև տարածաշրջանային և գլոբալ հարցերին: Առավել կարևոր էր այն հարցը, թե ինչպես են Հայաստանի և Վրաստանի ղեկավարները գնահատում Հայաստանի և Վրաստանի հարաբերությունների հետագա զարգացումը, տնտեսական համագործակցությունը` նոր աշխարհաքաղաքական իրողությունների և տարբեր տնտեսական ու քաղաքական ուղիներով շարժվելու պայմաններում:
Մասնավորապես, Սերժ Սարգսյանը վրացի իր գործընկերոջ հետ բանակցություններից հետո մամուլի ասուլիսում հայտարարեց. «Մենք պարոն նախագահի հետ միակարծիք ենք, որ մեր երկրների ընտրություններըգ կապված տնտեսական զարգացման հետ, երբեք չպետք է խոչընդոտեն մեր տնտեսական հարաբերություններին: Ավելի պարզ եթե ասենքգ Հայաստանի Հանրապետության որոշումըգ միանալու Մաքսային միությանը և Վրաստանի որոշումը… Ազատ առևտրի պայմանագիր կնքելու Եվրամիության հետ, մեր համոզմամբ, չեն խոչընդոտի մեր տնտեսական հարաբերություններին: Ընդհակառակըգ այդ որոշումները նոր հնարավորություններ են ընձեռում մեր գործարարներին»:
Այս և հայ-վրացական հարաբերություններին վերաբերող այլ կարևոր հարցերի շուրջ զրուցեցինք պատմական գիտությունների թեկնածու, վրացագետ Վահե Սարգսյանի հետ: Նրա կարծիքով` Վրաստանը, որպես տարանցիկ երկիր, կարող է լուրջ դեր ունենալ Հայաստանի տնտեսական զարգացման, այդ թվում` Մաքսային միության անդամակցության ու դրա հետագա ընթացքի հարցում: Ըստ Վ. Սարգսյանի` միաժամանակ Վրաստանը, որպես մեջտեղում հայտնված սեպ, պալար, կարող է նաև մեծագույն խոչընդոտ լինել` նույն Մաքսային/Եվրասիական տնտեսական տարածքի հետ համագործակցության տեսանկյունից. «Վրաստանը դեռ 90-ականներին լրջագույն խոչընդոտներ է ստեղծել մեզ համար, մինչև հիմա էլ մենք բեռները Վրաստանի տարածքով բավական թանկ ենք տեղափոխում»:
Հարցին, թե որքանո՞վ է իրատեսական Սերժ Սարգսյանի վերոնշյալ միտքը, Վահե Սարգսյանը պատասխանեց. «Հայաստանը հիմա նոր իրավիճակում է, և աշխարհաքաղաքական գործոններն այնքան էլ նպաստավոր չեն Վրաստանի հետ հարաբերությունների սերտացման իմաստով: Այսինքն` մենք բոլորովին այլ ուղի ենք բռնել, Վրաստանը, այդ ուղին չբացառելով, հայտարարությունների մակարդակով ամեն դեպքում ձգտում է դեպի Եվրամիություն և ՆԱՏՕ:
Բայց հողը պարտաստ է, որ նա նույնպես մեր ճանապարհով ընթանա: Ամեն դեպքում, հիմա մենք տարբեր ճամբարներում ենք, և ելնելով մեր տարանցիկ կախվածությունից և մի շարք հարցերից` մեր նախագահը որոշակի բացատրական աշխատանքներ է տանում, թե, ճիշտ է, մենք նոր իրավիճակում ենք, բայց մենք կարող ենք նաև հին իրավիճակին վերադառնալ: Պարզ ասած` Ս. Սարգսյանի խոսքը նշանակում է, թե արտաքին քաղաքական գործոնները չպետք է կապենք երկու հարևան երկրների հարաբերությունների հետ, մենք նոր ճանապարհ ենք ընտրել, բայց մենք առաջվա պես քեզ սիրում ենք»:
Վ. Սարգսյանի կարծիքով` Հայաստանի և Ռուսաստանի տնտեսական կապերը տնտեսական իմաստով ձեռնտու են նաև Վրաստանին, սակայն Հրվ. Օսիայի և Աբխազիայի ճանաչման-չճանաչման հարցը, եվրոպացի գործընկերների հետ լավ հարաբերությունները չփչացնելու մտավախությունը, Ռուսաստանի կարծր դիրքորոշումների պայմաններում միակողմանի զիջումների չգնալու կեցվածքը և մի շարք այլ ծանր խնդիրներ ստիպում են Վրաստանի ներկայիս իշխանությանը շարունակելու նախորդ իշխանությունների արտաքին քաղաքականությունը: «Բայց սա ավելի շատ ներքին քարոզչության համար է, թե մենք, այո՛, ուզում ենք գնալ Եվրոպա: Սակայն, իմ կարծիքով, Վրաստանի ներկա ղեկավարությունը, Եվրոպա գոռալով, գնում է դեպի Ռուսաստան»,- ասաց վրացագետը:
Մարգվելաշվիլիի այցի մասին փորձագետը նշեց, թե կանխատեսելի էր, որ Վրաստանի նորընտիր նախագահը տարածաշրջանային երկրներից Հայաստան վերջինը կայցելի, քանի որ Վրաստանը խորը առևտրատնտեսական, ռազմավարական հարաբերություններ ունի Ադրբեջանի և Թուրքիայի հետ:
«Նախորդ` սահակաշվիլիական իշխանությունները Վրաստանը գրեթե դարձրել էին թուրք-ադրբեջանական ծրագրերի իրականացման թատերաբեմ:
Ելնելով այս խորը կախվածությունից` պարզ է, որ Մարգվելաշվիլին առաջնահերթորեն պետք է իր հարաբերությունների վերաբեռման և վերահաստատման համար առաջինն այցելեր Թուրքիա, Ադրբեջան, այնուհետև` Հայաստան: Նախ` սա ճանաչողական այցելություն էր, ավանդական դարձած արարողակարգային բոլոր նորմերը պահպանվեցին` այցելություն Ծիծեռնակաբերդ, սբ. Էջմիածին, սպասելի էին: Այսինքն` արտառոց ոչ մի բան տեղի չունեցավ: Հայտարարությունների կարգով արտաքին շղարշը շատ լավ էր, բայց ներքուստ, կարծում եմ, հայկական կողմը շատ լուրջ անելիքներ ունի Վրաստանի` հատկապես օր-օրի խորացող թուրք-ադրբեջանական ակտիվացման պայմաններում, հայկական կողմը պետք է լրջագույն քայլեր ձեռնարկի տարանցիկ նախագծերի հետ, որոնք ոչ միայն թուրքացնում են Ջավախքը, այլև Հայաստանի նկատմամբ վտանգավոր քայլեր են իրականացնում»,-ասաց Վ. Սարգսյանը:
Վերջինիս կարծիքով` դրա համար այժմ աշխարհաքաղաքական և տարածաշրջանային նպաստավոր պահ է այն իմաստով, որ Վրաստանի նոր իշխանությունները որոշակի նախաձեռնություն է ցուցաբերում` կարգավորելու հարաբերությունները Ռուսաստանի հետ, ինչը կարող է ուժեղացնել հայկական գործոնը:
«Հիմա Վրաստանը մեծ խնդիր ունի` կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ` ելնելով իր սոցիալ-տնտեսական վիճակից: Մենք գիտենք` Վրաստանն ինչպիսի մեծ կախվածություն ուներ Ռուսաստանից, արտադրանքը գրեթե ամբողջապես իրացվում էր ՌԴ-ում: Սահակաշվիլին իր կառավարման տարիներին, կարելի է ասել, ոչնչացրեց արդյունաբերությունը, գյուղատնտեսությունը, չզարգացրեց այդ ճյուղերը, նա հիմնականում Արևմուտքի հովերով տարված, Արևմուտքն էլ Վրաստանին դիտարկում էր ոչ թե որպես երկիր, այլ տարանցիկ գոտի, բայց իր խնդիրները լուծելուց հետո` նրան այլևս Վրաստանը չի հետաքրքրում, այսինքն` Վրաստանն այժմ Արևմուտքից անտեր մնացած վիճակում է, իսկ մյուս տնտեսական ճյուղը` տուրիզմը, որը Սահակաշվիլին փորձեց զարգացնել, բավարար չափով չի ազդում սոցիալ-տնտեսական վիճակի վրա:
Հետևաբար, ներկայումս Վրաստանի համար կենսական խնդիր է Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը, քանի որ Ռուսաստանը տնտեսական սանկցիաներ է կիրառում Վրաստանի նկատմամբ` ելնելով նախկին վարչակարգի ծայրահեղ մոտեցումից: Եվ, իմիջիայլոց, ավելի շատ այս հանգամանքը Վրաստանի ժողովրդին դուրս բերեց փողոց, որի հետևանքով Սահակաշվիլին գահընկեց եղավ: Եվ նոր իշխանությունները շատ լավ են սա գիտակցում»,- ասաց վրացագետը: Այս համատեքստում նա պատահական չհամարեց ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հայտարարությունը, ըստ որի` Ռուսաստանը ցանկանում է կարգավորել հարաբերությունները Վրաստանի հետ:
«Իմիջիայլոց, Պուտինը հայտարարությամբ հանդես եկավ Վրաստանի` ԱՊՀ մտնելու 20-ամյակին, սա կարելի է դարակազմիկ իրադարձություն համարել, քանի որ արդեն 10 տարի Վրաստանի և Ռուսաստանի միջև նախագահների մակարդակով երկխոսություն չի եղել»,- նշեց Վ. Սարգսյանը:
Վրացագետի խոսքերով` հենց այս հարցում էլ կարող է ուժեղանալ հայկական գործոնը, քանի որ Հայաստանը, որպես հարևան, բարեկամ երկիր, կարող է միջնորդ հանդես գալ Ռուսաստանի և Վրաստանի երկխոսության հարցում: Սրան ավելանում է նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանը, ելնելով Մաքսային միությանը Հայաստանի անդամակցությունից, պետք է կոմունիկացիաների, Հայաստանի տնտեսական զարգացման իմաստով ապահովի միասնական ցամաքային կապ (ցամաքային կապ ապահովելը ոչ տարածքներ գրավելու իմաստով):
«Այստեղ արդեն Հայաստանից կախվածությունն է մեծանում, ինչը կարելի է լուրջ պատմական երևույթ համարել, քանի որ մինչ այժմ ճիշտ հակառակն է եղել: Երկրորդը, ինչպես արդեն նշեցի, Մաքսային միության կայացման համար Ռուսաստանը անպայման պետք է, կոպիտ ասած, Վրաստանի հարցերը լուծի, այսինքն` պետք է կարգավորի հարաբերությունները, ինչին շահագրգռված է նաև Վրաստանը,- նշեց մեր զրուցակիցը:- Այստեղ Հայաստանը կարող է, այսպես ասած, խորամանկաբար կամ դիվանագիտորեն չեզոքացնել այդ թուրք-ադրբեջանական հորիզոնական առանցքը` Երևան-Թբիլիսի-Մոսկվա առանցքի ձևավորման միջոցով:
Այս իմաստով բավական լուրջ անելիքներ կան, դժվար աշխատանք է սպասվում, բայց քաղաքական կամքի, ճիշտ դիվանագիտական քայլերի դեպքում կարելի է լուրջ հաջողությունների հասնել»:
Այս առումով նա կարևորեց աբխազական երկաթուղու վերականգման խնդիրը, որի համար ևս, ֆինանսական լուրջ ներդրումների հետ մեկտեղ, առաջին հերթին քաղաքական կամք է անհրաժեշտ.
«Աբխազական երկաթուղու բացումն առաջնահերթորեն քաղաքական նշանակության հարց է: Սա, առաջին հերթին, կախված է Ռուսաստանից, այնուհետև Վրաստանի և Աբխազիայի հարաբերությունների ճշտման հարցն է: Այսինքն` եթե աբխազական երկաթուղին բացվի, սահմանային անցակետերի, անձնագրերի կնքման հարցեր կառաջանան, դա նշանակում է Վրաստանի կողմից փաստացի ճանաչում, ինչին վրացական կողմը դեռևս պատրաստ չէ»:
Խոսելով հայ-վրացական առևտրատնտեսական համագործակցության մասին` վրացագետ Վ. Սարգսյանը նշեց, որ նկատվում է որոշակի աճ և դրական միտումներ, սակայն դրան խոչընդոտում է այն հանգամանքը, որ Վրաստանը և Հայաստանն այդպես էլ չկարողացան միասնական տնտեսական գոտի ստեղծել: Այսինքն` եթե երկու երկրներն ունենային նույն մաքսային, հարկային օրենսդրությունը, արտաքին ներդրողները, ասենք, գերմանական կամ ֆրանսիական ընկերությունները կարող էին իրենց մասնաճյուղերը ստեղծել և՛ Թբիլիսիում և՛ Երևանում: Ըստ նրա` տնտեսական համագործակցությանը չի նպաստում նաև Հայաստան-Վրաստան միջխորհրդարանական հանձնաժողովի անգործությունը, միայն թղթի վրա գոյություն ունենալը:
Մենք հետաքրքրվեցինք` արդյոք ավելի լավ չէի՞ն զարգանա հայ-վրացական տնտեսական հարաբերությունները, եթե ՀՀ-ն միանար Եվրամիության Ազատ առևտրի գոտուն, ոչ թե Մաքսային/Եվրասիական տարածքին, ինչին ի պատասխան` Վ. Սարգսյանն ասաց. «Սա լրջագույն քաղաքական հարց է: Խոսքը ոչ թե Մաքսային միությանը երկու երկրներին ինտեգրելու, այլ Հայաստանի և Վրաստանի միջև ընդհանուր տնտեսական դաշտի ստեղծման մասին է:
Եվրամիության ասոցացված գոտին կամ Մաքսային միությունը համաշխարհային, գլոբալ հարցեր են, Ռուսաստան – Արևմուտք պայքարի դրսևորումն են:Բայց, իհարկե, Հայաստանի և Վրաստանի` տարբեր տնտեսական, քաղաքական ճամբարներում գտնվելը ձեռնտու չի երկու երկրներին: Ես բոլորովին չեմ արդարացնում ՄՄ-ին միանալը և չեմ ասում, թե մենք ճիշտ ենք վարվել, և ՄՄ-ն մեր ապագան է, բնավ: Այստեղ խոսքը վերաբերում է Վրաստանի և Հայաստանի տարբերակված ճանապարհներին»: