ԲԵՐԵ՛Ք ԱԼԵՆԻ ԴԱՏԱՎՃԻՌԸ, ԵՎ ԵՍ ԷԼ ՀԵՏՆ ԸՆԴՈՒՆԵՄ, ՈՐ ՀԱՆՑԱՆՔ ԵՆՔ ԳՈՐԾԵԼ. ՍՐԱՆՑ ՈՒԶԱԾԸ՝ ԳԱՌԻ ՆՄԱՆ ՎԻԶՆԵՐՍ ԾՈՒՌ ԱՊՐԵՆՔ. ՌՈՒԲԵՆ ՄԵԼԻՔՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն իրավապաշտպան, փաստաբան Ռուբեն Մելիքյանն է:

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև:

  • Մեր արդարադատական համակարգը եկար տարիներ ներսից ու դրսից եմ տեսել: Շատ ավելի կարևոր է ոչ թե վիճակը, որքան զարգացման ուղղությունը: 90-ականներից մինչև 2019-2020թթ. համակարգն ամեն տարի ավելի լավն է եղել, քան նախորդ տարի: Ծանր աշխատանք է տարվել, բայց 2019-2020թթ.-ից սկսած՝ անընդհատ հետընթաց ենք գրանցում: Ներկայիս իշխանությունը հակադեմոկրատ իշխանություն է: Եթե հիշենք՝ Նիկոլ Փաշինյանն ինչ բառերով էր բնութագրում դատավոր Մնացական Մարտիրոսյանին, ու հիմա ինչ գործերի տակ են մտցնում, վերջին օրինակը Դավիթ Մինասյանի գործն էր, ասվածը կապացուցի: Այն արժեքները, որոնց լռելյայն պահապանները միջազգային կառույցներն էին, այսօր չեն գործում, որովհետև քաղաքականացված են: Նիկոլ Փաշինյանին տրված է հակառուսականության կանաչ լույս, և այդ ճանապարհին նրան ամեն ինչ ներվում է: Գլոբալ աշխարհաքաղաքական առումով Նիկոլ Փաշինյանին թույլատրություն է տրված անել ամեն ինչ, այդ թվում՝ չլսված բան, օրինակ՝ ընտրություններից 2 ամիս առաջ օրենքում փոփոխություններ անել, այսինքն՝ խաղի ընթացքում փոխել խաղի կանոններ: Ոնց որ նստես շախմատ խաղալու, ու ժամացույցը միացնելուց մի րոպե առաջ մեկն ասի՝ կներեք, բայց խաղի կանոն ենք փոխել, ուրիշ ձև պետք է խաղանք… 
  • Օրինակ բերեմ «Իմնեմնիմի» փոդքաստի հաղորդավարների 2 գործերը՝ 2024թ. և հիմա: Համեմատություն անցկացնենք երկու նույնաբնույթ գործերի միջև: 2024թ. իրենց թույլ չտվեցին մտնել մարդկանց տուն, դիմակներով, զինված, խուզարկություններ անել, լրատվամիջոց չմտան՝ տանելով ամեն ինչ, բայց 2025թ. դա արեցին: Մինչև հիմա համակարգիչները և շատ այլ սարքեր, այդ թվում՝ տղաների տներից առգրավված, չեն տալիս:


Կարդացեք նաև

  • «Սուրբ Աննայում» պատարագի ընթացքում տեղի ունեցած դեպքով գործն անձնական, հոգեբանական ծանր բաղադրիչ ունի, որովհետև Մինասյան եղբայրների նկատմամբ անարդարությունը ծայրահեղ է: Այս գործում 3-րդ օրն եմ ներգրավվել, որովհետև մինչ այդ զբաղված էի մեկ այլ 18-ամյա տղայի՝ Միքայելի պաշտպանությամբ, ով թքել էր Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա, ոչ թե վարչապետի, այլ հենց Նիկոլ Փաշինյանի, որովհետև նա այդ օրը վարչապետական գործառույթ չէր իրականացնում, այլ կոնկրետ քարոզչությամբ էր զբաղված: Թքելը լավ բան չէ, պետք չէ Ալեն Սիմոնյանից օրինակ վերցնել, բայց մենք հանցանքը չենք ընդունել, որովհետև միգուցե արտահայտչամիջոցը տգեղ է, բայց դա հանցագործություն չէ, դա չի կարող խուլիգանություն որակվել: Մեղադրանքը որոշակի չէ: Միքայելի խոսքերը գաղափարի մասով անհամաձայնություն են Նիկոլ Փաշինյանի քաղաքականությանն ու նրա այն վարքագծին, որի պատճառով մենք կորցրել ենք մեր հայրենիքի մի մասը: Բերեք Ալենի դատավճիռը, և ոչ միայն Միքայելը, ես էլ հետն ընդունեմ, որ հանցանք ենք գործել: Այսինքն՝ մարդու երեսին թքելը խուլիգանություն չէ, մեքենայի վրա թքելը խուլիգանություն է, և կրկնեմ, այդ պահին Նիկոլ Փաշինյանը պետական խորհրդանիշ չէր, վարչապետական գործառույթ չէր անում, այլ քարոզչություն:

Հիշեցնենք. այլ գործով 18-ամյա այս տղան թքել էր Նիկոլ Փաշինյանի մեքենայի վրա, ու երբ հարցրել էին՝ ինչո՞ւ արեց, ասել էր՝ թուրքը մեր սաղ հողերը ծախեց: Տղայի մեղադրանքի հիմքում այդ նախադասությունն է, արարքը խուլիգանություն է որակվել:

  • Դավիթ Մինասյանի դասընկերները շատ լավ օրինակ են ցույց տալիս, թե ինչպես կարելի է հետևողականորեն պայքարել շառի մեջ ընկած ընկերների իրավունքների պաշտպանության համար:
  • Մենք այս գործին ներգրավվեցինք որոշակի կարծրատիպերով, որ իբր թե «Սուրբ Աննա» եկեղեցում պատարագի ժամանակ նախահարձակ գործողությունը կատարել է Դավիթ Մինասյանը, ինչը բացարձակ այդպես չէ, և բացարձակ սուտ է նաև այն, որ Դավիթի գործողություններն ուղղված են եղել Նիկոլ Փաշինյանի դեմ: Դա էլ այդպես չէ: Բայց նիկոլական Գեբելսյան քարոզչությունը մի քանի օր այդպես էր ներկայացնում իրավիճակը: Ոչինչ չէր հուշում, որ այդ օրը Նիկոլ Փաշինյանը հենց այդ եկեղեցին պիտի գնար: Ոչ ոք չէր կարող իմանալ, որ նա այդ պահին որոշելու է գնալ այդ եկեղեցին: Ենթադրում եմ՝ հենց այդ պահին էլ որոշել է մտնել, պատարագի ժամանակ: Դավիթն ու Միքայելը, որևէ մեկը տեղյակ չէր, որ «հյուր» են ունենալու: Հետևաբար՝ գործի քննության այն վարկածը, որ սա եղել է կազմակերպված, ոչ միայն իրավունքին է հակասում, այլև առողջ բանականությանը: Սա այս գործի առանցքն է:
  • Եկեղեցում այդ միջադեպը տեղի է ունեցել Փաշինյանի դուրս գալուց: Նախաքննությունը, Ներքին գործերի նախարարությունը և դատարանն արձանագրել են, որ Նիկոլ Փաշինյանը քաղաքական գործունեություն է իրականացրել եկեղեցում: Նա պետք է հարցաքննվի, հասկանանք՝ հավատացյալի կարգավիճակո՞վ էր այդտեղ՝ եկեղեցում, թե՞ քաղաքական: Եթե ասի՝ այո, եկել եմ քաղաքական գործունեության շրջանակում, հարց է առաջանում՝ ինչո՞ւ ես միջամտել ծեսին, ինչի՞ ես խանգարել մարդկանց: Երեխաները ոչ թե պարզապես գտնվում էին եկեղեցում, այլ մասնակցում էին պատարագին, ինչպես արել են միշտ:
  • Փաշինյանը և թիկնազորը խիտ մարդկանց միջով անցնելիս արդեն իսկ երեխաներին անհանգստացնում են, երկու եղբորն անջատում են: Միքայելը գրկում է Դավիթին, մեջքը պահում է: Սա նաև բժշկական բաղադրիչ ունի. Դավիթի հիվանդությունն այնպիսին է, որ նա անընդհատ պիտի լինի հարազատ մարդու հսկողության ներքո, որպեսզի անհրաժեշտության դեպքում օգնություն ցուցաբերի: Եվ երբ Միքայելը տեսավ՝ եղբայրն իր կողքին չի, որովհետև Փաշինյանը և թիկնազորը ճեղքելով անջատել էին իրենց, անհանգստացավ… կադրերում էլ կա՝ եղբորն էր փնտրում: Նիկոլ Փաշինյանն իր կողքով անցել է, բայց Միքայելն անգամ ռեակցիա չի տվել, որովհետև իրեն նա չի հետաքրքրում, այլ եղբորն էր փնտրում հայացքով… Այնպես արեցին, որ ծնողները ստիպված լինեն երեխայի ամբողջ բժշկական պատմությունը հրապարակային դարձնել, որ կարողանան իրենց պաշտպանել:
  • Հետ գալիս ախրաննիկը, ով հանցագործություն է կատարել՝ խփելով Դավիթին, ու մի օր դրա համար նա պատասխան է տալու, հրահանգում է՝ կողք գնա: Ի՞նչ իրավունք ունի հրահանգել: Դավիթը, այո, չի կատարում հրահանգը, ասում է՝ ես այստեղ եմ կանգնելու: Դավիթը որևէ պարտականություն չուներ կողք գնալու: Նրան բրթբրթում են ու գալիս-անցնում: Դավիթի՝ ձեռքն առաջ բերելու գործողությունը պայմանավորված էր ախրաննիկի կողմից իրեն խանգարելով: Ախրաննիկի հարվածը չի եղել խափանողական հարված, որովհետև Նիկոլ Փաշինյանն արդեն դուրս էր բերված եկեղեցուց: Դա եղել է պատժիչ հարված, և հենց ախրաննիկը պետք է պատասխանատվության ենթարկվեր, ոչ թե Դավիթը: Ընդ որում, այս հանցակազմը չունի վաղեմության ժամկետ: Իրենց ղեկավարը հավերժ չէ, մի օր չի լինելու, և 1000 տարի էլ անցնի, պատասխանատվության ժամանակը գալու է:
  • Դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշել է, որ անգամ ծնողներն իրավունք չունեն հիվանդ զավակին տեսնել հիվանդանոցում, մորն արգելում են տեսակցել որդուն: Նման խիստ սահմանափակում, անգամ քաղաքական գործերով, ես չեմ հիշում, որ կիրառված լիներ, նույնիսկ մեծահասակների պարագայում: Ես չգիտեմ՝ ո՞ւմ նախաձեռնությունն է, բայց ստորագրողը Մնացական Մարտիրոսյանն է, հետևաբար՝ պատասխանատվությունը նրանն է:

  • Տղաները ոչինչ չեն արել, իրենց են եկել կպել, հետո բանտարկել Դավիթին, կալանավայր ու հիվանդանոց գցել: Տղաներն ընդամենը պատարագի էին գնացել:
  • Առողջապահության նախարարը՝ Անահիտ Ավանեսյանը, «լինելով լավ երեխաներ դաստիարակած մայր», խոսում է Դավիթի դաստիարակության մասին… Կամ էն կոկորդիլոսաբույծը, որ չարախնդում էր: Իրենց ասած իբր «վատ դաստիարակություն ստացած» մարդու համար արդեն որերորդ շաբաթն է՝ դասընկերներն ամեն օր կանգնած են, կանեի՞ն:
  • Իմ վերաբերմունքը ՄԻՊ Անահիտ Մանասյանի աշխատանքին հայտնի է: Ես հայտարարել եմ, որ նա Հայաստանի վատագույն ՄԻՊ-ն է: Քանի որ այսօր ապրիլի 7-ն է, և ես այսօր զեղչեր ունեմ իր համար, շատ բան չեմ ասելու: Բայց իր երեկվա անհասկանալի հայտարարության մեջ մի նախադասություն կար, ասում էր՝ գրություն եմ գրել ու միջնորդել, որ քննարկվի Դավիթ Մինասյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց կիրառելու հնարավորությունը: 
  • Մարդու իրավունքների պաշտպանը չինովնիկ չէ, բայց Անահիտ Մանասյանն իրեն պահում է չինովնիկի պես: ՄԻՊ գործիք էի նշել՝ գնար, ասեր՝ հրաժարական եմ տալիս: ՄԻՊ-ի ուժն իր հեղինակությունն է, եթե չկա հեղինակություն, աշխատանքն անիմաստ է: Ամեն դեպքում տպավորություն ունեմ, որ Անահիտ Մանասյանը հասկանում է խնդիրը: Այսքան բան:
  • Մենք մարդկայի՞ն, թե՞ անմարդկային հասարակություն ենք ուզում ունենալ: 2022թ. հուլիսի 15-ին դատարանի դահլիճում մահացած Արմեն Գրիգորյանն արդար մարդ էր, իսկ արդար արյան տակ մնալը ծանր բան է: Վստահ եմ՝ Մնացական Մարտիրոսյանը կերկարացներ կալանքը, բայց չհասցրեց դա անել: Հետևաբար՝ չեմ կարող մեղք վերցնել ու ասել, թե նա մեղավոր էր Արմենի մահվան մեջ: Արմեն Գրիգորյանին կալանավորել էր մեկ այլ դատավոր՝ Արուսյակ Ալեքսանյան անունով, ով հետո ճաղերի հետևում հայտնվեց (իհարկե, ոչ Արմենի գործով, այլ գործով, և հետո ազատ արձակվեց): Մի օր, երբ էլ լինի, երբ երկիրը ազատվի նիկոլական աղետից, ես հատուկ վերանայման բողոք եմ ներկայացնելու. Արմենը պետք է արդարացվի:
  • Այս տարիների նիկոլական քաղաքականության թիրախը մեր ինքնագնահատականն է՝ որ պիտի միշտ գառի նման վիզներս ծուռ ապրենք: Բայց «Սուրբ Աննա» եկեղեցում տեղի ունեցած այս դեպքին արձագանքն այլ էր, մարդիկ գրում են, հարցնում են, փողոցում մոտենում են… Տեղեկատվական դաշտի և բոլորիս անելիքը պետք է լինի՝ ուշադրության կենտրոնում պահել այս գործը, թույլ չտալ գեբելսյան քարոզչություն իրականացնել:

Մանրամասները՝ տեսանյութում:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Ապրիլ 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մարտ    
 12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930