Ռուսական բիզնեսը հետաքրքրված է ՀՀ-ի հանքային ռեսուրսներով

Ռուսաստանի Դաշնությունը Մաքսային միության շրջանակներում հետաքրքրություն է ցուցաբերում Հայաստանի հանքային ռեսուրսների նկատմամբ: Այս մասին այսօր Հայաստանի Ազգային ժողովում «Խորհրդարանական չափում և Եվրասիական ինտեգրման հասարակական աջակցություն» թեմայով Հայ-ռուսական բարեկամության խորհրդարանական ակումբի առաջին նիստի ժամանակ հայտարարեց Եվրասիական գործադիր խորհրդի ադմինիստրատիվ-ֆինանսական գծով տնօրեն Օլեգ Վելիկորեդչանինը:

«Ռուսական բիզնեսը հետաքրքրված է Հայաստանի հանքային ռեսուրսների զարգացմամբ, գունավոր մետաղների և մոլիբդենի հետ աշխատանքով: Համագործակցելով ռուսական ընկերությունների հետ նրանք կարող են մշակման ծավալը երկու անգամ մեծացնել»,- ասաց Օլեգ Վելիկորեդչանինը:

Նա նշեց, թե պետությունների քաղաքացիները պետք է հասկանան՝ ինչ են շահելու իշխանությունների այս կամ այն որոշումից, մասնավորապես՝ Մաքսային միությանը անդամակցելու որոշումից:

ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը նիստի ընթացքում հայտարարել էր, թե հստակ չէ՝ ի՞նչ է շահելու Հայաստանը ՄՄ-ին անդամակցելուց հետո: Այս առնչությամբ Օլեգ Վելիկորեդչանինը նշեց, թե պետք է կատարել մեծ աշխատանք՝ մարդկանց տեղեկացնելու համար:

«Հարգելի պատգամավորներից մեկը, ով ելույթ էր ունենում քիչ առաջ (նկատի ունի ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանին,-Տ.Մ.), ասաց, որ դեռ ամեն ինչ չէ հստակ, հստակ չէ՝ ի՞նչ է շահելու Հայաստանը Մաքսային միությանը անդամագրվելով: Ես կարծում եմ, որ այս առումով մենք պետք է անցկացնենք մեծ աշխատանք՝ պարզաբանելու, թե ինչ առավելություններ, ձեռքբերումներ կունենա Հայաստանը, երբ անդամակցի ՄՄ-ին, հասարակությանը պատմենք այն մասին, թե ի՞նչ է լինելու ՄՄ-ին ինտեգրվելուց հետո: Այստեղ երևի ոչ ոք կասկածի տակ չի դնում այն հանգամանքը, որ մայիսից հետո, երբ կսկսեն իրակացվել «ճանապարհային քարտեզով» նախատեսված որոշումները, Հայաստանը կանդամակցի Մաքսային միությանը»,- նշեց նա:

Տեսանյութեր

Լրահոս