Նաղդ փողի սպասավորները
Մինչ հասարակությունն ու քաղաքական ուժերը սպասում են մարտի 28-ին, երբ Սահմանադրական դատարանը պետք է վերջնական որոշում կայացնի «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքների հայտնի հոդվածների սահմանադրականության վերաբերյալ, երեկ Կենտրոնական բանկը հանդես է եկել մի հայտարարությամբ, ըստ էության, «սառը ջուր» լցնելով Սահմանադրական դատարանից սահմանադրականության բոլոր ակնկալիքների վրա:
ԿԲ-ի երկարաշունչ հայտարարության իմաստն այն է, որ ՍԴ-ի հունվարի 24-ի որոշումը չի նշանակում, թե գործատուներն ազատվել են պարտադիր կուտակային կենսաթոշակային հիմնադրամին վճարումներ կատարելու պարտականությունից, ուստի, անկախ ՍԴ-ի՝ մարտի 28-ի որոշումից` այդ վճարումները պետք է կատարվեն: «Կենտրոնական բանկը փաստում է, որ «Կուտակային կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի` կուտակային բաղադրիչի մասնակիցների՝ կուտակային վճարներ կատարելու պարտականությանը վերաբերող համապատասխան դրույթները կասեցված չեն, և հիշեցնում, որ նշված դրույթների սահմանադրականությունը դեռևս վիճարկման փուլում է:
Ուստի ԿԲ-ն հորդորում է` ձեռնպահ մնալ ՀՀ ՍԴ-ի աշխատակարգային որոշման տարաբնույթ ընկալումներից, քանի որ վիճարկվող դրույթների՝ ՀՀ Սահմանադրությանը համապատասխանող ճանաչվելու պարագայում պարտադիր կուտակային բաղադրիչի մասնակիցների համար հետևանքները, թերևս, ավելի ծանր կլինեն և կհանգեցնեն բաց թողնված ժամանակահատվածի համար կուտակային վճարներ միանվագ կատարելու պարտավորությանը»,- նշված է ԿԲ-ի հայտարարության մեջ:
Մի կողմ թողնելով այս հայտարարության իրավական հիմնավորվածությունը, ինչպես նաև այն, որ ՍԴ-ի որոշման «տարաբնույթ ընկալումներից» զերծ մնալու կոչ անելով` ԿԲ-ն ինքն է հանդես գալիս այդ որոշումը մեկնաբանողի ու իմպերատիվ կերպով ներկայացնողի դերում, կարելի է արձանագրել, որ այսպիսով իշխանությունը (ԿԲ-ի փոխարեն` այս հայտարարությունը կարող էր տարածվել, ասենք, Ջրային տնտեսության պետական կոմիտեի կամ Սննդի անվտանգության տեսչության կողմից) կուտակային համակարգի դեմ պայքարողներին, առանց այլևայլությունների, հասկացնում է, որ ՍԴ-ի հետ հույսեր չկապեն: Մյուս կողմից` այս հայտարարությամբ գործատուներին ուղղակի ասվում է, որ «խելոք» կատարեն կուտակային վճարումները` հետագայում խնդիրներ չունենալու համար: Թվում է, թե այս պայմաններում իշխանությունը պետք է ձեռնպահ մնար գոնե մինչև մարտի 28-ը առանց այդ էլ` բորոբոքված կրքերը բորբոքելուց: Սակայն, ամենայն հավանականությամբ, իշխանությանն, ինչպես միշտ, «վիզ փող է պետք», ընդ որում՝ «նաղդ», և հանուն 2 ամսվա 5 տոկոսանոց կուտակային վճարների (մոտավոր հաշվարկներով՝ 20-25 միլիոն դոլար)` որոշվել է չսպասել մինչև մարտ: Այսինքն՝ անգամ երկու ամիս հետո հասարակության դժգոհության բողոքը կրկնապատկելու հեռանկարն իշխանությանը հետ չի պահել այս քայլից: Որովհետև երկու ամիսը Հայաստանի իշխանության չափանիշներով` շատ երկար ժամանակահատված է: Հայաստանն ապրում է ամենօրյա, իրավիճակային որոշումների ռեժիմում, «երկու ամիս հետո` ով սաղ, ով մեռած» սկզբունքով, իսկ այդ պայմաններում 20-25 միլիոն դոլարը չափազանց մեծ շռայլություն է` ամեն ինչ միայն ու բացառապես փողի քանակով գնահատող իշխանության համար: Այսպիսով, իշխանությունը մարտահրավեր է նետում կուտակային համակարգի դեմ պայքարող քաղաքացիներին ու նրանց աջակցող ոչ իշխանական ուժերին: Գուցե նաև այն պատճառով, որ վերջիններիս հետ արդեն «հարցերը լուծված է» համարում (նախօրեին այդ ուժերից որևէ մեկը չէր մասնակցում ընդդեմ կուտակային համակարգի «Իրավունքի նվաճման» երթին):
Ընդ որում, դա արվում է, ըստ էության, հերթական անգամ կոպտորեն ոտնահարելով Սահմանադրությունն ու ընդհանրապես սահմանադրականության ինստիտուտը, (ԿԲ-ի երեկվա հայտարարությունը հենց դրա վկայությունն է)` քաղաքացիներին ստիպելով հիշել, որ Սահմանադրության վերականգնման ցանկացած եղանակ սահմանադրական է: Ի դեպ, հայտնի այդ թեզը ժամանակին շատ էր սիրում կրկնել երբեմնի` ընդդիմադիր, այսօր` հանրային հիմունքներով նախագահականում աշխատող գործիչներից մեկը: