Կողմնորոշվե՛ք. բա էդ «աղետաբեր պատերազմը» ո՞վ ա բերելու. քո անձո՞վ էիր ստորագրում. հո ՍՊԸ չէ՞ր… Թևան Պողոսյան

Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը ՔՊ-ի՝ Ազգային ժողովում սահմանադրական մեծամասնություն ստանալու անհրաժեշտության մասին և մարդկանց «նոր սեպտեմբերյան պատերազմով» վախեցնելը նշանակում է, որ գործող իշխանությունն իսկապես գիտի, որ չունի վերընտրվելու հնարավորություն։ Այսպիսի տեսակետ հայտնեց 168 TV«Ռեվյու» հաղորդաշարի եթերում քաղաքագետ Թևան Պողոսյանը՝ խոսելով հունիսին կայանալիք Ազգային ժողովի ընտրությունների մասին։

ԱԺ նախկին պատգամավորի խոսքով՝ արտաքին բոլոր դերակատարներն էլ, ընտրությունները դեռ չսկսված, միջամտում են Հայաստանի ներքին գործերին։

«Ընտրությունները չսկսված՝ մեծ տերություններն արդեն ասել են իրենց նախասիրությունները, և դրանք նույն երկրներն են, որոնք ժամանակին սովորեցնում էին մեզ ժողովրդավարություն, որը ժողովրդի կարծիքն է։ Ժողովրդի կարծիքն է՝ համբերատար սպասե՛ք, Ձեզ ո՞վ է խնդրում՝ թեկնածուների անուններ նշեք։ Նշանակում է, որ աշխարհն էլ այլևս ժողովրդավարության ամեն ինչը կորցրել է, այն սին հեքիաթներով որ գալիս էին, դաստիարակում էին մեզ, այս ամենը դնելով մի կողմ՝ պարզապես հասկանում ենք, որ մտել ենք իշխանության վայրի պայքարի մեջ, և իշխանության միակ կրողը, որը կոչվում է ժողովուրդ, պետք է իր խոսքն ասի»,- նշում է Թևան Պողոսյանը։

Կարդացեք նաև

Պողոսյանի կարծիքով՝ եթե ժողովուրդը ոտքի կկանգնի և թույլ չի տա օտար ուժերի միջամտություն, ուրեմն հունիսի 7-ը կլինի մեր ընտրությունը, իսկ եթե տուրք ենք տալու արտաքին ճնշումներին՝ «վա՜յ, Պուտինը սենց ասեց», «Թրամփը սենց ասեց», «Վենսը էս ասեց», «Ֆիդանը էն ասեց» կամ Եվրոպայում ինչ-որ մեկը՝ մեկ ուրիշ բան, այդ դեպքում էլ ի՞նչ հայկական ընտրություն։

Մոսկվայում Պուտին-Փաշինյան ապրիլմեկյան հանդիպման մասին Թևան Պողոսյանն ասում է. «Աշխարհը փոխվել է, այլևս դիվանագիտության մեջ թափանցիկությունն ավելի շատ է. այսօր բոլորն են այդպես բաց խոսում։ Ամեն երկիր իր շահերը ինչպես կարողանում, այդպես տանում է առաջ։ Ռուսաստանում իրենց շահերն այդպես են պատկերացրել՝ ասել են։ Լսել ենք, ի գիտություն ենք ընդունել։ Բայց մյուս կողմից որ նայում եք՝ ինքն էլ ասաց.

«Հո Պուտինը չի զանգելու՝ ինձնից հանդիպում խնդրի, ես պետք է զանգեմ»։ Ուրեմն իր ընկալման մեջ լավ հասկացել է, իմացել է՝ ուր է գնում։ Նշանակում է՝ չի զգում ամրություն, փաստորեն նույնիսկ գործողները միայն և միայն հիմնվում են օտար երկրների և ուժերի վրա՝ կլինի դա Ռուսաստանը թե Եվրոպան։ Եվրոպային են խնդրել ինչ-որ «հիբրիդային խումբ» ուղարկել։ Աշխարհով մեկ հայկական այթիշնիկները լավագույնն են, բայց Եվրոպայից ինչ-որ մարդկանց ենք հրավիրում, որ մեզ խորհուրդներ տա, թե ինչն է հիբրիդային և ինչը՝ ո՞չ։ Ֆանտաստիկ մասնագետներ ունենք։ Փաստորեն գործողներն էլ ժողովրդի վրա չեն հույսը դրել. արտաքին աջակցության մեջ են փնտրում իրենց իշխանությունը պահելու մեխանիզմը»։

«Ռեվյու»-ի հարցին՝ ինչո՞ւ էին Պուտինն ու Փաշինյանը Արցախի կորստի մեղքը գցում միմյանց վրա, և նրանցից ո՞վ էր ավելի իրավացի իր մեղադրանքներում, ԱԺ նախկին պատգամավորը պատասխանում է՝ առաջին հերթին մեղավորը մենք ենք, որ չենք կարողացել մեր հողը պահել։ Սակայն այս հարցը Թևան Պողոսյանը մի կողմ է դնում և ուշադրություն է դարձնում մեկ այլ հարցի վրա, թե Ռուսաստանի նախագահն ինչու է հիշատակում Ղարաբաղի հարցը Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ։

«Եթե Ռուսաստանը խոսում է այդ մասին, ուրեմն շահեր է ունեցել այնտեղ։ Երբ Ամերիկան է ասում՝ չխոսես Արցախի մասին, ուրեմն նա էլ այստեղ շահեր ունի։ Երբ Եվրոպան է ասում՝ եկեք մոռացեք էդ ամեն ինչը, ուրեմն դա էլ իրենց շահն է։ Դա իրենց շահերի ընկալման շրջանակն է, որ անհրաժեշտ է կարդալ։ Եթե մարդ չզգար, որ այդտեղ կորցրել է իր շահերը, ոչ էլ նման խոսակցություն կլիներ։ Ուրեմն ինքը [Պուտինը] համարում է, որ եղել են նախկին ինչ-որ պայմանավորվածություններ, որ սենց պետք է վարվեիք, բայց էս չեք արել, դրա համար էլ հիմա դրա մասին բացահայտ ձեզ մեղադրում եմ։ Այն, ինչ այդ օրը ասել է Ռուսաստանի նախագահը, հետևանքն է այն նախկինում չարածների, որ այդ օրը բացահայտվել է։ Թե դա քանի տարվա բան է, չեմ կարող ասել։

Օրինակ՝ 2021 թվականին նույն Ռուսաստանը դեմ չէր, 2020 թվականի պատերազմին պահում էին ատամներով, բայց հետո այդ նույն Ռուսաստանը, մարդ չփոխվելով, 5 տարի անց էրեսին է տալիս։ Ուրեմն ինչ-որ մի բան եղել է։ Ինչ է եղել՝ երևի պատմությունը կբացահայտի»,- կարծում է Թևան Պողոսյանը։

«Ռեվյու»-ի հարցին՝ գործողներն, ի վերջո, հակառո՞ւս են, թե՞ թաքնված ռուսամետներ, Պողոսյանը պատասխանեց՝ «պրո-իշխանական «кресло» են։ Եթե պետք լինի, մի օրվա մեջ ռուսական կդառնան։ Այն, որ ասում ես՝ ես պետք է զանգեմ՝ հանդիպում խնդրեմ, բա դրանից հետո ինչի՞ ես զարմանում, որ քեզ ինչ ասես՝ ասելու են։ Ինչի՞ ես գնացել, որովհետև ինչ-որ մի բան ավելի կարևոր էր։ Այդ ինչ-որ մի բանն իշխանություն պահելն է։ Ինչի՞ ես քո ժողովրդին վախեցնում պատերազմով։ Բա դրանից մի ամիս առաջ ասել ես՝ «վե՛րջ, խաղաղություն է, էլ պատերազմ չի լինելու»։ Բա էդ «աղետաբեր պատերազմը» ո՞վ ա բերելու։ Էդ ի՞նչ է նշանակում։ Ո՞վ է ասել, որ դա անձով է։ Որ էնտեղ ստորագրում էիր՝ քո անձո՞վ էիր ստորագրում։ Հո ՍՊԸ չէ՞ր, կամ ԱՁ էր։ Եթե երկրի անունից էր, ուրեմն էդ խաղաղությունը երկրինն է։ Ընտրությունը մեր ներքին խնդիրն է։ Բա էլ ինչո՞ւ են ասում՝ մեր ներքին գործերի մեջ մի խառնվեք, իշխանությունը ձևավորվում է ժողովրդի կողմից։ Բա էդ ամենն ո՞ւր անցավ։ Եթե ստորագրել եք էդ փաստաթուղթը, ուրեմն խաղաղություն է լինելու։ Էդ որտեղի՞ց էդ պատերազմը ծնվեց։ Կողմնորոշվե՛ք»։

«Ռուսաստանի, Ամերիկայի, Եվրոպայի ասածները՝ մի կողմ, մենք ի՞նչ ենք արել։ Ինձ՝ որպես ժողովրդի մի մասնիկի, ասել եք՝ մենք Արցախի երաշխավորն ենք։ Էդպես են, չէ՞, եկել, քվե ուզել։ Եղե՞լ է։ Իսկ ի՞նձ ոնց են խաբել՝ Շուշիի դեօկուպացիա, Հադրութի դեօկուպացիա, անվտանգության երաշխավոր… Ինձ խաբածը՝ մի կողմ, ընկել եմ ուրիշների հոգսերո՞վ է։ Մեր ամբողջ խնդիրն այն է, որ մենք հանդիպում ենք՝ ուրիշների հոգսերի մասին ենք խոսում։ Մերը որտե՞ղ է։ Մեզ խաբելը՝ ոչի՞նչ։ Էս սուտը դնում ենք մի կողմ, ասում ենք՝ էս չենք տեսել, մտածեմ՝ դրսում ինչ են խոստացել, ինչ են արել։

Հզոր երկրները միշտ էլ գիտեն՝ իրենց շահերը ոնց տանեն առաջ, դրա համար էլ հզոր են։ Իրենք իրենց դարդերը թող տանեն, մենք այսօր պետք է ապրենք։ Եթե մենք որոշել ենք, որ մեր համար շատ լավ ա՝ թող մեզ խաբեն, դրանից էլ պատմական Ծովից ծով Հայաստանից հասել ենք պատմականորեն ամենափոքր Հայաստանի, որովհետև միշտ ուրիշների դարդերն ենք քաշել, ոչ թե մեր սեփականը։ Մի անգամ մեր սեփականով գնացինք, առաջնորդվեցինք՝ մի քիչ Հայրենիքը վերականգնեցինք, 30 տարվա մեջ կրակն ընկանք մեր հաղթանակի ձեռքը, որոշեցինք՝ դա մեզ պետք չէ»,- հավելեց զրուցակիցը։

Թևան Պողոսյանը ցավով արձանագրում է հայ հասարակության ներկա պառակտումը, որը սերմանվել է գործող իշխանության կողմից, և այդ «գործողներն» էլ հասկանում են, որ այս իրավիճակում ավելի հեշտ է կառավարել՝ արտաքին ուժերի միջամտությունը բերելով. «Ցանկացած ազգ կարողացել է հաղթել միայն այն ժամանակ, երբ հույսը դրել է միայն իր ուժերի և միասնության վրա։ Ցավոք սրտի, մեր հասարակությունը պառակտված է, և այս պառակտվածության սերմանումը եղել է գործողների կողմից։

Հիբրիդային պատերազմը հենց դա է, երբ տեսնում ես, որ մի հայը մյուս հային կարող է ոտատակ տալ՝ առանց որևէ բան մտածելու։ Այստեղ է գալիս, որ մեր ներքին հոգատարությունը… Իրար «ջան» ենք ասում, բայց մոռացել ենք էդ բառը, իրար ցավը տանելն ենք մոռացել, սերն է մեր միջից պակասել։ Այս ամենի հետևանքը լինելու է, որ ուրիշներն օգտվելու են։ Մենք մի տարածաշրջանում ենք ապրում, որտեղ արդեն երրորդ համաշխարհային պատերազմի էլեմենտներ են նկատվում։ Ինչ էլ չլինի, ամեն դեպքում մեր տարածաշրջանն այլևս առաջվանը չի լինելու, կոնֆլիկտները շարունակվելու են, բայց միակ ռեսուրսը, որով որևէ մի ազգ կկայանա, ազգային միասնությունն է, որը, ցավոք սրտի, մենք չունենք։ Ինչ փոփոխություններ էլ գան՝ եթե մենք պառակտված ենք լինելու, վերջում պարտության տաշտակի առաջ ենք հայտնվելու»։

Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930