ԱՄՆ-ում հայտնել են Թրամփի՝ Չինաստան այցելելու նպատակը
ԱՄՆ նախագահի՝ մայիսին նախատեսված այցը Չինաստան միտված է լինելու երկու երկրների միջև կայուն առևտրատնտեսական հարաբերությունների պահպանմանը։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ Վաշինգտոնի Հադզոնի ինստիտուտում ելույթի ժամանակ այս մասին հայտարարել է առևտրային բանակցություններում ԱՄՆ ներկայացուցիչ Ջեյմիսոն Գրիրը։
Նա ընդգծել է, որ ամերիկյան վարչակազմը կայուն է համարում ԱՄՆ և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունները, որոնց պահպանմանն էլ միտված է լինելու նախագահ Դոնալդ Թրամփի առաջիկա այցը Չինաստան։
«ԱՄՆ և Չինաստանի միջև առևտրատնտեսական հարաբերություններն այս պահին կանվանեի կայուն։ Մենք չենք ձգտում որևէ լայնածավալ հակադրության կամ նման որևէ բանի»,- նկատել է նա։
Միաժամանակ, Գրիրը նշել է, որ ամերիկյան կողմը պահպանում է զգալի մաքսատուրքերը չինական ապրանքների, հիմնականում՝ բարձրտեխնոլոգիական արտադրանքի և արդյունաբերական ապրանքների զգալի մասի նկատմամբ։
Անդրադառնալով մայիսի 14-15-ը նախատեսված այս այցից սպասելիքներին՝ Գրիրը նշել է. «Մենք ձգտում ենք պահպանել այդ կայունությունը, ապահովել Չինաստանից հազվագյուտ մետաղների շարունակական մատակարարումը»։
Պաշտոնյան հավելել է, որ ԱՄՆ-ն և Չինաստանը քննարկել են նաև առևտրային վեճերն ավելի արդյունավետ լուծելու մեխանիզմ ստեղծելու հարցը։



