Պոռնկությամբ զբաղվելու մեջ մեղադրվողը արդարացվել է

Այսօր Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի վճռով՝ արդարացվել է պոռնկությամբ զբաղվելու մեջ մեղադրվող Դավիթ Մաճկալյանը: Այս մասին 168.am-ի հետ զրույցում ասաց Մաճկալյանի պաշտպան Վահագն Մարտիրոսյանը: Նրա փոխանցմամբ՝ իր ու փաստաբանական դպրոցի ունկնդիր Գեորգի Մելիքյանի աշխատանքի արդյունքում հասել են արդարացման դատական ակտի:

Դավիթ Մաճկալյանին մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ նա 2009թ. հունիս ամսից մինչև 2012թ. հունվար ամիսն ընկած ժամանակահատվածում մի կնոջ յուրաքանչյուր օրվա համար 10000 ՀՀ դրամ վարձատվության դիմաց թույլատրել է նստել իրեն պատկանող «ՎԱԶ2107» մակնիշի 7047 համարանիշի ավտոմեքենան ու շրջել Երևաի Լենինգրադյան փողոցով, այնուհետև Բագրատունյաց պողոտայում գտնվող Երևան լճի տարածքում, որի ընթացքում կինը պարբերաբար զբաղվել է մարմնավաճառությամբ ու յուրաքանչյուր հաճախորդի սպասարկումից հետո ստացել է 1000 դրամ գումար:

Դ. Մաճկալյանին մեղադրանք էր առաջադրվել պոռնկությամբ զբաղվելուն նպաստելու համար (ՀՀ քրեական օրենսգրքի 262-րդ հոդվածի 1-ին մաս): Գործը քննել է Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը:

Տեսանյութեր

Լրահոս